- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ դասախոսը` «Արհմիութենական սպորտ-2024»-ի ոսկե մեդալակիր
Մարտ 19, 2024 | 13:53
Հասարակություն
Մրցույթներ
Սպորտ
ԵՊՀ դասախոսը` «Արհմիութենական սպորտ-2024»-ի ոսկե մեդալակիր
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեց «Արհմիութենական սպորտ-2024» խորագրով սպորտային միջոցառումը: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի հայցորդ Մարիամ Մանուկյանը կանանց շախմատի մրցաշարում արժանացավ ոսկե մեդալի: Նրա հետ զրուցել ենք շախմատի նկատմամբ սիրո, մասնագիտության ընտրության և արձանագրած հաղթանակների մասին:
Շախմատի նկատմամբ սերը
Ես մասնագիտությամբ հոգեբան եմ․ իմ մասին պատմելիս սովորաբար առաջինը սա եմ շեշտում, հետո, սակայն, անմիջապես ավելացնում՝ հոգեբանությունն ընտրել եմ շախմատի շնորհիվ: Հինգ տարեկանից սկսել եմ հաճախել շախմատի դասերի: Այն իմ ամենասիրելի զբաղմունքն է, որում ես հաջողում եմ: Արդեն պատանեկության տարիներին բաց չէի թողնում մրցախաղերն ու պիտի ասեմ, որ համարյա միշտ եղել եմ Հայաստանի պատանեկան առաջնությունների մրցանակակիր: Շուտով սկսեցի հասկանալ, որ մարզիկին անհրաժեշտ պայքարողի հոգեբանություն ես չունեմ, ուստի ինձ սկսեց հետաքրքրել, թե առհասարակ ինչ է հոգեբանությունն ու մասնավորապես՝ հավաքական սպորտի հոգեբանությունը: Հենց այսպես էլ քայլերս բերեցին հարազատ դարձած ԵՊՀ՝ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ:
Շախմատն ու ԵՊՀ ուսանողական կյանքը
Ես երբեք պրոֆեսիոնալ շախմատով չեմ զբաղվել, բայց իմ ամենասիրելի զբաղմունքը՝ շախմատ խաղալը, ինձ ուղեկցել է կյանքիս բոլոր ճանապարհներին՝ համալսարանում ևս: Որպես ԵՊՀ ուսանող՝ մասնակցել եմ ամենատարբեր մրցումների և գրեթե յուրաքանչյուր տարի վերադարձել մեդալներով: Ավելի հետաքրքիր էին լինում, երբ միջբուհական, ուսանողական մրցումներին մասնակցում էին նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչները, քանի որ շախմատով պրոֆեսիոնալ զբաղվողների հետ մրցակցությունն ավելի լարված ու պատասխանատու էր դառնում: Պետք է ասեմ, որ հաղթանակներ ունենում էի։ Եվրոպայի շախմատի ուսանողական առաջնությունում մի անգամ էլ հաղթել եմ շախմատի գրոսմայստերի: Սա բոլորի՝ անգամ ինձ համար զարմանալի հաղթանակ էր, ու հենց դա է և՛ կյանքի, և՛ շախմատի գեղեցկությունը:
Շախմատն ու ԵՊՀ-ն՝ որպես ուսուցիչ
Շատ պարտավորեցնող և հաճելի է որևէ միջավայրում ներկայացնել ԵՊՀ-ն: Որպես ԵՊՀ աշխատակից՝ մասնակցել եմ շախմատի մի քանի մրցաշարերի, զբաղեցրել մրցանակային տեղեր: Այս համատեքստում նշանակալի է նաև ԵՊՀ դերը։ ԵՊՀ-ն ոչ միայն զարգացնում է մարդկանց աշխարհընկալումն ու ապահովում բազմակողմանի գիտելիքներ, այլև բավականին հետևողական է իր աշխատակիցների շրջանում տարբեր կարողությունների հայտնաբերմանն ու դրանց զարգացմանը նպաստելու հարցում:
«Արհմիութենական սպորտ-2024» խորագրով սպորտային միջոցառումն առանձնանում էր, քանի որ այն միայն սպորտային մրցաշար չէր, այլև թեմատիկ տարբեր քննարկումների, սեմինարների համակցում: Սա հիանալի հնարավորություն էր ներկայացնելու անհատականությունն ու մասնագիտությունը, նորից զբաղվելու շախմատով, ծանոթանալու հիանալի մարդկանց հետ:
Շախմատը՝ կյանքի շարժիչ ուժ
Շախմատի կանոններից է՝ եթե քո դիրքը վատ է, հակառակորդդ դա չպետք է նկատի։ Իզուր չէ, որ սիրում եմ կրկնել՝ շախմատը կյանքի մանրակերտն է։ Նույնը կյանքում է. դու նստած ես, քո դիմաց՝ մրցակիցը, դուք միմյանց զուգահեռ շարժում եք խաղաքարերը, ընդ որում՝ զինվորից մինչև թագավոր ձգտում են հաղթանակի: Շախմատն օգնում է սովորել կյանքի շատ հմտություններ, մտածել, հետո խոսել ու գործել, զարգացնում է մտածողությունը, երևակայությունը, հիշողությունը, նաև կոփում է կամային որոշ հատկանիշներ. հեշտ չէ 40 րոպեից մինչև 1 ժամ մտածել մեկ քայլի մասին, նստած մնալ մինչև անգամ 7 ժամ և այլն:
Իմ կյանքի ուղին անցել է շախմատով ու եկել դեպի ԵՊՀ՝ կրթություն, գիտություն: Հոգեբանությունն ու շախմատն իմ սիրելի ոլորտներն են՝ կյանքի շարժիչ ուժը:
Հավելենք, որ Մարիամին հաղթանակ բերած «Արհմիութենական սպորտ-2024» խորագրով սպորտային մրցաշարին մասնակցել են հանրապետության բազմաթիվ արհմիութենական կառույցների և Հայաստանի այլ բուհերի 14 ճյուղային հանրապետական արհմիության ներկայացուցիչներ: ԵՊՀ երեք մասնակիցներն ընդգրկված էին Հայաստանի բուհերի արհմիության կազմում՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ներկայացուցիչների հետ:
Հանրապետության պետական և մասնավոր տարբեր կառույցների արհմիությունների շուրջ 130 ներկայացուցիչներ չորս օր պայքարել են սեղանի թենիս, շախմատ, բազկամարտ, բոուլինգ և տեգախաղ (դարթս) մրցախաղերում: Բացի մրցախաղերից՝ անցկացվել են նաև աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ դասընթացներ: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել աշխատանքային իրավունքներին, խախտումներին, ինչպես նաև աշխատավայրում խտրականությանն ու բռնությանը: Դասընթացները վարել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները։ Աշխատանքային իրավունքների մասին թեմատիկ բանախոսություն է ներկայացրել ԵՊՀ արհմիության նախագահ Էդգար Չախոյանը: Նմանօրինակ միջոցառումների անցկացումը կարևոր է արհմիությունների և աշխատանքային իրավունքի մասին ճիշտ պատկերացումների ձևավորման տեսանկյունից:
Մրցաշարն ամփոփելիս մեդալների հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել և արհմիութենական գավաթին արժանացել է Հայաստանի բուհերի արհմիությունը: Միության ներկայացուցիչները ոսկե մեդալների են արժանացել նաև շախմատի տղամարդկանց և թենիսի կանանց մրցաշարերում: