- Գլխավոր
- Նորություններ
- Թանգարանային հանդիպում՝ նվիրված Տիգրան և Զապել Եսայանների գործունեությանը
Մարտ 27, 2024 | 17:05
Թանգարան
Հասարակություն
Միջոցառումներ
Թանգարանային հանդիպում՝ նվիրված Տիգրան և Զապել Եսայանների գործունեությանը
ԵՊՀ պատմության թանգարանում անցկացվեց պոլսահայ մտավորականներ Տիգրան և Զապել Եսայանների կյանքին և ստեղծագործական գործունեությանը նվիրված դասախոսություն-հանդիպում, որի նպատակն էր վերարժևորել 20-րդ դարի նշանավոր կանանցից մեկի՝ Զապել Եսայանի և նրա ամուսնու՝ արվեստագետ Տիգրան Եսայանի դերը գրականության և արվեստի բնագավառներում։
«Մեր նոր դասախոսը մտավ լսարան, մի ժպտուն հայացք նետեց բոլորիս վրա, ինքը նստեց և մեզ էլ առաջարկեց նստել և խնդրեց, որ այսուհետև իր գալու և գնալու պահերին ոտքի չկանգնենք:
- Կը հասկընամ, որ ըսածս խախտում է ընդունված կարգի, բայց կը նեղվիմ՝ ոտքի կանգնած տեսնելով ձեզի: Այդ կարգը զինվորական սովորույթ մը կը թվի ինծի, ուստի, շատ պիտի խնդրեմ, որ անձիս հանդեպ ձեր յարգանքը արտայայտելու այլ ձեւ մը ընտրեք, օրինակ՝ չուշանաք, զանգը տալուն պես լսարանն ըլլաք»:
Հատվածը Զապել Եսայանի ուսանող Ռուբեն Սևակի հուշերից էր այն մասին, թե ինչպես է մի օր Զապել Եսայանը՝ որպես դասախոս, մտել Երևանի պետական համալսարան: 20-րդ դարի նշանավոր կանանցից մեկի կյանքի վերջին շրջանը հենց այսպես կապվեց ԵՊՀ-ին. նա մի քանի տարի դասավանդել է համալսարանում:
Առանձնահատուկ համարձակությամբ աչքի ընկած պոլսահայ մտավորականի գրական գործունեության և կյանքի հետաքրքիր որոշ դրվագներ քննարկվեցին ԵՊՀ պատմության թանգարանում կազմակերպված դասախոսություն-հանդիպման շրջանակում: Բանախոսությամբ ներկայացան բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանը և Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի ղեկավար, արվեստաբան Արփինե Սարիբեկյանը:
Պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, հիշելով Զապել Եսայանի՝ ԵՊՀ-ում դասավանդելու քչերին հայտնի շրջանը, նշեց, որ դա մտավորականի կյանքի կարևոր և հիշատակելի դրվագներից է:
«1932 թվականին Զապելը վերադարձել է Երևան, 1933 թվականից որպես դասախոս աշխատանքի անցել ԵՊՀ-ում՝ դասավանդելով արտասահմանյան, մասնավորապես՝ ֆրանսիական գրականություն: Լինելով ժամանակի խիզախ կանանցից՝ նա չէր վախենում ուսանողների օգնությամբ ֆրանսիական գրականությունը լսարաններ հասցնելուց. անձամբ կարդում էր և թարգմանում՝ ուսանողներին ծանոթացնելով գրական ժամանակակից մտքին»,- նշեց պրոֆեսորը:
Հանդիպման ժամանակ ներկայացվեցին նաև մանրամասներ Զապել Եսայանի ամուսնու՝ գեղանկարիչ, քանդակագործ և մեդալագործ Տիգրան Եսայանի արվեստի մասին:
Նշենք, որ դասախոսություն-հանդիպումը կազմակերպվել էր միջթանգարանային համագործակցության շրջանակում՝ ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի ջանքերով։ Քննարկմանը ներկա էին հետաքրքրված անձինք, ուսանողներ:
Հավելենք, որ Զապել Եսայանը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին տասնամյակների հայ առաջադեմ մտածողներից ու գրողներից էր: Ծնվել է Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում, կրթություն ստացել Եվրոպայում: 1933 թվականից աշխատանքի է հրավիրվել ԵՊՀ, 1936 թ.՝ Գրողների միությունում ելույթից հետո, առանց բացատրությունների ձերբակալվել և հայտնվել է Բաքվի բանտում: Թե՛ ստեղծագործական ազատ կյանքի և թե՛ անգամ բանտում եղած ժամանակ գրված նամակներն ու ստեղծագործությունները վկայում են նրա համարձակության և խիզախության մասին: