- Գլխավոր
- Նորություններ
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ «ՉՂՋԻԿՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎՄՏԱԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑԻ» ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Դեկտեմբեր 11, 2019 | 16:26
Հասարակություն
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ «ՉՂՋԻԿՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎՄՏԱԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑԻ» ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի աշխատակիցները մասնակցում են Հորդանանի մայրաքաղաք Ամմանում դեկտեմբերի 8-12-ը տեղի ունեցող «Չղջիկների հետազոտության արևմտաասիական ցանց»-ի (Western Asia Bat Research Network (WAB-Net)) 2-րդ տարեկան հանդիպմանը:
«Չղջիկների հետազոտության արևմտաասիական ցանցը» բազմամասնագիտական հետազոտական ցանց է, որը ներառում է չղջիկների մասնագետներ, հիվանդությունների էկոլոգներ և առողջապահական համակարգի ներկայացուցիչներ Արևմտյան Ասիայից:
Ցանցի առաքելությունն է խթանել անդրսահմանային գիտական համագործակցությունը և տվյալների փոխանակումը տարածաշրջանում՝ բնության մեջ վարակիչ վիրուսների առաջացման մասին գիտելիքների զարգացման համար: «WAB-Net»-ի նպատակն է ընդլայնել Արևմտյան Ասիայում հանդիպող չղջիկների տարածվածության և բազմազանության մասին գիտելիքները, ինչպես նաև տրամադրել կարևոր տեղեկություններ չղջիկների պոպուլյացիաներում հանդիպող վիրուսների բազմազանության մասին։
Հանդիպման առաջին օրը Թագավորական գիտական ընկերության կենսաանվտանգության, կենսաապահովության և կենսատեխնոլոգիայի գերազանցության կենտրոնում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանը, Գեորգի Պապովը և Տիգրան Հայրապետյանը ներկայացրել են Հայաստանում իրականացված աշխատանքները:
Նրանց փոխանցմամբ, մանրամասնորեն պարզաբանվել են չղջիկներում կորոնավիրուսի հետազոտությունների շրջանակում կատարված դաշտային աշխատանքների արդյունքները, ինչպես նաև հետագա ծրագրերը:
Հորդանանում հայ մասնագետները ներկայացրել են նաև իրենց կողմից իրականացված հետազոտությունները չղջիկների էկոլոգիայի տարածվածության առանձնահատկությունների, գենետիկական բազմազանության վերաբերյալ: Բացի դրանից՝ ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցությունների և համատեղ ծրագրերի համար:
Պատրաստեց Քնար Միսակյանը