- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում էր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին
Մարտ 27, 2024 | 14:00
Գործընկերներ
Կրթություն
Միջոցառումներ
ԵՊՀ-ում էր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին
ԵՊՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտակրթական առաջատար հաստատությունների հետ գործակցային կապերի ամրապնդման նպատակով ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին այցելեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ և ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ դասախոսություն։
Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին առաջին անգամ է այցելում ԵՊՀ: Նրան ուղեկցեց դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը։
Ողջունելով հյուրերին՝ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ դեսպանի այցը ԵՊՀ տարիների վաղեմություն ունեցող ավանդույթի շարունակությունն է:
«Արևելյան երկրների դեսպանների և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բարեկամությունն արդեն տասնամյակների պատմություն ունի։ Ամեն անգամ, երբ նոր դեսպան է նշանակվում, գիտակրթական ոլորտում իր առաջին այցերից մեկն անպայման լինում է ԵՊՀ-ն՝ Արևելագիտության ֆակուլտետը»,- նշեց դեկանը:
Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, խոսելով ՀՀ և ԻԻՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների գործակցության ուղիներից, ասաց. «ԵՊՀ-ն ինստիտուցիոնալ մակարդակով համագործակցում է իրանական մի շարք համալսարանների՝ Ղազվինի Իմամ Խոմեյնի միջազգային համալսարանի, Թեհրանի, Թավրիզի, Ղոմի կրոնների և դավանանքների և այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Փորձում ենք ոչ միայն ամրապնդել առկա կապերը, այլև շարունակաբար ընդլայնել դրանք»:
Շեշտելով նմանօրինակ գործակցությունների կարևորությունը՝ Վ. Ոսկանյանը հավելեց, որ կողմերի ակտիվ շփումները կարևոր են թե՛ ուսանողների լեզվական հմտությունների զարգացման և թե՛ գիտնականների միջազգային գործակցության համար՝ հետազոտական տարբեր ծրագրերի իրականացման տեսանկյունից:
Հանդիպմանը ներկա էին թեմայով հետաքրքրված ուսանողներ, դասախոսներ: Ֆակուլտետի ուսանողները ներկայացան նաև իրանական Ամանորին նվիրված ելույթներով և թեմատիկ հյուրասիրությամբ: