Բուհ-դպրոց համագործակցության շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հյուրընկալվեցին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի հիմնական դպրոցի աշակերտները՝ ծանոթանալու ֆակուլտետի պատմությանը, կառուցվածքին, կրթական ծրագրերին և ընձեռվող հնարավորություններին։
Շրջայցը սկսվեց ԵՊՀ իրավաբանական կլինիկայից, որտեղ այցելուները ծանոթացան Իրավաբանական կլինիկայի գործունեության ուղղություններին, իրավախորհրդատվական ծառայությունների մատուցմանը, լսեցին որոշ մանրամասներ իրավաբանական կլինիկական կրթության վերաբերյալ:
Աշակերտները ստացան անհրաժեշտ տեղեկություններ ֆակուլտետի ստեղծման պատմության, գործունեության, առկա ծրագրերի, ինչպես նաև ընդունելության կարգի և պայմանների վերաբերյալ:
Շրջայցի ընթացքում աշակերտների համար տպավորիչ էր հատկապես ֆակուլտետի դատական նիստերի դահլիճը։ Նրանք ցանկություն հայտնեցին հաջորդ այցի ժամանակ դատական նիստերի դահլիճում լինելու որպես իմիտացիոն դատավարական գործընթացի մասնակիցներ:
Այցելության ավարտին Իրավաբանական կլինիկայի «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում աշակերտները հնարավորություն ունեցան ունկնդրելու նաև «Իրավունք և օրենք» վերտառությամբ դասախոսություն, որից հետո ձեռք բերվեց համաձայնություն շարունակական համագործակցության վերաբերյալ:
Նմանօրինակ այցերն ունեն կարևոր նշանակություն, քանի որ դրանք նպաստում են երիտասարդ սերնդի կրթական և մասնագիտական հետաքրքրությունների ձևավորմանը, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանը: