- Գլխավոր
- Նորություններ
- Համալսարանը՝ գիտությամբ զբաղվելու խթան
Փետրվար 12, 2024 | 15:29
Գիտություն
Հետազոտություն
Մրցույթներ
Համալսարանը՝ գիտությամբ զբաղվելու խթան
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ասպիրանտ, գիտահետազոտական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էմմա Խաչատրյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակում նա կատարում է «β-դիրքում ալկինոլային և պիպերազինային տեղակալիչներ պարունակող (S)-α-ալանինի նմանակների ասիմետրիկ սինթեզ և կենսաբանական հատկությունների հետազոտում» թեմայով ուսումնասիրություն։
«Երբ քիմիական փորձերով ես զբաղվում, նմանվում ես հրաշագործի, որն անընդհատ ստեղծում է նոր միացություններ ու կատարելագործվում: Միշտ պատկերացնում ես, թե գիտափորձիդ արդյունքում ինչ պետք է ստանաս, բայց երբեմն այն կարող է այլ ընթացք ստանալ, որն է՛լ ավելի է հետաքրքիր դարձնում գործընթացը»,- գիտության և գիտական ծրագրի իրականացման մասին մեզ հետ զրույցն այսպես սկսեց ԵՊՀ ասպիրանտը: Էմման քիմիայի և լաբորատոր փորձերի աշխարհ է մտել, երբ դեռ 16 տարեկան էր և կրթություն էր ստանում քոլեջում: Ընդունվելով ԵՊՀ՝ համոզվել է, որ ընտրած ճանապարհը ճիշտ ու միակն է:
«Համալսարանական միջավայրն այն ամենակարևոր ու դրական կողմերից է, որն օժանդակում է որակյալ գիտական աշխատանք ունենալուն: Պրոֆեսորադասախոսական կազմն ու գործընկերներս միշտ պատրաստ են օգնելու ինձ և իրենց գիտելիքները փոխանցելու: Այստեղ չկան գործընկերներ ու ղեկավարներ, բոլորն ընկերներ ու ընտանիք են»,- պատմեց Էմման՝ հավելելով, որ գիտության աշխարհում մնայուն արժեք ստեղծելու համար անհրաժեշտ է անընդհատ ինքնակատարելագործվել և ուսումնասիրել մասնագիտական գրականություն, փորձել բացահայտել նորը:
Հետազոտական տարբեր ծրագրերում մշտապես ընդգրկված ասպիրանտը այժմ գիտական ուսումնասիրությունը կատարում է քիմիական գիտությունների դոկտոր, Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի պրոֆեսոր, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի ղեկավարությամբ:
«Գիտական ղեկավարս միշտ կողքիս է, ուղղորդում է, հուշում, թե որ ճանապարհով կարելի է գնալ նորը հայտնաբերելու, հասկանալու, ճիշտ կողմնորոշվելու համար»,- նշեց Էմման՝ տեղեկացնելով, որ այժմ ուսումնասիրում են մասնագիտական գրականության մեջ դեռևս չնկարագրված ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ սինթեզը: Հայտնաբերումից հետո երիտասարդ հետազոտողը կուսումնասիրի դրանց կենսաբանական հատկությունները՝ հակաբակտերիալ և հակավիրուսային ակտիվությունը:
«Հիմա ամինաթթուների ստացման փուլում եմ: Մինչ այդ ուսումնասիրել եմ համապատասխան գրականություն, քննարկումներ ունեցել գիտական ղեկավարիս հետ, ստացել եմ անհրաժեշտ ելանյութեր, սինթեզել արգասիք կոմպլեքսներ, որոնցից էլ այժմ անջատում եմ նպատակային ոչ սպիտակուցային ամինաթթուները»,- ասաց Էմման:
Հետազոտության արդյունքում կստացվեն օպտիկապես ակտիվ ամինաթթուներ, որոնք հետագայում հիմք կհանդիսանան պեպտիդների ստացման համար։ Ինչպես հայտնի է, ամինաթթուները համարվում են կենսաբանական և դեղաբանական ակտիվ պեպտիդների և այլ դեղապատրաստուկների ակտիվ բաղադրամաս։
Նշենք, որ ուսումնասիրությունը կտևի 3 տարի: Բժշկական պրակտիկայում լայն կիրառություն ստացած բազմաթիվ դեղապատրաստուկներ՝ որպես դեղաբանորեն ակտիվ բաղադրամաս, պարունակում են օպտիկապես ակտիվ որևէ ամինաթթու։ Դրանք համարվում են ժամանակակից հակաուռուցքային, հիպոտենզիվ և այլ դեղապատրաստուկների համար կարևոր բաղադրատարր։