- Գլխավոր
- Նորություններ
- Գիտության առաջընթացին համահունչ գործուն քայլեր՝ ԵՊՀ-ում
Ապրիլ 01, 2024 | 10:10
Գիտություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Գիտության առաջընթացին համահունչ գործուն քայլեր՝ ԵՊՀ-ում
Գիտության առաջընթացին զուգահեռ՝ գազային սենսորների պահանջարկն ավելի է մեծանում, ինչի ուսումնասիրության ուղղությամբ ԵՊՀ-ում կատարվում են գործուն քայլեր։ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտակ Սայունցը միջազգային գիտական հեղինակավոր ամսագրերում և գիտաժողովների նյութերում ունի տպագրված ավելի քան 40 հոդվածներ, որոնց առանցքային թեմաներից է գազային սենսորիկայի ուսումնասիրությունը:
Գազային սենսորիկան առանցքային ուղղություն է նանոտեխնոլոգիայի ոլորտում: «Room Temperature Detection of Hydrogen Peroxide Vapor by Fe2O3:ZnO Nanograins», (Fe2O3:ZnO նանոհատիկների միջոցով սենյակային ջերմաստիճանում ջրածնի պերօքսիդի գոլորշու հայտնաբերումը) համահեղինակությամբ տպագրված հոդվածում Արտակ Սայունցն անդրադարձել է սենյակային ջերմաստիճանում աշխատող H2O2-ի (ջրածնի պերօքսիդի) սենսորներին, վերջիններիս պարամետրերին, ինչպես նաև դրանց յուրահատկություններին:
Թեմայի արդիականության, սենսորների կիրառության և հետազոտության ընթացքի մասին պատմում է գիտաշխատող Արտակ Սայունցը:
«Սենսորիկա» բառն ինքին ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի, և սենսորները օգտագործվում են գրեթե ամենուր: Օրինակ՝ բոլորիս բնակարաններում կան բնական գազի սենսորներ, որոնք արձագանքում են գազի արտահոսքի դեպքում: Վերոհիշյալ օրինակից բացի՝ գոյություն ունեն բազմաթիվ թունավոր կամ պայթյունավտանգ գազեր, որոնք չունեն ո՛չ հոտ, ո՛չ էլ գույն, սակայն կոնցենտրացիայի թույլատրելի շեմը գերազանցելու դեպքում դրանք էական վտանգ կարող են հանդիսանալ ոչ միայն մարդու առողջության, այլ նաև շրջակա միջավայրի համար: Հետևաբար շրջակա միջավայրում օդի որակի մշտադիտարկում ապահովելու համար ցանկալի է օգտվել հենց կիսահաղորդչային գազային սենսորներից․ ինչո՞ւ, որովհետև մարդու զգայարանները օժտված չեն այնպիսի հատկություններով, որոնք հնարավորություն կտան զգալու ցանկացած գազի առկայությունը, իսկ սենսորը ոչ միայն կարող է հայտնաբերել տվյալ գազը, այլ նաև չափել վերջինիս կոնցենտրացիան օդում և միևնույն ժամանակ չարձագանքել տարբեր այլ գազերի առկայությանը:
Սենսորիկան՝ բժշկության և դեղագործության մեջ
Սենսորիկան լայնորեն կիրառվում է նաև բժշկության և դեղագործության մեջ: Օրինակ՝ մարդու արտաշնչած օդում տարբեր գազերի առկայությունը կարող է տարբեր հիվանդությունների ցուցիչ հանդիսանալ, եթե վերջիններիս կոնցենտրացիան գերազանցում է թույլատրելի քանակը: Սենսորների միջոցով տվյալ գազերի հայտնաբերումը թույլ կտա հիվանդներին խուսափել ախտորոշման ամենանգամյա ինվազիվ մեթոդներից և կիրառել վերը ներկայացված ոչ ինվազիվ եղանակը:
Fe2O3:ZnO նանոհատիկների հիման վրա պատրաստված սենսորը, որի հետազոտության արդյունքները տպագրվել են Q1 միջազգային բարձր վարկանիշ ունեցող «Nanomaterials» ամսագրում, գիտական տեսանկյունից մեծ նշանակություն ունի․ զգում է անգամ փոքր քանակության ջրածնի պերօքսիդի գոլորշիները: Ջրածնի պերօքսիդն օգտագործվում է դեղագործության մեջ՝ որպես ախտահանիչ նյութ, որով մաքրում են տարաները՝ դեղերն այնտեղ լցնելուց առաջ: Դեղամիջոցը տվյալ տարայի մեջ լցնելուց առաջ անհրաժեշտ է, որ ախտահանումից հետո տարաներում ջրածնի պերօքսիդ նույնպես չլինի: Իսկ վերջինիս շատ փոքր քանակությունների հայտնաբերումը կատարվում է հենց այնպիսի գերզգայուն սենսորների միջոցով, ինչպիսին է, օրինակ, մեր պատրաստած կառուցվածքը:
Մրցունակ արդյունք ունենալը՝ նպատակ
Ամեն անգամ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում բարելավելով պարամետրերը՝ մեզ հաջողվում է ստեղծել կառուցվածքներ, որոնք կարող են մրցակցել գերժամանակակից, ներկայիս պայմաններին և պահանջներին համապատասխան սենսորների հետ:
Այն, որ մեր սենսորները ոչնչով չեն զիջում ներկայում արդեն իսկ կիրառություն գտած սենսորներին, մենք համոզվեցինք Շվեյցարիայում: «Roche» դեղագործական ընկերությունում մենք ծանոթացանք իրենց կողմից օգտագործվող ջրածնի պերօքսիդի սենսորներին, որոնք կարելի է ասել մինիմալ կոնցենտրացիայի հայտնաբերման տեսանկյունից նույնիսկ զիջում էին մեր սենսորներին:
Հետազոտությունը՝ հասանելի գիտական լայն հանրույթին
Մեր հետազոտական աշխատանքի արդյունքները տպագրվեցին միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրում՝ հասանելի դառնալով գիտական լայն հանրույթին, ինչը փաստում է աշխատանքի արդիականությունը և կարևորությունը:
Ներկայում համալսարանն ամեն կերպ աջակցում է գիտնականներին, խթանում բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում հոդվածների տպագրումը՝ հատկացնելով ֆինանսական աջակցություն, ինչպես նաև պարբերաբար վերազինում համալսարանի նյութատեխնիկական բազան:
Արտակ Սայունցը Երևանի պետական համալսարանում աշխատում է 2013 թվականից: Գիտության ոլորտում մնալու որոշումը ստիպել է նրան հրաժարվել իր երկրորդ մասնագիտությունից՝ ծրագրավորումից: Սենսորիկայի ոլորտին ծանոթանալու, իսկ այնուհետև նաև այդ ոլորտում իր հմտությունները դրսևորելու հնարավորություն ստանալու համար Արտակ Սայունցը շնորհակալ է երջանկահիշատակ ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանին: Նա նշում է, որ գիտական աշխատանքը հեշտ չէ, և գիտնականը պետք է օժտված լինի համբերությամբ և աշխատասիրությամբ: Բայց է՛լ ավելի դժվար է ունենալ լավ գիտական խումբ, որի թիմային աշխատանքի շնորհիվ կարելի է հաղթահարել ցանկացած խնդիր և հասնել հաջողության: Արտակ Սայունցը հպարտանում է իրենց խմբով, որն այժմ ղեկավարում է Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, տ.գ.դ. Միքայել Ալեքսանյանը: