- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 18, 2018 | 17:16
Գիտություն
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկեց ««Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության 5 տարին. հայ-չինական համագործակցության նոր հեռանկարները» խորագրով գիտաժողովը:
Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Խան Դաչուանը:
Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցավ Խան Դաչուանը: Նա անդրադարձավ Արևելագիտության ֆակուլտետում այսօր բացված չինագիտության կենտրոնին՝ նշելով, որ Չինաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի այս կենտրոնների բացումը, ինչը նպաստում է երկկողմանի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
««Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունը հզոր ներուժ ունի, և մենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, գտնում ենք, որ մեծ է նաև նրա տարածաշրջանային նշանակություն: Մեզ համար կարևոր են նաև այս նախաձեռնության հետագա մշակումն ու ընդլայնումը, որին էլ միտված են մեր քայլերը:»,- նշեց բանախոսը:
Զեկույցով հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը, որն անդրադարձավ Հարավային Կովկասում ծավալվող քաղաքական իրադարձություններին, նրա դերին և ներուժին:
«Այս տարածաշրջանում հատկապես վերջին տարիների ընթացքում սկսել են մեծ ուշադրություն ու հետաքրքրություն ցուցաբերել չինական մշակույթի, լեզվի ու ընդհանրապես Չինաստանի հանդեպ: Պետք է նշել, որ Հայաստանն այս առումով կարևոր նշանակություն ունեցող երկիր է, որովհետև ժամանակին հենց մեր երկրով է անցել նշանավոր Մետաքսի ճանապարհը»,-ասաց Վահրամ Պետրոսյանը:
Խոսելով հայ-չինական հարաբերությունների մասին՝ բանախոսը հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրանք բոլորովին նոր հարթություն են դուրս գալու և նպաստելու են երկու երկրների տնտեսական և մշակութային առաջընթացին:
Անի Պողոսյան