- Գլխավոր
- Նորություններ
- ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՆԵՐԸ
Փետրվար 21, 2022 | 14:40
Գիտություն
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) «Գիտական Արցախ» պարբերականի 2021 թ. հոբելյանական 3-րդ (10-րդ) և 4-րդ (11-րդ) համարների շնորհանդես-քննարկումը:
ԵՊՀ-ի հիմնադրած «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների ու դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում:
Նոր համարների քննարկումը, ի նշանավորումն Արցախյան շարժման 34-րդ տարեդարձի և Արցախի Հանրապետության Սահմանադրության ընդունման 5-ամյակի, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ կազմակերպվել էր ԵՊՀ-ում, որին մասնակցել են խմբագրական խորհրդի անդամները և հոդվածագիրները:
«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ ու «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանը շնորհանդես-քննարկման ժամանակ նշել է, որ հոբելյանական համարները նվիրված են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակներին:
«Գիտական Արցախ» պարբերականի 2021 թ. 3-րդ (10-րդ) համարում տեղ է գտել 23 հեղինակի 22 հոդված, իսկ 2021 թ. 4-րդ (11-րդ) համարում՝ 25 հեղինակի 22 հոդված: Հոդվածագիրները ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Լիբանանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:
Ա. Հարությունյանի խոսքով, հոբելյանական համարներում հիմնականում ամփոփվել են 2021 թ. սեպտեմբերին տեղի ունեցած «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային 5-րդ գիտաժողովի նյութերի մի մասը: