ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի ուսումնական դահլիճում կայացավ համալսարանի հիմնադրման 105-ամյակին նվիրված ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովը՝ մասնագիտական 3 ենթաբաժիններով (քաղաքացիական իրավունք և դատավարություն, իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք, քրեական իրավունք և դատավարություն):
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը։ Նա փաստեց, որ 10 տարիների ընթացքում ուսանողների գիտական գործունեության համար ֆակուլտետում ձևավորվել է յուրօրինակ հարթակ՝ նպաստելով գիտության ոլորտում նրանց ակտիվ ներգրավվածությանը:
Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում համախմբվել էին ոչ միայն համալսարանի, այլև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի, Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները:
Գիտաժողովի ավարտին ընտրվեցին լավագույն զեկուցումները․ հաղթող ճանաչվեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Աննա Գրիգորյանը (զեկուցման թեմա՝ «Միանալու պայմանագրում միացող կողմի իրավունքների պաշտպանության որոշ խնդիրներ»), ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Միլենա Աղասյանը (զեկուցման թեմա՝ «Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության որոշ հիմնահարցեր») և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» կրթական ծրագրի մագիստրանտ Ֆենյա Աղաբեկյանը (զեկուցման թեմա՝ «Ազգային առանձնահատկությունների ազդեցությունը պետաիրավական արժեբանության ձևավորման վրա»)։
Գիտաժողովը վարում էին ի.գ.դ., պրոֆեսոր Արմեն Հայկյանցը, ի.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, ի.գ.թ., դոցենտ Վարդան Այվազյանը, ի.գ.դ., պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը և ի.գ.դ., պրոֆեսոր Աննա Մարգարյանը: