- Գլխավոր
- Նորություններ
- «Հաշվետու գիտաժողով-2024»․ գիտական միջոցառում ԵՊՀ-ում
Ապրիլ 15, 2024 | 17:00
Գիտություն
Կոնֆերանսներ
Կրթություն
«Հաշվետու գիտաժողով-2024»․ գիտական միջոցառում ԵՊՀ-ում
Գիտության զարգացման, միջգիտակարգային ոլորտների գիտահետազոտական առաջընթացի, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և ֆակուլտետների համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՊՀ-ում անցկացվեց եռօրյա գիտաժողով: Զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ գիտնականները և հետազոտողները՝ ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների արդյունքները, գործունեության ուղղություններն ու տեսլականը։
Եռօրյա գիտաժողովն ամփոփեց մարտ և ապրիլ ամիսներին ԵՊՀ գիտական ստորաբաժանումներում՝ գիտական կենտրոններում և լաբորատորիաներում, ինչպես նաև տարբեր ֆակուլտետներում կայացած հաշվետու սեմինարները և ժողովները։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով առաջին անգամ նմանօրինակ ձևաչափով կազմակերպվող գիտաժողովի մասին, նշեց․ «Վերջին տարիներին զգալիորեն աճել է գիտության ոլորտին ուղղված պետության ֆինանսավորումը, որն արտահայտվում է աշխատավարձերի բարձրացմամբ, տարբեր սարքավորումների ձեռքբերմամբ, ենթակառուցվածքների և լաբորատորիաների վերազինմամբ, թեմատիկ դրամաշնորհների հատկացմամբ և այլն։ Որպես պատասխանատու համայնք՝ անհրաժեշտ ենք համարում հաշվետու լինել՝ ցույց տալով, թե ինչպես է կատարվել հատկացված ֆինանսների տնօրինումը»։
Անդրադառնալով դրամաշնորհային ծրագրերին՝ ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ նախատեսվում է համալսարանում ավելացնել գիտակրթական ներքին դրամաշնորհների թիվը։
«Սեպտեմբերի 1-ից կմեկնարկեն դրամաշնորհային շուրջ 10 նոր ծրագրեր՝ գրեթե 100 մլն դրամի չափով։ Պետք է նշեմ, որ ներքին դրամաշնորհների մի մասը հատկացվում է կրթական ծրագրերի բարեփոխմանը, քանի որ կրթությունն ու գիտությունը պետք է զարգանան միմյանց համընթաց»,- նշեց ռեկտորը՝ ընդգծելով կրթության որակի ու կրթական ծրագրերի շարունակական բարելավման առաջնահերթությունը։
Հովհաննես Հովհաննիսյանն առանձնացրեց նաև միջազգային և տեղական գիտական համաժողովներին, սիմպոզիումներին ԵՊՀ գիտաշխատողների և հետազոտողների մասնակցության կարևորությունը՝ համարելով այն լավ հնարավորություն նոր գիտելիքներ ստանալու և դրանք կրթական գործընթացում ինտեգրելու տեսանկյունից։
Խոսելով միջազգային հեղինակավոր ամսագրերում համալսարանականների տպագրած հոդվածների մասին՝ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը նշեց, որ 2023 թ․ աճել է ԵՊՀ հրապարակումների թիվը միջազգային գիտական «Scopus» շտեմարանում՝ հասնելով 404-ի։
«Սա շատ նշանակալի ցուցանիշ է, ինչը կարևոր ենք համարում բոլորիս համար։ Այժմ էապես ակտիվացել է արտերկրում հոդվածներ տպագրելու միտումը։ Պետք է նշել, որ յուրաքանչյուր տարի միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումների ընդհանուր թվի միջինը 20-30 տոկոսը բաժին է ընկնում ԵՊՀ-ին»,- նշեց Ռ․ Բարխուդարյանը։
Այժմ ԵՊՀ-ում գործում է թեմատիկ դրամաշնորհային 99 ծրագիր, ընդհանուր բյուջեն կազմում է 4,7 մլրդ դրամ։ Առկա են առաջատար հետազոտությունների 11 ծրագրեր՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, որոնց մասին առավել մանրամասն ներկայացրեց կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը։
«Դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորմանը և բաշխվածությանը ուշադրություն դարձնելով՝ նկատելի է էական աճ, որն ուղղված է գիտական կյանքի զարգացմանը: Վստահեցնում եմ, որ ֆինանսավորումն ու առկա դրամաշնորհային ծրագրերն ավելանալու են»,- նշեց նա։
Կոմիտեի նախագահի տեղակալը պատասխանեց նաև ԵՊՀ գիտաշխատողների և հետազոտողների հարցերին՝ հետազոտական ծրագրերին հատկացվող ֆինանսավորման տրամաբանության և հարակից այլ հարցերի հետ կապված։
Ընդգծելով գիտաժողովի նշանակությունը՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Լուսինե Ալոյանը կարևորեց այն․ «Երբեմն նույնիսկ մեկ ֆակուլտետի, գիտահետազոտական ինստիտուտի կազմում գործող երկու լաբորատորիաներ տեղյակ չեն լինում միմյանց գործունեությունից, հետևաբար նմանօրինակ գիտաժողովները չափազանց կարևոր են գործակցելու, միմյանց օգտակար լինելու տեսանկյունից»։
Գիտաժողովին զեկուցումներով ներկայացան նաև ԵՊՀ ներքին դրամաշնորհների շահառուները՝ ներկայացնելով իրենց փորձառությունն ու ընձեռված հնարավորությունները։
Հավելենք, որ ԵՊՀ-ն ուշադրության առանցքում է պահում ուսումնական և գիտական լաբորատորիաների վերակառուցումն ու վերազինումը՝ կարևորելով միջավայրի լավարկումը՝ որպես գիտակրթական կյանքի զարգացման նախապայման։ Վերջերս վերանորոգվել, նոր սարքավորումներով համալրվել ու կահավորվել են Քիմիայի ֆակուլտետի մի շարք լաբորատորիաներ, հին սարքավորումները փոխարինվել են նորով, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում կառուցվել է «մաքուր սենյակ»: