- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում վերանորոգվում և արդիականացվում են լաբորատորիաները
Մարտ 21, 2024 | 12:22
Ենթակառուցվածքներ
Կրթություն
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
ԵՊՀ-ում վերանորոգվում և արդիականացվում են լաբորատորիաները
Միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ ստեղծելու և կրթական միջավայրը շարունակաբար լավարկելու նպատակով ԵՊՀ-ում ակտիվորեն ընթանում են բարեկարգման աշխատանքներ, ինչը միտված է ուսումնագիտական գործունեության որակի արդյունավետության բարձրացմանը։
Վերանորոգվել, նոր սարքավորումներով համալրվել ու կահավորվել են Քիմիայի ֆակուլտետի լաբորատորիաները։ Ուսանողներն արդեն հնարավորություն ունեն պրակտիկ փորձ ձեռք բերելու Անօրգանական և անալիտիկ քիմիայի երեք, ինչպես նաև Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի վերանորոգված, նորագույն սարքավորումներով համալրված և կահավորված երեք ուսումնական լաբորատորիաներում:
Հին սարքավորումները փոխարինվել են նորով՝ կշեռքներ, խառնիչներ, չափիչ սարքեր, pH մետրեր, օքսիմետրեր և ժամանակակից այլ սարքավորումներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել հիմնարար:
Լաբորատորիաները նախատեսված են մասնագիտական դասընթացներ անցկացնելու ոչ միայն Քիմիայի, այլև Աշխարհագրության և երկրաբանության, Կենսաբանության ֆակուլտետների, ինչպես նաև Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողների համար: Նրանք կսովորեն փորձանոթների, սարքերի և մասնագիտական այլ պարագաների միջոցով աշխատելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտության մեջ կատարելագործվելու և հմտանալու համար:
Վերանորոգված և տեխնիկապես վերազինված ուսումնական լաբորատորիաները հնարավորություն կընձեռեն ավելի բարձր հարթության վրա տեղափոխելու ուսումնական գործընթացը, ինչը հիմք կդառնա հետագայում գիտահետազոտական որակյալ և արդյունավետ աշխատանքներ կատարելու:
Հավելենք, որ ԵՊՀ լաբորատորիաները, գիտական կենտրոններն ու գիտահետազոտական ինստիտուտները շարունակաբար վերազինվում և արդիականացվում են, համալրվում են ժամանակակից սարքավորումներով՝ կրթական, հետազոտական աշխատանքները միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպելու նպատակով։