- Գլխավոր
- Նորություններ
- ՊՈՏՍԴԱՄՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է «4PS FOR YOUTH» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հուլիս 09, 2019 | 15:16
Կրթություն
ՊՈՏՍԴԱՄՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է «4PS FOR YOUTH» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Գերմանիայի Պոտսդամ քաղաքում հուլիսի 15-ից 22-ը մեկնարկելու է «4Ps4YOUth» ուսուցողական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է համախմբել եվրոպական տարբեր կազմակերպությունների՝ քննարկելու հանրային կապերի զարգացման միտումները, ուսումնասիրելու հաղորդակցային արդի գործիքներն ու դրանց կիրառումը գործնականում:
«4Ps for Youth» ծրագրի համակարգող, Հայկական PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրն ունի մոտ 1.5 տարվա պատմություն, և առաջին փուլը մեկնարկել է Իտալիայում, որտեղ հանդիպել են ծրագրի կորդինատորները և որոշել են վերջինիս անցկացման ընթացակարգը:
«Թրեյնինգի ձևաչափով անցկացվող ծրագրին մասնակցելու են գործընկեր բոլոր կազմակերպությունները,- նշեց Արման Գրիգորյանը,- ծրագրի նպատակն է ապահովել փորձի փոխանակում մասնակիցների միջև, հասկանալ ֆորմալ և ոչ ֆորմալ հնարքների կիրառումը հաղորդակցման ոլորտում և դրանց տեղայնացումը, որի շնորհիվ մասնակիցները կարող են ավելի հմտանալ իրենց ոլորտում»:
Արման Գրիգորյանը մանրամասնեց նաև, որ ծրագրի հիմնական մասը կազմում է Գերմանիայի Պոտսդամ քաղաքում կայանալիք թրեյնինգը, որին մասնակցելու են գործընկեր բոլոր կառույցների ներկայացուցիչները: Այնուհետև ծրագիրը մտնելու է իր ընթացքի տեղական փուլ, այսինքն՝ մասնակիցները վերադառնալու են իրենց երկրներ և փորձելու են ձեռք բերած հմտությունները կիրառել:
Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ հատկապես շատ կարևոր է ծրագրի վերնագիրը, որի ընտրության ժամանակ շեշտը դրվել է ստեղծագործականության վրա:
«Պատահական չէ ծրագրի վերնագրի մեջ 4 P-երի՝ «Public», «Popular», «Progressive and Productive» ընտրությունը, ինչը ենթադրում է, որ ծրագրի ուսուցումն իրականացվելու է ՝ հաշվի առնելով այս չորս կարևոր բաղադրիչները,- մանրամասնեց Աստղիկ Ավետիսյանը,- բազմաթիվ կառույցներ իրականացնում են հազարավոր ծրագրեր, բայց դրանցից ոչ բոլորն է, որ տեսանելի են դառնում հանրությանը, ու այս ուսուցողական ծրագրի ժամանակ մասնակիցները սովորելու են, թե ինչպես հանրային և տեսանելի դարձնել կատարած աշխատանքը: Մենք կարող ենք որոշակի ծրագրեր և քայլեր իրականացնել՝ փորձելով մեծացնել կատարած աշխատանքի արդյունավետության ցուցանիշը»:
Նա փաստեց, որ ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու թիրախավորման, հետազոտություններ իրականացնելու, հրապարակայնություն ապահովելու փուլերին. «Իտալիայում տեղի ունեցած նախապատրաստական աշխատանքի ժամանակ, որտեղ ես ներկայացնում էի ԵՊՀ-ն, մենք մշակեցինք այն հիմնական ծրագիրը, որն այժմ իրականացվելու է Գերմանիայում»:
Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ խնդիր էր դրվել տարբեր արժեհամակարգ և մշակույթ կրող մարդկանց միավորել մեկ թեմայի ներքո և ներկայացնել հանրության հետ կապերի ձևավորման ու զարգացման գործընթացը՝ անկախ մշակութային առանձնահատկություններից:
«Ուզում եմ շեշտել նաև, որ այս ծրագրի իրականացման հարցում Գերմանիայից մեզ օգնելու է հանրային կապերի ոլորտում բացառիկ մասնագետ, PR ասոցիացիայի պատվավոր անդամ Վազրիկ Բազիլը, որը ծրագրի շրջանակում դասախոսություն կարդալու պատրաստակամություն է հայտնել, ինչը մեզ համար շատ կարևոր ձեռքբերում եմ համարում»,-ասաց Աստղիկ Ավետիսյանը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև այցելություններ տարբեր թանգարաններ և կենտրոններ, որոնք հանրայի կապերի ոլորտի ձևավորման հարցում առանձնահատուկ դերակատարում են ունեցել:
«4Ps4YOUth» ուսուցողական ծրագրին ԵՊՀ-ն ներկայացնելու են համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը, ծրագրի դասախոս Արևիկ Համբարձումյանը և ծրագրի ուսանողներ Սոնա Վարդանյանն ու Անի Պողոսյանը:
Նշենք նաև, որ ծրագիրն իրականացվում է Հայկական PR ասոցիացիայի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի նախաձեռնությամբ:
Անի Պողոսյան