ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը, հավատարիմ մնալով տեսությանն ու օրենսդրությանը զուգահեռ՝ ուսանողների համար ոլորտի պրակտիկան ուսումնասիրելուն և ոլորտի լավագույն մասնագետների հետ հաղորդակցման հնարավորություններ ստեղծելուն, ս․թ․ մարտի ընթացքում հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով: Մասնավորապես իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» ծրագրի ուսանողների հետ համատեղ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում, որին հրավիրված էր նաև «ՀՀ ՇՄՆ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի երկարամյա աշխատակից Հ. Մկրտչյանը: Ուսանողները հնարավորություն են ունեցել լսելու շրջակա միջավայրի վրա ազդեցության՝ որպես բնապահպանական կարևորագույն թեմայի մասին դասախոսություն, առավել խորքային պատկերացնելու գործընթացի բացերն ու թերությունները, պրակտիկայում փորձագետների համար ծագող դժվարությունները:
Ս․թ․ մարտի 21-ին նույն խմբի ուսանողները Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Օ. Գեղամյանի հետ այցելել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն:
Նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Մ. Բաբայանը ջերմագին ողջունելով կենտրոնի նախաձեռնությունը, ուսանողներին ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել ուսանողների՝ հատկապես որպես ապագա լավ իրավաբանների մասնագիտական պահանջն ու կարևորությունը: Ուսանողների համար թափոնների կառավարման, էլեկտրամոբիլների ներմուծման ու շահագործման բնապահպանական օգուտների մասին հագեցած քննարկում է կազմակերպել ՀՀ ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության աշխատակից Ա. Ղավալյանը: Ուսանողները մեծ հետաքրքրությամբ մասնակցել են նաև ՀՀ ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության աշխատակից Հ. Մաթևոսյանի հետ հանդիպում-քննարկմանը: Մասնագետները պատրաստակամությամբ պատասխանել են ուսանողների հնչեցրած հարցերին:
Մարտի 28-ին Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը հյուրընկալել էր ՀՀ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ. Գալոյանին: Վ․ Գալոյանի հագեցած ու շատ ինֆորմատիվ քննարկումը մեծ ոգևորությամբ ներգրավել է նաև բոլոր ուսանողներին: Խորքային մանրամասնություններով ներկայացվել են բնապահպանական վերահսկողության կազմակերպման և անցկացման պրակտիկայի առանձնահատկությունները, բարելավումներն ու թերությունները:
Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օ. Գեղամյանը, բարձր գնահատելով տեսության և պրակտիկայի զուգորդումը, ուսանողների համար դրա անփոխարինելիությունը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի աջակցությամբ ձեռք է բերել համաձայնություն ս․թ․ ապրիլին և մայիսին հյուրընկալելու «ՀՀ օզոնային շերտի պահպանության ծրագրի» համակարգողին, ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետին, ուսանողների հետ այցելել նաև Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի լաբորատորիա: