- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն ամրապնդում է գործակցային կապերը ATF ծրագրի խորհրդի անդամների հետ
Հունիս 22, 2023 | 16:34
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
ԵՊՀ-ն ամրապնդում է գործակցային կապերը ATF ծրագրի խորհրդի անդամների հետ
ԵՊՀ-ն, լինելով «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» (ATF) ծրագրի խորհրդի անդամ, հյուրընկալեց ծրագրի ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների և անհատ ձեռներեցների, որոնք ծանոթացան ԵՊՀ-ում ATF-ի հիմնական ուղղություններով իրագործվող ծրագրերին ու լաբորատորիաներին և քննարկեցին համագործակցության հեռանկարները:
«Հայաստանի տեխնոլոգիական ապագան» նախաձեռնության հիմնական ուղղություններն են՝ արհեստական բանականություն, առաջնորդություն և կառավարում, տեղական կլաստերների կարողությունների զարգացում, STEM կրթության խթանում և նորարարություն:
Ծրագիրը, որը կոորդինացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, նպատակ ունի համատեղելու Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի լաբորատոր, մարդկային և ֆինանսական ռեսուրսներն ու ջանքերը և գործակցային կապերի շնորհիվ Հայաստանը տանել տեխնոլոգիական զարգացման:
Առաջիկայում այս 5 համալսարանների համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն գաղափարներ, որոնք առնչվում են համալսարններին կից գործող դպրոցների համագործակցության ընդլայնմանը և դրանցում ՍԹԵՄ կրթության բարելավմանն ուղղված նոր մեթոդաբանության կիրառմանը, ոչ պարտադիր դասընթացների համատեղ կազմակերպմանը և այլն:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով ԵՊՀ-ի՝ «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» ծրագրին անդամակցությանը, ընդգծեց. «Քաջ գիտակցելով, որ Հայաստանի տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար պետք է միավորել ջանքերը, ռեսուրսներն ու ներուժը՝ մենք դարձանք «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» նախաձեռնության խորհրդի անդամ։ Սա կարևոր հարթակ է գիտակրթական ծրագրերի, համագործակցության, կարողությունների զարգացման ու գերակա նպատակների իրագործման, ինչպես նաև երկխոսության զարգացման համար, որի վկայությունն այս միջոցառումն է»։
Հանդիպման ընթացքում ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ներկայացրեց ԵՊՀ զարգացման տեխնոլոգիական և արհեստական բանականության ուղղությունները: Խոսելով ոլորտի զարգացմանը նպաստող համալսարանական լաբորատորիաների մասին՝ Ռաֆայել Բարխուդարյանը շեշտեց «Krisp» ընկերության հետ համատեղ հիմնած «YSU-Krisp AI Lab»-ի առկայությունը, որտեղ իրագործվում են գիտական և արտադրական ծրագրեր, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ձեռք բերված ֆինանսավորմամբ ձևավորվել են նոր գիտական խմբեր։ Բացի դրանից՝ ԵՊՀ-ում ներդրվել են ոլորտին առնչվող կրթական ծրագրեր, ինչպես՝ «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» բակալավրիատական, «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրերը, «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը: Բուհը համագործակցում է նաև ոլորտի առաջատար կազմակերպությունների ու ընկերությունների հետ ոլորտի առաջխաղացման նպատակով:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն անդրադարձավ ԵՊՀ առաջնորդության և կարողությունների զարգացման նախագծերին՝ առանձնացնելով 5 ուղղություններ, որոնք նպաստում են ինչպես համալսարանի աշխատակիցների և ուսանողների առաջնորդական կարողությունների կատարելագործմանը, այնպես էլ մասնագիտական և այլ հմտությունների ընդլայնմանը, որոնք էլ իրենց նպաստն են բերում համալսարանի ընդհանուր զարգացմանը:
1-ին՝ կրթական գործընթացի կազմակերպում, որտեղ առաջնային է քննադատական մտածողության ուժեղացումը, 2-րդ՝ գիտահետազոտական գործընթացի կազմակերպում՝ ներառելով ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը և արտալսարանային աշխատանքի խթանումը, միջգիտակարգային մագիստրոսական թեզերի ներդրումը, 3-րդ՝ վերապատրաստումներ, որոնց շրջանակում իրագործվում են դասախոսների, ուսումնաօժանդակ անձնակազմի վերապատրաստման և ատեստավորման ծրագրեր, որոնք հաղթահարած մասնակիցներն արժանանում են խրախուսանքի: 4-րդ՝ ինտենսիվ մասնակցային պլանավորում, 5-րդ՝ ռազմավարական պլանավորում, որոնք միտված են համալսարանի միջավայրի բարելավմանը և զարգացմանը:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանը խոսեց համալսարանի նորարարական հետազոտական նախագծերի մասին՝ ընդգծելով Ֆարմացիայի ինստիտուտի մոդելը, որը ներկայացնում է գիտություն-կրթություն-արտադրություն կապը:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը ներկայացրեց ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի կառուցվածքը, գործունեությունը, նպատակներն ու հեռանկարները: Նա ընդգծեց, որ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը բաղկացած է լինելու հումանիտար և բնագիտական ուղղվածությամբ ենթաճյուղերից: Առաջինը բացվել է բնագիտական ուղղվածությամբ դպրոցը, քանի որ հասարակության զարգացումը նախ և առաջ կախված է բնագիտական առարկաների իմացությունից:
Նշենք, որ ՍԹԵՄ դպրոցի ընդունելության համար մրցակցությունը բավականին մեծ էր. մեկ տեղի համար պայքարում էր 3 դիմորդ, որով պայմանավորված էլ որոշում է կայացվել՝ ավելացնելու տեղերի քանակը: Ըստ այդմ՝ 11-րդ դասարան է ընդունվել 12 աշակերտ, 10-րդ դասարան՝ 45 աշակերտ:
Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ Ա. Գալստյանը նշեց, որ ապագայում նպատակ ունեն սկսելու դիպլոմների փոխճանաչման գործընթացներ, ինչի շնորհիվ դպրոցը կունենա միջազգային ճանաչում:
Հատկանշական է, որ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը ներկայացված է եղել նաև «ԴիջիԹեք-2022» ցուցահանդեսի ժամանակ «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» ծրագրի առանձին տաղավարում:
Ներկաները նաև այցելել են «YSU-Krisp AI Lab» գիտակրթական հետազոտական կենտրոն, Հաշվարկային նյութագիտության լաբորատորիա, Ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիա՝ ԵՊՀ տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
«Հայաստանի տեխնոլոգիական ապագան» ծրագրի անդամ համալսարանների ներկայացուցիչները վստահեցրին, որ նման հանդիպումներն ու քննարկումները կլինեն շարունակական: