Տնտեսագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1895 թ. մայիսի 26-ին Թիֆլիսում, ականավոր նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի ընտանիքում: 1913 թ. ավարտել է տեղի 3-րդ արական գիմնազիան, 1917 թ.՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը և զորակոչվել բանակ: 1918–1919 թթ. աշխատել է Թիֆլիսի դատական մարմիններում:
1921 թ. Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո նշանակվել է կարևորագույն գործերի քննիչ, այնուհետև՝ Վրաստանի ԽՍՀ գերագույն հեղափոխական տրիբունալի հետաքննչական բաժնի պետ: 1926–1928 թթ. աշխատել է Անդրֆեդերացիայի ֆինանսական մարմիններում:
1927–1930 թթ. աշխատել է Անդրկովկասի 26 կոմիսարների անվան կոմունիստական համալսարանում որպես քաղաքատնտեսության դասախոս և ուսումնական մասի պրոռեկտորի օգնական: 1930–1933 թթ. սովորել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի տնտեսագիտության ինստիտուտում, որն ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս և մինչև 1936 թ. աշխատել Անդրկովկասի երկրամասային կոմիտեում, ժողովրդական կոմիսարների խորհրդում: 1936 թ. տեղափոխվել է Հայաստան և աշխատել ՀԿ(բ)Կ ԿԿ-ում, ՀԽՍՀ արդարադատության ժողովրդական կոմիսարիատում:
1936–1971 թթ. եղել է ԵՊՀ քաղաքատնտեսության դասախոս և քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ: Այդ ընթացքում դասավանդել է նաև Երևանի մի քանի այլ ուսումնական հաստատություններում:
1937 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1944–1947 թթ. եղել է նաև արտասահմանի հետ ԽՍՀՄ մշակութային կապերի ընկերության Հայաստանի վարչության պետի տեղակալ, 1947–1949 թթ.՝ ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1956–1957 թթ.՝ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 20 ատենախոսություն:
Հեղինակ է տնտեսագիտության, գրականության, արվեստի և մշակույթի հարցերին նվիրված գիտական և գիտահանրամատչելի գրքերի, գրքույկների ու հոդվածների, ինչպես նաև Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի գիտական կենսագրությունների (Եր., 1968, Եր., 1970), համահեղինակ՝ «Մինչմոնոպոլիստական կապիտալիզմ» (Եր., 1971) քաղաքատնտեսության ուսումնական ձեռնարկի:
1958 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է Լենինի (2) շքանշանով:
Վախճանվել է 1971 թ. մարտի 2-ին Երևանում:
Երևանի Աբովյան փողոցի թիվ 39 շենքի պատին ամրացված է հուշատախտակ: