- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՅՈՒԶԱՆ ՖԼՈԿԵՐԻ ՀԵՏ
Նոյեմբեր 29, 2019 | 11:48
Քաղաքականություն
ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՅՈՒԶԱՆ ՖԼՈԿԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Հայաստանում տարածաշրջանային այցով գտնվող Բարձրագույն կրթության արհմիությունների եվրոպական կոմիտեի տնօրեն Սյուզան Ֆլոկերի հետ:
Բարձրագույն կրթության արհմիությունների եվրոպական կոմիտեն (European Trade Union Committee for Education (ETUCE)) ստեղծվել է 1977 թվականին և հանդես է գալիս որպես ուսուցիչների (դասախոսների) համաեվրոպական սոցիալական գործընկեր: 2010 թ. կոմիտեն միացել է «Education International» համաշխարհային կազմակերպությանը՝ որպես նրա եվրոպական տարածաշրջանային միավոր: Ներկայումս կոմիտեն միավորում է Եվրոպայի 51 երկրի մոտ 11 միլիոն անդամ ունեցող 132 կառույցի:
Հանդիպման ընթացքում Ա. Ավետիսյանն անդրադարձել է ՀՀ բուհական համակարգի առանձնահատկություններին, իրականացվող բարեփոխումների տրամաբանությանն ու արհեստակցական կազմակերպությունների հիմնական խնդիրներին:
Հանգամանալից ներկայացվել է Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության գործունեությունն աշխատողների իրավունքների և սոցիալական շահերի պաշտպանության ոլորտում: Ա. Ավետիսյանը նշել է, որ Հայաստանի բուհական համակարգում առաջին կոլեկտիվ պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականին ԵՊՀ-ում, և ձևավորված դրական փորձը տարածվել է գրեթե բոլոր այլ համալսարաններում, ինչպես նաև այլ կազմակերպություններում:
Սյուզան Ֆլոկերը շնորհավորել է գործընկերոջը ԵՊՀ-ի 100-ամյակի կապակցությամբ և գոհունակությամբ արձանագրել, որ մի շարք ուղղություններով առկա են էական ձեռքբերումներ, շեշտադրվել է սոցիալական գործընկերության առանձնահատուկ կարևորությունը: Կողմերը կարևորել են Հայաստանի բուհական արհեստակցական կազմակերպությունների միջազգային համագործակցությունը, շեշտադրվել են երիտասարդների շրջանում արհմիությունների հեղինակության բարձրացմանն ուղղված քայլերը: Քննարկվել են համատեղ տարբեր նախաձեռնությունների և ծրագրերի, այդ թվում՝ վերապատրաստումերի իրականացման հնարավորությունները, իսկ Բարձրագույն կրթության արհմիությունների եվրոպական կոմիտեի տնօրեն Սյուզան Ֆլոկերը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու արդյունավետ համագործակցության ծավալմանը:
Նշենք, որ Բարձրագույն կրթության արհմիությունների եվրոպական կոմիտեին անդամակցում են Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միությունն ու Կրթության և գիտության աշխատողների ճյուղային միությունը: «Education International» կազմակերպության եվրոպական կոմիտեի պատվիրակությունը վերջին անգամ Հայաստան էր այցելել 2015 թվականին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովին ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով:
Պատրաստեց Անգին Խաչատրյանը