- Գլխավոր
- Նորություններ
- Ուսանողների զբաղվածությունը՝ գիտահետազոտական ուսումնասիրության առարկա
Մարտ 20, 2024 | 14:20
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Ուսանողների զբաղվածությունը՝ գիտահետազոտական ուսումնասիրության առարկա
«Հետազոտական նորություններ» խորագրով շարքի շրջանակում այս անգամ անդրադարձել ենք ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հայցորդ Սյուզաննա Եղիազարյանին: Ուսանողների զբաղվածության ուսումնասիրությանը վերաբերող նրա գիտական հոդվածը տպագրվել է «Journal of Sociology: Bulletin of Yerevan University» գիտական հանդեսում:
Տարեցտարի աշխատաշուկայում սրընթաց աճում է առաջարկի և պահանջարկի տարբերությունը, որի պատճառով սրվում են երիտասարդ աշխատողների իրական զբաղվածության խնդիրները։ Հարցն առավել արդիական է դարձնում Հայաստանի բուհերում մասնագիտական գիտելիքների տեսական ու գործնական կողմերի հավասարակշռման անհրաժեշտությունը: Այս առումով ուսանողների զբաղվածության հարցում հրատապ է գործատուի պահանջների և բուհական կրթության համապատասխանության խնդիրը:
Սյուզաննա Եղիազարյանը, որը նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս է, այս խնդիրները սկսել է ուսումնասիրել դեռ 2015 թվականից՝ իր գիտահետազոտական աշխատանքներում կարևորելով կրթական ուղղվածությունը: Նա շուրջ 26 գիտական հոդվածների հեղինակ է, որոնց գերակշիռ մասը առնչվում է գիտահետազոտական այս ուսումնասիրությանը:
«Քանի որ ուսանողների շրջանում մշտապես նկատելի է աշխատանքի ընդունվելու խնդիրը, առաջին հերթին շատ էի ցանկանում օգնել նրանց»,- ասաց Ս. Եղիազարյանը՝ հավելելով, որ իր նպատակը եղել է գտնել արդյունավետ մոդել, թե ինչպես կարելի է համակարգել Հայաստանում ուսանողների՝ աշխատանքի ընդունվելու գործընթացը:
«Խնդիրը հիմնովին վերլուծելու համար անհրաժեշտ էր հասկանալ՝ որտեղից սկսել և որտեղ ավարտել: Բավականին երկար ուսումնասիրություններ արվեցին Երևանի, ապա մարզերի բուհերում. նշեմ, որ խնդիրներն առանձնապես չէին տարբերվում: Ես ուսումնասիրել եմ նաև բուհերի կարիերայի կենտրոնները, որոշ բուհերում այն շատ արդյունավետ էր աշխատում, որոշ բուհերում այն ուսանողին ոչինչ չէր տալիս, քանի որ կապ չէր հաստատում գործատուի հետ»,- նշեց դասախոսը:
Նա շեշտեց, որ «Ուսանողների՝ աշխատաշուկա անխոչընդոտ մուտքի ապահովման հնարավոր մոդելների կիրառելիությունը ՀՀ-ում» խորագրով հոդվածում քննարկվել են ուսումնառությունն ու աշխատանքը համատեղելու խնդիրները, բացահայտվել են բուհից աշխատաշուկա բարձրորակ մասնագետների անխոչընդոտ անցումն ապահովող և կրթության որակի վրա բացասաբար չազդող զբաղվածության արդյունավետ մոդելներ:
«Կարևորում եմ բուհ-աշխատաշուկա համագործակցության տեղեկատվական մոդելը, ուսանողների վարքի դրդապատճառային մոդելը, ինչպես նաև ուսանողների զբաղվածությունը նրանց ապագա մասնագիտությամբ կամ հարակից մասնագիտություններով կազմակերպելը, որոնք խիստ կարևոր են մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և աշխատանքային միջավայրում սոցիալական ներառման խնդիրների լուծման համար»,- ընդգծեց Սյուզաննա Եղիազարյանը:
Սոցիոլոգը նշեց, որ նախկինում, ըստ ազգային մտածելակերպի, բուհի ուսանողը չպետք է աշխատեր սպասարկման կամ սպառողական ոլորտում, սակայն ներկայում կարծրատիպը կոտրվել, իսկ խնդիրը հաղթահարվել է: Երբ ուսանողը այդ 4 տարում աշխատում է այլ ոլորտում, հավանականությունը շատ մեծ է, որ նա այլևս չի ցանկանալու աշխատել իր մասնագիտությամբ:
«Հայաստանում ուսանողների շրջանում աշխատանք գտնելու ամենակարևոր դրդապատճառն ավելի շատ ֆինանսական խնդիրների լուծումն է, քան մասնագիտական փորձ ձեռք բերելը: Ուսումնառության շրջանում ուսանողները ցանկանում են գումար աշխատել, լուծել սոցիալական խնդիրները, վճարել ուսման վարձը և օգնել ծնողներին. մասնագիտական փորձ ձեռք բերելը երկրորդ և երրորդ տեղում է, ամենակարևոր հարցն այն է, որ ուսանողները երկմտում են՝ արդյոք կշարունակեն կատարել մասնագիտական աշխատանք, թե ոչ»,- ասաց նա:
Ըստ հարցումների արդյունքների՝ որոշ ուսանողներ զղջացել են մասնագիտական ընտրության համար։ Հաճախ ուսանողները մասնագիտություն ընտրում են ծնողների, ընկերների խորհրդով: Սոցիոլոգի վերլուծության արդյունքներով շատ քչերն են, որ բուհ ընդունվելուց առաջ մոնիթորինգ են անցկացնում՝ հասկանալու համար տվյալ մասնագիտությունն արդյոք իրենցն է: Խնդիրը լուծելու համար հետազոտողն ընդգծում է. «Մենք առաջարկել ենք, որ դպրոցներում լինեն մասնագիտական կողմնորոշման կենտրոններ: Երեխաներին տանեն բանկ, հիվանդանոց և այլ հաստատություններ, ծանոթացնեն մասնագետների աշխատանքին, որպեսզի երեխան «ներսից» պատկերացնի, թե այնտեղ ինչպես են աշխատում: Եթե իրենք չեն ռեալիզացվում, ստացվում է, որ ուսանողները բուհն ավարտում են որպես ապագա գործազուրկներ»:
Սյուզաննա Եղիազարյանը, խոսելով տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունից, նշեց, որ աշխարհի շատ երկրներում այդ առումով կա բաց։ Նա շեշտեց, որ այդ հնարավորությունն ապագա մասնագետների մասնագիտական փորձառության և դրանով անխոչընդոտ աշխատաշուկա մտնելու կարևոր պայման է: Ուսանողական տարիներին մասնագիտական տեսական գիտելիքները աշխատանքում գործածելու կարողությունների ու հմտությունների վերածելը, աշխատանքային փորձի ձեռքբերումը նպաստում են ուսանողներին սոցիալական և մասնագիտական առումով հարմարվելուն հասարակության մեջ, ինչպես նաև աշխատաշուկայում մրցակցային առավելություններ ունենալուն։
«Աշխարհում կան շատ կրթական մոդելներ, որոնցից ինձ առավել շատ դուր է գալիս դանիական մոդելը. այնտեղ նվազագույնի են հասցված տեսական դասընթացները՝ կենտրոնանալով գործնական աշխատանքների վրա: Բազմաթիվ հեղինակավոր բուհեր կան, որոնք ունեն իրենց առընթեր լաբորատորիաները, գիտահետազոտական կենտրոնները, որտեղ ուսանողներն աշխատում են կես օրով՝ ստանալով համապատասախան աշխատավարձ, որը հնարավորություն է տալիս լուծելու սոցիալական խնդիրները և մնալու մասնագիտության մեջ»,- մեկնաբանեց դասախոսը՝ հավելելով, որ աշխատում են ուսանողի մոտ այնպիսի մտածողություն ձևավորել, որպեսզի նրանք գիտելիքը կիրառեն ի շահ իրենց:
Սոցիոլոգը նկատեց, որ հաճախ գործատուները ևս բախվում են մի շարք խնդիրների ուսանողներին աշխատանքի ընդունելիս. նրանք ցանկանում են ունենալ հմուտ մասնագետներ, որոնք կունենան լիարժեք կրթություն, կամ կլինեն գոնե ուսումնառության 4-րդ կուրսում: Գործատուների համար առաջարկվել է մոդել և ներկայացվել, թե ինչպես պետք է աշխատել ուսանողների հետ:
Այնուամենայնիվ, հետազոտության արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում արձանագրվել է աշխատող ուսանողների թվաքանակի աճ:
Հավելենք, որ զբաղվածության խնդրի լուծման նպատակով ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համալսարանի ուսանողներին և շրջանավարտներին պարբերաբար տեղեկացնում է թափուր աշխատատեղերի, պրակտիկաների, կամավորական աշխատանքների, ծրագրերի և այլ հնարավորությունների մասին։