- Գլխավոր
- Նորություններ
- «Համահայկական գիտաժողով-2023»-ը՝ գիտության տարբեր ճյուղերի հատման կետ
Նոյեմբեր 20, 2023 | 14:27
Գիտություն
Գործընկերներ
Հետազոտություն
«Համահայկական գիտաժողով-2023»-ը՝ գիտության տարբեր ճյուղերի հատման կետ
Նոյեմբերի 17-22-ը ԵՊՀ-ում անցկացվում է «Համահայկական գիտաժողով-2023»-ը, որի նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը, ամրապնդել և ստեղծել նոր կապեր գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների ու համալսարանների միջև՝ նպաստելով միջգիտակարգային հետազոտությունների և միջառարկայական կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Արդեն երկրորդ տարին անցկացվող գիտաժողովին մասնակցում են ՀՀ գիտակրթական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած տարբեր մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված իրենց գիտական խմբի ընթացիկ ձեռքբերումներն ու արձանագրած հաջողությունները։
«Համահայկական գիտաժողով-2023»-ի շրջանակում անցկացվում է նաև միջգիտակարգային նախագծերի մրցույթ, որն ուղղված է երիտասարդ գիտնականների միջև նոր կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև նրանց՝ հետազոտական նախագիծ ներկայացնելու կարողությունների զարգացմանը։ Մրցույթին մասնակցում են գիտաժողովին ներկայացվող գիտական թեմաների ղեկավարների առաջադրած թեկնածուները, որոնք ընդգրկվել են գիտաժողովի կազմկոմիտեի ձևավորած խմբերում: Նրանք կազմում են միջգիտակարգային գիտագործնական նախագծեր, որոնք դեկտեմբերի 1-ին կներկայացնեն փորձագիտական խմբին։ Լավագույն 3 նախագծերի հեղինակները կստանան դրամական պարգև և հնարավորություն կունենան հետագայում դիմելու ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերին՝ ֆինանսավորում ստանալու և իրագործելու համար:
Կարևորելով համահայկական այս գիտաժողովի անցկացումը՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում գործող Ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆ.մ.գ.թ., գիտաժողովի կազմկոմիտեի անդամ Մուշեղ Ռաֆայելյանը նշեց. «Գիտաժողովը համախմբում է ՀՀ-ում գործող գիտական ծրագրերի ղեկավարներին և մասնակիցներին, ինչը հնարավորություն է տալիս նոր կապեր ստեղծելու, գիտական ընդհանուր հետաքրքրություններ գտնելու և ոլորտը զարգացնելու համար: Հուսով ենք՝ այս տարվա ակտիվությունն ու արդյունքները կմեծացնեն ոգևորությունը, և հաջորդ տարիներին կունենանք ավելի շատ ներգրավվածություն ու մասնակցություն»:
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, գիտաժողովի կազմկոմիտեի անդամ Արա Սեդրակյանը շեշտեց, որ պետք է միմյանց հետ աշխատելու հստակ քայլեր ձեռնարկել, անհրաժեշտության դեպքում փոխադարձաբար օգնել իրար և ինտենսիվ աշխատանքի շնորհիվ նպաստել Հայաստանի բարգավաճմանը:
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ֆ.մ.գ.թ. Արմեն Ալլահվերդյանի ղեկավարած «Ինֆորմացիայի տեսության մեթոդները վիճակագրական ֆիզիկայում և տվյալագիտությունում» գիտական նախագիծը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրի շրջանակում: Գիտաժողովի ընթացքում Ա. Ալլահվերդյանը ներկայացրեց վիճակագրական ֆիզիկային և դրա կիրառումներին առնչվող խմբի ընթացիկ հաջողությունները:
Նա մասնավորապես ընդգծեց. «Մեր գիտական խումբը կատարում է միջառարկայական հետազոտություններ, այսինքն՝ դուրս ենք գալիս ֆիզիկայի ոլորտից և տալիս հարցեր, որոնք առնչվում են այլ գիտությունների, հին մեթոդները տանում ենք նոր տիրույթ, ինչի շնորհիվ կարելի է արագ գեներացնել նոր արդյունքներ: Օրինակ՝ տնտեսագիտության մեջ կան մի շարք պարադոքսներ, որոնք չունեն լուծում, սակայն մենք կարողացել ենք գտնել լուծումներ՝ կիրառելով ֆիզիկայի մեթոդները: Վերջերս նաև ուսումնասիրում ենք գլոբալ տաքացման երևույթը ֆիզիկայի տեսանկյունից, ինչը բավականին հետաքրքիր թեմա է»:
Ա. Ալլահվերդյանն արժևորեց գիտաժողովի անցկացումը և հույս հայտնեց, որ այսօրինակ միջոցառումները կլինեն շարունակական:
Նշենք, որ «Համահայկական գիտաժողով-2023»-ը կազմակերպել է Երևանի պետական համալսարանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աջակցությամբ: