- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԿՈՒ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ. ԵՊՀ-ՈՒՄ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԴԱՐՁԵԼ
Նոյեմբեր 07, 2018 | 12:15
Կրթություն
ԵՐԿՈՒ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ. ԵՊՀ-ՈՒՄ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԴԱՐՁԵԼ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը երկու դասագիրք է հրատարակել։
Այս տարվա սեպտեմբերից ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետն առաջարկում է ռուսերեն սովորելու ավելի արդյունավետ տարբերակներ։ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Սուսաննա Լալայանը և ֆակուլտետի դասախոսներ Մարինա Այվազյանը, Ալլա Բաղդասարյանը, Մարգարիտա Դպիրյանը, Սոնա Մկրտիչյան-Լալայանը համատեղ հրատարակել են «Русский язык» դասագիրքը (գրքի էլ․ տարբերակը այստեղ)։
Ysu.am-ի հետ հարցազրույցում գրքի պատասխանատու խմբագիր Ս. Լալայանն ասաց. «Երկար տարիներ մենք աշխատում էինք մի դասագրքով, որը գրված էր հատուկ լեզվական ֆակուլտետներում սովորող ուսանողների համար։ Սակայն պարզ դարձավ, որ այդ գիրքը մեր ուսանողների համար բարդ է, քանի որ տարբեր է նրանց՝ լեզվի տիրապետման մակարդակը»։
Տիկին Լալայանը պարզաբանեց, որ նոր դասագիրքը լուծել է ռուսերենի ուսուցման հիմնական խնդիրը, քանի որ ուսանողները ռուսերենին տիրապետում են տարբեր մակարդակով: Բացի դրանից՝ գիրքը միտված է զարգացնելու նաև խոսակցական ռուսերենը:
«Այս դասագրքում նյութերն այնպես են հավաքված, որ դասախոսը, իմանալով տվյալ լսարանի ռուսերենի իմացության չափը, կարող է տվյալ խմբի ուսանողների կամ նույնիսկ մեկ ուսանողի համար ընտրել թեմայի մատուցման համապատասխան մակարդակը»,- նշեց Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչը։
«Русский язык» դասագիրքը, մինչ գործածումը, քննարկվել է ամբիոնում, մեթոդական խորհրդում, ֆակուլտետի Գիտական խորհրդում, ինչպես նաև փորձնական կիրառվել է ուսանողների շրջանում: Այժմ այն համալսարանի հումանիտար ֆակուլտետների ռուսերենի ուսուցման համար հիմնական դասագիրքն է։
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի կողմից հրատարակած երկրորդ գիրքը՝ «Пособие по русскому языку. Книга для чтения» (գրքի էլ․ տարբերակը այստեղ), լույս է տեսել վերոնշյալ գրքի հետ գրեթե նույն ժամանակահատվածում։ Գրքի հեղինակներն են Ռուսաց լեզվի ամբիոնի (հումանիտար ֆակուլտետների համար) դասախոսներ Լուսինե Հարությունյանը, Թամարա Առուշանովան և Արմինե Գասպարյանը։
«Пособие по русскому языку. Книга для чтения» ձեռնարկը գեղարվեստական տեքստերի հավաքածու է, որոնք ուսանողներին ծանոթացնում են ռուս գրականությանը: Գրքում գեղարվեստական տեքստերին զուգահեռ ներառված են ինչպես ամենահեշտ հարցեր, այնպես էլ բարդ առաջադրանքներ։
Մարինե Առաքելյան