ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմը մասնակցեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կազմակերպած ապահովագրական իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթին։
Ընթացիկ ուստարվա ապրիլի 12-13-ն անցկացվող մրցույթին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմերը։

Մրցույթն անցկացվում էր բանավոր և գրավոր փուլերով։ Գրավոր փուլի ընթացքում թիմերը ներկայացրել են իրենց պահանջ-դիմումներն ու պատասխանները, իսկ բանավոր փուլում մրցել են միմյանց դեմ՝ ներկայացնելով հաճախորդի և ապահովագրական ընկերության շահերը։
Բանավոր փուլում ուսանողներին գնահատել են ոլորտի հեղինակավոր և փորձառու իրավաբաններ, համալսարանական դասխոսներ և հաշտարարի գրասենյակի մասնագետներ։
Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմում ընդգրկված էին երրորդ կուրսի ուսանողներ Աննա Գրիգորյանը, Ռոբերտ Սարգսյանը, Արթուր Առաքելյանը և Էլեն Չախոյանը։ Թիմի մարզիչն էր ի.գ.թ., ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ Աշխեն Սողոմոնյանը։
Եզրափակիչ փուլի արդյունքներով հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը։
Այս մրցույթը ուսանողների հերթական հնարավորությունն էր՝ ձեռք բերելու ապահովագրական իրավունքի վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ։