Հոկտեմբերի 18-20-ը Աղվերանում անցկացվեց Փախստականների իրավունքի 13-րդ աշնանային դպրոցը, որին մասնակցեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի ուսանողները:
Դպրոցի շրջանակում ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Աննա Կոպցիուխը, ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք այնուհետև ոլորտի վերաբերյալ դասախոսություններ կարդացին:
Դասախոսությամբ ներկայացավ նաև ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն, իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ Քնարիկ Վարդանյանը, որը Իրավագիտության ֆակուլտետում դասավանդում է նաև «Փախստականների իրավունքների միջազգային և ներպետական պաշտպանությունը» առարկան:
Դպրոցի շրջանակում մանրամասնորեն քննարկվեցին ապաստան հայցողի ու փախստականի հասկացությունների և իրավական կարգավիճակի ներառման դրույթները, կարգավիճակի բացառման և դադարեցման հիմքերը, ՀՀ-ում ապաստանի ընթացակարգի առանձնահատկությունները, ՄԱԿ ՓԳՀ-ի դերն ու գործունեությունը տեղահանված անձանց աջակցության գործում և այլ հիմնահարցեր:
Դպրոցը եզրափակվեց թեմատիկ դատախաղով, որին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները գերազանցությամբ ներկայացան որպես վարչական դատավարության հայցվոր և պատասխանող կողմեր:
Դպրոցի փակման հանդիսավոր արարողությանը մասնակից ուսանողներին հանձնվեցին վկայագրեր:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի փոխնախագահ Ալլա Հարությունյանն արձանագրեց, որ ամենամյա դպրոցի հիմնական նպատակը ապագա մասնագետների ոլորտային խորացված գիտելիքների ապահովումն է։ Նա հորդորեց նկատել մեզ շրջապատող մարդկանց իրավական խնդիրները և լինել մարդասեր՝ ի շահ Հայաստանի Հանրապետության բարօրության:
Նշենք, որ եռօրյա դպրոցին մասնակցում էին իրավաբանական կլինիկաների ներկայացուցիչներ Երևանի պետական համալսարանից, Գավառի պետական համալսարանից, Հյուսիսային համալսարանից և Գյումրու «Պրոգրես» համալսարանից, ինչը նպաստեց հանրապետական տարբեր բուհերի միջև գործընկերային կապերի և ընկերական շփումների ամրապնդմանը, որն էլ ամենամյա դպրոցի նպատակներից մեկն է: