- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում անցկացվեց ֆուտզալի` տղաների միջբուհական մրցաշարը
Մայիս 15, 2024 | 17:10
Մրցույթներ
Սպորտ
ԵՊՀ-ում անցկացվեց ֆուտզալի` տղաների միջբուհական մրցաշարը
ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի շրջանակում ԵՊՀ-ում անցկացվեց ֆուտզալի` տղաների միջբուհական մրցաշարը: ԵՊՀ թիմը եզրափակիչ մրցապայքարում զբաղեցրեց մրցանակային 2-րդ հորիզոնականը:
Եզրափակիչում առաջին և երկրորդ մրցանակային տեղերի համար պայքարում էին ԵՊՀ թիմը և Շիրակի մարզի բարձրագույն ուսումնական հաստատությունները ներկայացնող հավաքականը:
ԵՊՀ թիմի մարզիչ, Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Սարիբեկ Մուրադյանը, խոսելով ԵՊՀ թիմի պատրաստվածության և խաղի մասին, նշեց. «ԵՊՀ թիմում տարբեր ֆակուլտետներից ընդգրկված են տարբեր կուրսերի ուսանողներ: Լարված եզրափակիչ ունեցանք. երկու թիմերն էլ բավականին լավ էին պատրաստված: Հավասար պայքար էր ընթանում, սակայն տուգանային հարվածների արդյունքում ԵՊՀ մարզիկները զբաղեցրին երկրորդ հորիզոնականը, ինչը, կարծում եմ, լավ ցուցանիշ է»:
Ֆուտզալի՝ տղաների միջբուհական մրցաշարն անցկացվել է երկու փուլով: Սկզբնական փուլում առաջին չորս տեղեր զբաղեցրած թիմերը դուրս են եկել «Play off» փուլ, որտեղ թիմերը պայքարել են կիսաեզրափակիչում՝ ամփոփելով խաղի վերջնարդյունքն արդեն եզրափակիչում: Մրցապայքարում երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, չորրորդ տեղը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հավաքական թիմը:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ ֆուտզալի հավաքական թիմերը: