- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» ՊՈԵՄԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբեր 15, 2021 | 17:32
Գիտություն
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» ՊՈԵՄԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի վերալրացված «Հայոց Դանթեականը» գրքի շնորհանդես-քննարկումը։
Գրքի բնագրերի բաղդատությամբ համալրված հրատարակության առաջաբանը գրել, տպագրության պատրաստել, խմբագրել և ծանոթագրել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր, Մշակույթի կենտրոնի երիտասարդ ստեղծագործողների խմբի ղեկավար Սամվել Մուրադյանը։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, պրոֆեսորի կինը, գրականագետներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Շնորհանդեսի բացման արարողությունը մեկնարկեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան, գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան) ելույթով:
«Այս գիրքը մասին միշտ հակասական տեսակետներ են հնչել: Խորհրդային տարիներին Շիրազի ստեղծագործությունը միանգամայն այլ ձև էր մատուցվում, իսկ այսօր մենք հնարավորություն ունենք ուրիշ տեսանկյունից ընկալելու նրա ասելիքը: Ուստի շնորհակալ ենք Սամվել Մուրադյանին, որ կարողացել է ամբողջացնել գիրքը»,-ասաց Կարինե Դավթյանը և նշեց, որ ԵՊՀ մշակույթի կենտրոնում պարբերաբար իրականացվում և շարունակվելու են կազմակերպվել նմանաբնույթ միջոցառումներ ու քննարկումներ:
Այնուհետև Սամվել Մուրադյանը ներկայացրեց գրքի խորհուրդը, սկզբնաղբյուրները, մշակման աշխատանքները, կենսագրական տվյալներ, պատմեց Հովհաննես Շիրազի վերաբերյալ իր հիշողությունները:
«Մեծ պատասխանատվություն եմ զգում այստեղ բոլորիդ առջև ներկայացնելու մի հանճարեղ ստեղծագործություն, որը պատկանում է Հովհաննես Շիրազի գրչին: Շիրազը համալսարանական էր: Դեռ ուսանող տարիներին արժանացել է «Պատվո նշան» միութենական շքանշանին, որից հետո հերթով տպագրել է իր գրքերը: Վաղուց մտածում էի, թե ինչպես ամբողջացնել ու տպագրել «Հայոց Դանթեականը» պոեմը: Ժամանակի ընթացքում ԵՊՀ հրատարակչության միջոցներով տպագրեցի Շիրազի ստեղծագործությունները: Այս տարի էլ Շիրազի տուն-թանգարանի ղեկավարության առաջարկով, իմ սեփական մղումներով ու 44-օրյա պատերազմի հետևանքները տեսնելով՝ որոշեցի վերամշակել ու վերահրատարակել գիրքը:
Գիրքը, իրոք, Հայաստանի ու հայերի նկատմամբ գործադրված մեծ ոճիրների հետաքրքիր անդրադարձն ու պատկերումն է, որոնք մեր օրերում խիստ արդիական են, քանի որ գրքի մեջ արծարծված խնդիրներն ու հորդորներն այսօր էլ առաջնային են: Ստեղծագործությունը վերականգնել եմ նախ իմ հիշողությամբ, ինչպես նաև տարբեր մարդկանց կողմից տրամադրված ձեռագիր բնագրերի՝ սկզբնաղբյուրների միջոցով»,- նշեց գրականագետը:
Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում փաստեց, որ նմանաբնույթ միջոցառումներ պետք է հաճախ կազմակերպել, քանի որ դրանք օգնում են ուսանողներին և ցանկացած մարդու մոտ լինել գրքին՝ այսինքն սեփական արմատներին. «Այս քննարկումն իրապես շատ օգտակար էր բոլորի համար: Այսօրինակ հանդիպումներ պետք է անցկացնել ոչ միայն գրականագետների ու բանասերների հետ, այլև բոլորի, քանի որ սմարթֆոնների դարաշրջանում բոլորը հոգևոր սնունդի ու արժեքների կարիք ունեն: Շնորհակալ ենք պարոն Մուրադյանին, որ հսկայածավալ աշխատանք է իրականացրել: Վեց ձեռագրեր համեմատելն ու գիրքը կազմելն իսկապես դժվարին գործ է, սակայն ամենակարևորը ձեր հիշողություններն են»:
Արծրուն Ավագյանն էլ նշեց, որ Սամվել Մուրադյանի՝ մեղվի պես զօրուգիշեր աշխատելու ունակությունը բոլորին է հայտնի. «Սամվել Մուրադյանը նույն սիրով ու եռանդով հաճախում է դպրոցներ, մշակույթի կենտրոններ, զորամասեր, կրթօջախներ ու եկող սերունդներին կարդալու և ինքնակրթվելու ազդակներ հաղորդում»:
Միջոցառման ավարտին ուսանողները նաև հարցեր հղեցին բանախոսին: