- Գլխավոր
- Նորություններ
- Նկարներ ու գույներ ԵՊՀ-ում. Մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Art-wine» միջոցառում
Ապրիլ 02, 2024 | 15:43
Հասարակություն
Միջոցառումներ
Մշակույթ
Նկարներ ու գույներ ԵՊՀ-ում. Մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Art-wine» միջոցառում
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում անցկացվեց Մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Art-wine» միջոցառումը, որի ժամանակ ԵՊՀ կին աշխատակիցները հնարավորություն ունեցան աշխատանքային օրն ընդմիջելու արվեստով։
![](/sites/default/files/styles/large_slide/public/2024-04/19_0.jpg?h=ec6acde3&itok=uqZKJ0zx)
Կանայք ակտիվորեն ներգրավված են կրթական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում: ԵՊՀ-ում ևս մեծ է կին աշխատակիցների ավանդը գիտակրթական գործընթացի կայուն զարգացման գործում։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-04/17.jpg?itok=_GZk9Nu6)
Գնահատելով գիտակրթական կյանքի զարգացմանն ուղղված կին աշխատակիցների ներդրումն ու կարևորությունը՝ ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժնի ջանքերով կազմակերպվեց միջոցառումը, որը նպատակ ուներ արվեստի շուրջ համախմբելու կին աշխատակիցներին՝ օրը դարձնելով հիշարժան ու տարբերվող:
Հաճելի մթնոլորտում բարձր տրամադրությամբ և դրական հույզերով աշխատակիցները կտավի վրա պատկերեցին բնանկարներ։ Մասնագիտական խորհուրդներով աշխատակիցներին աջակցեցին և նկարչական հմտություններ փոխանցեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի սաները։ Նկարելու գործընթացն ուղեկցվեց հյուրասիրությամբ։
ԵՊՀ աշխատակիցներից Ալվինա Կոստանյանը նշեց, որ նման միջոցառումները հիանալի հնարավորություն են գործընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու և սիրելի զբաղմունքները զարգացնելու համար՝ բացահայտելով նոր հմտություններ:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-04/07.jpg?itok=hsYK018j)
«Միշտ երազել եմ նկարելու մասին, բայց թվացել է, թե չեմ կարողանում: Նկարելու երազանքս այսօր իրականացավ, և հասկացա, որ ստացվում է: Հույզերս աննկարագրելի են»,- պատմեց Ալվինան:
Աշխատակից Աննա Աղուզումցյանը նշեց, որ յուրահատուկ ձևաչափով կազմակերպված նմանօրինակ միջոցառումները մոտիվացնող են և սպասված:
Միջոցառման ավարտին ԵՊՀ աշխատակիցները վերցրին իրենց պատկերած կտավները՝ որպես միջոցառման՝ արվեստի հետ հաղորդակցվելու օրվա հուշ-խորհրդանիշ։