- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը համալրվեց հայերեն նոր քարտեզներով
Մարտ 29, 2024 | 15:30
Գործընկերներ
Կրթություն
Միջոցառումներ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը համալրվեց հայերեն նոր քարտեզներով
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը հայերեն նոր ուսուցողական քարտեզներ ստացավ գործընկեր «Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն» ընկերությունից։ Նոր քարտեզները կթարմացնեն ֆակուլտետի քարտեզագրական ֆոնդը և կնպաստեն ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետին նվիրաբերված 13 տեսակի բավական մեծ չափերով քարտեզները, որոնց շարքում էր նաև քաղաքական քարտեզը, ներկայացնում են Հայկական լեռնաշխարհը, Երկրի բուսական և կենդանական աշխարհը, աշխարհի բնական ռեսուրսները, կենդանիներն ու բուսականությունը, մայրցամաքները, դրանց արդյունաբերության ճյուղերն ու հանքային ռեսուրսները։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը նշեց, որ գործընկերոջ նվիրաբերած քարտեզների միջոցով ուսանողները հնարավորություն կունենան նորովի ուսումնասիրելու քարտեզագրության ոլորտը։ Դեկանն ընդգծեց, որ գործընկերոջ հետ արդեն իսկ քննարկել են համագործակցության ուղիները՝ ուսումնաարտադրական պրակտիկաներ, համատեղ սեմինարներ և այլն։
«Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Արամ Ստեփանյանը ասաց, որ քարտեզների տպագրության նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակում։ Նա հավելեց, որ դրանք գծագրվել են վերջին տարիներին և տպագրվել են Եվրոպայում միջազգային չափանիշներին համապատասխան՝ պահպանելով էկոլոգիական չափորոշիչները։
«Մեզ համար մեծ պատիվ է Երևանի պետական համալսարանին քարտեզներ նվիրաբերելը։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտներն են պետական կառավարման մարմիններին և մասնավոր ընկերություններին անհրաժեշտ այն մասնագետները, որոնք իրենց ներդրումն են ունենում քարտեզագրության, գեոդեզիայի, օդալուսանկարահանման, լազերային սկանավորման բնագավառներում։ Իսկ այդ բնագավառներն օր օրի ավելանում են, ուստի մեզ համար կարևոր է համալսարանի հետ համագործակցությունը։ Մեծ ցանկություն ունեինք, որ առաջին կառույցը, որին կնվիրաբերեինք մեր արտադրանքը, լիներ հենց Երևանի պետական համալսարանը, որի հետ ակնկալում ենք ունենալ տևական համագործակցություն»,- ընդգծեց Արամ Ստեփանյանը։
Քարտեզագրության և գեմատոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արտակ Փիլոյանը, կարևորելով ընկերության հետ շարունակական համագործակցությունը, շեշտեց, որ ընկերության աշխատակազմի զգալի մասը հենց ֆակուլտետի շրջանավարտներն են։
«Հայաստանում չկան քարտեզագրական մասնավոր մեծ ընկերություններ, որտեղ կարող ենք մեծ թվով ուսանողների ուղարկել ուսումնաարտադրական պրակտիկայի, այդ իսկ պատճառով ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի շուկայում մեծ ներուժ ունեցող փոքր և միջին կազմակերպությունների հետ համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար»,- նշեց նա։
Արտակ Փիլոյանը, ներկայացնելով քարտեզները, ասաց, որ բացի ֆիզիկաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական քարտեզներից առկա են նաև տեղագրական քարտեզներ, որոնց միջոցով ուսանողները սովորում են տեղագրություն և հատակագծի կազմում։
Միջոցառմանը ներկա էին «Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսկան կազմի ներկայացուցիչները։