- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴՊՐՈՑԸ
Նոյեմբեր 09, 2021 | 13:53
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴՊՐՈՑԸ
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել է «Փախստականների իրավունք» խորագրով 10-րդ հոբելյանական եռօրյա դպրոցը, որին մասնակցել են նաև ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողները:
Արդեն 10-րդ տարին կազմակերպվող «Փախստականների իրավունք» դպրոցի նպատակն է խթանել փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում կլինիկական կրթության զարգացումն ու հանրապետության տարբեր բուհերի իրավաբանական կլինիկաների միջև սերտ համագործակցությունը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանն ասաց, որ դպրոցի շնորհիվ ապագա իրավաբանները գիտելիքներ և փորձ են ստանում ՄԱԿ ՓԳՀ-ում, ՀՀ միգրացիոն ծառայությունում, դատական համակարգում, փաստաբանական և ակադեմիական ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների կողմից։
Եռօրյա դպրոցին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերում գործող իրավաբանական կլինիկաների մոտ երեսուն ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵՊՀ, Երևանի «Գլաձոր», Գավառի պետական և Գյումրու «Պրոգրես» համալսարանների իրավաբանական կլինիկաների ուսանողներ։
«Եռօրյա դասընթացի ժամանակ ուսանողների ուշադրությանն են ներկայացվել փախստականների պաշտպանության ոլորտի տարաբնույթ թեմաներ, ներառյալ՝ փախստականների միջազգային իրավական պաշտպանության ձևավորման պատմությունը, փախստականի կարգավիճակի ներառման, բացառման և դադարեցման հիմքերը, փախստականների միջազգային պաշտպանության հիմնարար սկզբունքները, ապաստան հայցողների և փախստականների հիմնական իրավունքներն ու պարտականությունները և այլն։ Ուսանողները ծանոթացել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության կողմից իրականացվող ապաստանի որոշման ընթացակարգերին»,- նշեց Քնարիկ Վարդանյանը։
Նրա տեղեկացմամբ, ուսանողներին տրամադրվող տեսական նյութը համալրված էր մի շարք գործնական վարժություններով, հարցուպատասխանով և քննարկումներով։
Դպրոցի ավարտին ուսանողների համար կազմակերպվել է արդեն ավանդույթ դարձած շրջայց դեպի Տավուշի մարզի Գոշ գյուղ, որտեղ գտնվում է հայ գիտնական, մանկավարժ, առակագիր, օրենսգիր, «Գիրք Դատաստանի» երկի հեղինակ, վարդապետ Մխիթար Գոշի կողմից 12-րդ դարում հիմնադրված՝ մշակույթի, կրոնի և կրթության նշանավոր կենտրոն Գոշավանքը:
Քնար Միսակյան