- Գլխավոր
- Նորություններ
- Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելեց ԵՊՀ վրացագիտության կենտրոն
Մարտ 28, 2024 | 17:05
Կրթություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելեց ԵՊՀ վրացագիտության կենտրոն
ԵՊՀ վրացագիտության կենտրոնում հյուրընկալվեց Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպմանը քննարկվեցին կրթագիտական ոլորտում համատեղ հետազոտական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ուսանողական, ակադեմիական փոխանակման ծրագրեր իրականացնելու հեռանկարները։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ թեպետ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում գործում է հայ-վրացական հարաբերությունների բաժին, իսկ Պատմության ֆակուլտետում՝ «Վրացագիտություն» մագիստրոսական ծրագիրը, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր ունենալ վրացագիտության առանձին կենտրոն, որտեղ ուսանողների համար կանցկացվեն արտալսարանային դասընթացներ, իսկ հետազոտողներին հնարավորություն կընձեռվի կատարելու մասնագիտական ուսումնասիրություններ։
«Վրացագիտության կենտրոնի գործունեության շրջանակում հնարավորություն կստեղծվի համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու՝ միասին դիտարկելով հետազոտությունների ուղղությունները։ Մենք կարող ենք չսահմանափակվել միայն հումանիտար ուղղությամբ և համագործակցել նաև ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի բնագավառներում։ Այս ոլորտներում ԵՊՀ-ն գրանցել է մեծ առաջընթաց․ մեր հետազոտողները գիտական բազմաթիվ հոդվածներ են տպագրել միջազգային վարկանիշային հանդեսներում»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
ԵՊՀ ռեկտորը նշեց նաև, որ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ վերջինս առաջարկել է հայ և վրացի ուսանողների համար կազմակերպել երիտասարդական ամենամյա ֆորում՝ միտված հարևան երկրների երիտասարդների՝ միմյանց ավելի լավ ճանաչելուն և փոխադարձ շփում ապահովելուն։
Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն ընդգծեց, որ իրենք առաջին հերթին նպատակ ունեն սերտ հարաբերություններ ստեղծելու անմիջական շփումների միջոցով՝ նախ և առաջ տեղեկանալով, թե որ հարցերում կարող են աջակցել հայ-վրացական գիտակրթական կապերի ամրապնդմանը։
«Վրաստանը և Հայաստանը ունեն մշակութային, պատմական շատ ընդհանրություններ։ Ուստի, մենք մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների ստեղծումը և գնահատում ԵՊՀ-ում Վրացագիտության կենտրոնի բացումը, որը նոր հարթակ կդառնա երկու երկրների երիտասարդների համար՝ միմյանց մասին առավել տեղեկացված լինելու»,- ասաց նա։
Գիվի Միքանաձեն ընդգծեց նաև, որ ԵՊՀ-ում Վրացագիտության և Թբիլիսիի պետական համալսարանում Հայագիտության կենտրոնների գործունեությունը ստեղծելու է գործակցության նոր հեռանկարներ կրթության և գիտության ոլորտներում։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, խոսելով ուսանողների փոխանակման ծրագրերից, նշեց, որ ուսանողների համար առավել արդյունավետ կլինի ամառային դպրոցների կազմակերպումը։ Նա հույս հայտնեց, որ այս հանդիպմանը արդեն իսկ կհաջորդի առարկայական քննարկումների շարք։
«ՀՀ-ում Վրաստանի դեսպանին հրավիրել եմ դասախոսություն կարդալու ԵՊՀ պատմության ֆակուլտետում, և դեսպանը սիրով ընդունել է իմ հարվերը։ Մեր ուսանողներին տեղեկություններ են անհրաժեշտ նաև ժամանակակից Վրաստանի մասին, քանի որ մի բան է, երբ նրանք դասախոսներից են ստանում այդ գիտելիքները, մեկ այլ բան է, երբ լսում են, ինչպես նաև հնարավորություն են ունենում իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալու անմիջապես միջավայրում ապրող և գործունեություն ծավալով անձից»,- ասաց դեկանը։
Մխիթար Գաբրիելյանը համոզված է, որ Վրացագիտության կենտրոնը կդառնա կրթական վերապատրաստումների, փոխանակման ծրագրերի, գիտության ոլորտում համատեղ հետազոտությունների, գիտաժողովների կազմակերպման հարթակ։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շավարշիձեն, ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։