- Գլխավոր
- Նորություններ
- Այց Մ․ Մաշտոցի անվան Մատենադարան
Նոյեմբեր 21, 2018 | 13:20
Կրթություն
Գիտություն
Մշակույթ
Այց Մ․ Մաշտոցի անվան Մատենադարան
Նոյեմբերի 8-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաճանաչողական այց Մ․ Մաշտոցի անվան Մատենադարան
Մատենադարանում ուսանողները ծանոթացան հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկի հիմնադրման ու գործունեության պատմությանը։ Ներկայացվեց, որ նշանավոր այս գիտա-հետազոտական կենտրոնն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթղթեր։
Շրջայցի ընթացքում ուսանողներին ներկայացրեցին ոչ միայն հայկական, այլև աշխարհում եզակի համարվող այնպիսի բնագրեր, ինչպես՝ Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն», Զենոն Կիտիոնացու «Բնության մասին» աշխատությունները։
Հետաքրքիր զրույց ծավալվեց միջնադարյան Հայաստանի մշակույթի և գիտության բոլոր բնագավառների՝ պատմության, աշխարհագրության, փիլիսոփայության, ուղղագրության, իրավունքի, մաթեմատիկայի, գրականության և մանրանկարչության վերաբերյալ։ Ուսանողները ծանոթացան այս նշանավոր հաստատության գործունեության, ֆոնդերի համալրվելու ձևերը:
Շրջայցից հետո ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ նաև վերջերս բացված նոր ցուցադրությանը՝ բացված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի օրերին։ Ցուցադրությունը նվիրված էր հայ-ֆրանսիական դարավոր բարեկաությանը և հայ-ֆրանսիական հարաբերություններին։
Հեղինակներ՝ Ավետիսյան Լիաննա, Արգամ Համբարձումյան