- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մայիս 05, 2023 | 22:39
Գիտություն
Կրթություն
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ հաղթող ճանաչված վեց ուսանողներ պարգևատրվել են ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայի եռօրյա ուղեգրերով, ինչպես նաև համապատասխանաբար առաջին, երկրորդ երրորդ տեղերի պատվոգրերով: Եվս ինը ուսանողներ ստացել են գովասանագրեր:
Օլիմպիադայի առաջին՝ բանավոր փուլին մասնակցել են ԵՊՀ տարբեր ֆակուլտետների 215 ուսանողներ: Այս փուլում ստուգվել են ռուսաց լեզվով հաղորդակցվելու և բանավիճելու հմտությունները: Հաջորդ փուլ անցած 148 մասնակիցները լրացրել են ռուսաց լեզվին և գրականությանը, Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին վերաբերող թեստ:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Ն. Մարտիրյանի խոսքով՝ հաղթողների շարքում գերազանցապես բնագիտամաթեմատիկական ոլորտի ուսանողներ էին: Ըստ նրա՝ այդ արդյունքները հիմք են դառնում՝ ընդլայնելու օլիմպիադայի մասշտաբները և ներգրավելու այլ համալսարանների ուսանողների:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի առաջին կուրսի ուսանող, օլիմպիադայի առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրած Էրիկ Վահանյանը մեզ հետ զրույցում նշեց. «Բազմիցս մասնակցել եմ օլիմպիադաների, սակայն ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի կազմակերպածն իր ձևաչափով հետաքրքիր ու տարբերվող էր: Մրցույթի շնորհիվ հնարավորություն ունեցա ոչ միայն գիտելիքներս չափելու, այլև ձեռք բերելու նոր հմտություններ, որոնք էլ կնպաստեն հետագայում ավելի մեծամասշտաբ օլիմպիադաներում հաղթանակներ գրանցելուն»:
Նշենք, որ մրցակցությունը համահավասար պայմաններում անցկացնելու նպատակով ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները չեն մասնակցել օլիմպիադային: