- Գլխավոր
- Նորություններ
- Արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ ԵՊՀ առաջնահերթություններում. կայացավ «AI Conf Armenia 2023»-ը
Հունիս 23, 2023 | 16:03
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
Արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ ԵՊՀ առաջնահերթություններում. կայացավ «AI Conf Armenia 2023»-ը
ԵՊՀ-ում արդեն երկրորդ անգամ անցկացվեց «AI Conf Armenia» ամենամյա կոնֆերանսը, որն այս տարի «AI հեղափոխությունը և կարիերան» խորագրով էր: Քննարկվեցին արհեստական բանականության (ԱԲ) առավելությունները, «Generative AI»-ի, «ChatGPT»-ի և այլ համակարգերի զարգացումները, դրանց կիրառումն ու հնարավոր հեռանկարները ՀՀ-ում, ինչպես նաև ԵՊՀ-ում իրագործվող գիտակրթական բարեփոխումները:
ԵՊՀ-ն, քայլելով ժամանակին զուգընթաց, կատարում է 3 կարևոր քայլ ՀՀ-ում արհեստական բանականության հեղափոխությունը խրախուսելու համար:
ԱԲ ոլորտում համալսարանի կատարած առաջին կարևորագույն քայլը «Krisp» ընկերության հետ համատեղ «YSU-Krisp AI Lab»-ի հիմնումն է 2022 թվականին: Լաբորատորիայում իրագործվել են գիտական և արտադրական ծրագրեր, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ձեռք բերված ֆինանսավորմամբ ձևավորվել են նոր գիտական խմբեր։ Այժմ իրականացվող ծրագրերը միտված են ամրապնդելու և ընդլայնելու նմանօրինակ նախաձեռնությունները, բարելավելու ուսանողական նախագծերի միջոցով համապատասխան էկոհամակարգը և հիմնելու ԱԲ դոկտորական նոր դպրոց՝ նպաստելով կենտրոնի միջազգային ճանաչմանը։
Երկրորդ առանցքային քայլը համալսարանում ԱԲ-ի ոլորտին առնչվող կրթական ծրագրերի ներդրումն է: Այդ ծրագրերից են «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» բակալավրիատական, «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրերը, «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը:
Երրորդ՝ ԵՊՀ-ն համագործակցում է ոլորտի առաջատար կազմակերպությունների ու ընկերությունների հետ: Այս կոնֆերանսի արդյունքներից է այն, որ գործընկերներից մեկի՝ «Hoory»-ի նախաձեռնությամբ ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ոլորտի 2 ուսանողի կտրամադրվի 2 միլիոն ՀՀ դրամի կրթաթոշակ՝ ոլորտում բարձր առաջադիմությունը և գիտակրթական գործունեությունը խրախուսելու նպատակով:
ԵՊՀ գիտական խմբերը պարբերաբար կազմակերպում են մեքենայական ուսուցմանն ու արհեստական բանականությանն առնչվող կոնֆերանսներ և հանդես գալիս զեկուցումներով:
Արհեստական բանականությունն արդեն հեղափոխել է աշխարհը: Այն ալգորիթմների, տվյալների և հաշվողական հզորության համակցություն է, որը հնարավորություն է տալիս ընդօրինակելու մարդկային բանականությունը և կատարելու այնպիսի առաջադրանքներ, որոնք ավանդաբար պահանջում են մարդկային ունակություններ: ԱԲ համակարգերը նախագծված են տվյալների վերլուծության, օրինաչափություններ գտնելու և որոշումներ կայացնելու կամ գործողություններ կատարելու համար:
Արհեստական բանականության ներուժը հսկայական է: Այն կարող է բարձրացնել արտադրողականությունը, վերափոխել արդյունաբերությունն ու բարելավել մարդկանց կյանքի որակն ամբողջ աշխարհում:
Կոնֆերանսի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կենսագործունեության բոլոր ոլորտներում արհեստական բանականության կարևորությանը, դրա առաջ բերած խնդիրներին ու կրթական հաստատությունների կողմից դրանց լուծման միջոցներին:
«Որպես կրթական հաստատություն ԵՊՀ պարտականությունն է վերլուծել ռիսկերն ու տրամադրել այնպիսի գիտելիքներ, որոնց միջոցով մեր ուսանողները հնարավորություն կունենան գտնելու իրենց տեղը փոփոխվող աշխարհում»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։
Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ արհեստական բանականության առաջ բերած մարտահրավերներին դիմակայելու և վերջինիս դրական արդյունքներն առավելագույնի հասցնելու առումով կենսական նշանակություն ունեն համագործակցությունը և միջգիտակարգային հետազոտությունները:
«Համալսարանները պետք է վճռորոշ դեր ունենան արհեստական բանականության ոլորտում հետազոտությունները, նորարարությունները և կրթությունը խթանելու գործում: ԵՊՀ-ն ստանձնել է Հայաստանում արհեստական բանականության զարգացումն ապահովելու հանձնառություն, ինչի վկայությունն են «Krisp» ընկերության հետ համագործակցության արդյունքում անցյալ տարի բացված՝ Հայաստանում առաջին ԱԲ լաբորատորիան և ավանդույթ դարձած այս կոնֆերանսը»,- մատնանշեց ԵՊՀ ռեկտորը։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, շեշտելով «YSU-Krisp AI Lab» գիտահետազոտական կենտրոնի կարևորությունը, ասաց. «Այս լաբորատորիան առաջինն է իր տեսակով: Այն ոլորտում իրականացված հիմնային այն քայլն ու խթանն էր, որի շրջանակում տարվող հետևողական աշխատանքների շնորհիվ և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ իրագործվում են գիտական նախագծեր, ձեռք է բերվել սուպերհամակարգիչ, որը հնարավորություն է տալիս բարդագույն հաշվարկներ անելու և գիտական առանցքային արդյունքներ գրանցելու»։
ԵՊՀ շրջանավարտ, «Krisp» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը, կարևորելով Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությունը, շեշտեց, որ այժմ ԵՊՀ-ի հետ համատեղ իրականացվում են կարևոր ու հիմնական երկու ծրագրեր: Առաջինը «YSU-Krisp AI Lab» գիտահետազոտական կենտրոնում տեղական ու միջազգային կազմակերպությունների, ՏՏ ընկերությունների հետ համագործակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերն են արհեստական բանականության ոլորտում, երկրորդը արդեն ամենամյա դարձած այս ԱԲ կոնֆերանսն է, որի նպատակն է մեկտեղել արհեստական բանականության ոլորտի ընկերություններին և վերջին զարգացումները ներկայացնել ոլորտով հետաքրքրված մարդկանց:
«Արհեստական բանականության ոլորտն այս պահին աշխարհում տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղն է: Հայաստանում այդ ոլորտի զարգացման գործում իր յուրահատուկ դերն ունի Երևանի պետական համալսարանը, քանի որ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի և Մաթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետների ուսանողները ոչ միայն սովորում են ծրագրավորում, այլև ձեռք են բերում գիտական հենք և կարող են դառնալ արհեստական բանականության հետազոտող, գիտնական, ինժեներ՝ ի տարբերություն ՀՀ այլ բուհերի, որտեղ կենտրոնացած են առավելապես ծրագրավորման վրա»,- ասաց Արտավազդ Մինասյանն ու հավելեց. ««Krisp» ընկերության գիտական թիմի «կորիզը» ԵՊՀ շրջանավարտներն են, և մենք շարունակաբար կհամագործակցենք բուհի հետ՝ արհեստական բանականության վերաբերյալ գիտելիքները ՀՀ-ում տարածելու և ոլորտի նոր մասնագետներ պատրաստելու նպատակով»:
Նշենք, որ կոնֆերանսին զեկուցումներով հանդես եկան նաև ոլորտի առաջատար մասնագետներ ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց ելույթներն ունկնդրեցին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, երիտասարդ հետազոտողներ և ուսանողներ, արհեստական բանականության ոլորտում առաջատար դիրք գրավող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և այլք:
Կոնֆերանսի շրջանակում կազմակերպվել էր նաև ցուցահանդես, որտեղ ներկայացուցչական տաղավարով հանդես եկավ նաև ԵՊՀ-ն՝ ներկայացնելով համալսարանի կրթական ծրագրերն ու ուսանողներին ընձեռվող հնարավորությունները։ Մասնակիցները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում ԵՊՀ տաղավարի նկատմամբ։ Ցուցահանդեսին մասնակցում էին նաև Հայաստանի առաջատար ՏՏ կազմակերպություններ, որոնց հետ համագործակցության շրջանակում շարունակաբար ընդլայնվում են ԵՊՀ ուսանողների ու շրջանավարտների կարիերայի հնարավորությունները։
Կոնֆերանսի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը, «Krisp», «10Web», «Yandex» և «PMIScience» ընկերությունները:
Տեսանյութը՝ այստեղ։