- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտները աշխատաշուկայում ամենապահանջված մասնագետներից են
Մայիս 30, 2024 | 11:34
Կրթական ծրագրեր
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտները աշխատաշուկայում ամենապահանջված մասնագետներից են
Երևանի պետական համալսարանի ամենապահանջված կրթական ծրագրերից է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում գործող «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագիրը: Այն ներդրվել է 2001 թվականին, իսկ կրթական ծրագրի տարբեր տարիների շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանի ֆինանսական տարբեր կազմակերպություններում և պետական հաստատություններում:
Խոսելով մասնագիտության առանձնահատկություններից և ընձեռած հնարավորություններից՝ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Ավետիսյանը նշեց․ «Ակտուարական մաթեմատիկան ընդհանուր ֆինանսական մաթեմատիկայի մի մասն է: Ակտուարական հմտությունները կիրառվում են ֆինանսական համակարգի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բանկային, ապահովագրական, ներդրումային, կենսաթոշակային: Ակտուարները տիրապետում են մաթեմատիկայի, վիճակագրության և ֆինանսների տեսության խոր գիտելիքների: Առավել նեղ մասնագիտացմամբ՝ նրանք ռիսկերի կառավարիչներ են, որոնք, օգտագործելով մաթեմատիկական լուրջ գործիքակազմ, հաշվարկում են ապագայում որոշ իրադարձությունների տեղի ունենալու հավանականությունը, ուղիներ են փնտրում անցանկալի իրադարձությունները կանխելու կամ դրանց հնարավոր ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Նրանց ստեղծած ֆինանսական մոդելներով հաշվարկվում են ապահովագրական, կենսաթոշակային և բանկային սակագները, ընկերության վճարունակության համար պահանջվող կապիտալի և անհրաժեշտ պահուստների մեծությունները: Ակտուարները նաև տվյալների վերլուծաբաններ են, որոնք նշված հաշվարկները և կանխատեսումները կատարելու համար հավաքագրում, մշակում և վերլուծում են մեծ ծավալով տեղեկություններ»։
Կարինե Ավետիսյանն ընդգծեց, որ ակտուարներն անփոխարինելի մասնագետներ են կենսաթոշակային և ապահովագրական համակարգերում: Նրանց կատարած հաշվարկներով է որոշվում, թե տվյալ մարդը (ելնելով տարիքից, սեռից և մասնագիտությունից) իր աշխատավարձից որքան գումար պետք է վճարի կենսաթոշակային հիմնադրամին, որպեսզի այն մնա կայուն և համապատասխան տարիքում իրեն ապահովի բարեկեցիկ ծերություն:
Այս ոլորտի մասնագետները, հաշվի առնելով ավտոմեքենայի մակնիշը, շարժիչի հզորությունը, շահագործման ժամկետը և այլ հատկանիշներ, հաշվարկում են, թե որքան է այդ մեքենայի՝ վթարի ենթարկվելու վտանգը, պատահարի դեպքում այն ինչ վնաս կարող է հասցնել մյուս կողմին և ըստ այդմ՝ տվյալ մեքենայի համար որքան կկազմի ապահովագրավճարի չափը:
Ակտուարները խիստ պահանջված են նաև բանկերում. նրանք են հաշվարկում, թե որ վարկն է առավել ռիսկային, որքան պետք է կազմի տոկոսադրույքը կամ որքանով է ռիսկային տվյալ վարկային պորտֆելը: Նրանք ներգրավված են նաև աուդիտորական, խորհրդատվական և վերահսկողական գործառույթներում, կարելի է ասել՝ «դրսից» են ուսումնասիրում ֆինանսական կազմակերպության սակագնային, ներդրումային, ռիսկային, կորպորատիվ կառավարման քաղաքականությունները և տրամադրելով համապատասխան խորհրդատվություն՝ բանկին, ապահովագրական կամ ներդրումային ընկերությանը օգնում գործելու օրենսդրական պահանջներին համապատասխան և մնալու վճարունակ:
Կան ոլորտներ, որոնցում անհնար է գործունեություն ծավալել՝ առանց այս մասնագետների:
«Հայաստանում օրենքով ամրագրված է, որ ապահովագրական ընկերությունը պարտադիր պետք է ունենա լիցենզավորված ակտուար: Հակառակ դեպքում՝ ընկերությունը պարզապես կզրկվի արտոնագրից»,- նշեց Կարինե Ավետիսյանը:
Հայաստանում այս ոլորտի մասնագետների պահանջարկն ի հայտ եկավ 2000-ականների սկզբին, երբ երկրում ավարտին էր մոտենում շուկայական տնտեսության անցնելու փուլը: Կարճ ժամանակ անց հիմնվեց Հայաստանի ակտուարների միությունը, որի առաջին նախագահն էր ԵՊՀ «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» կրթական ծրագրի շրջանավարտ Աստղիկ Անանյանը: Միությունն անդամակցում է Ակտուարների միջազգային ասոցիացիային (Մեծ Բրիտանիա), ինչը նկատելիորեն նպաստում է Հայաստանում այս մասնագիտության զարգացմանը:
«2001 թ․ ԵՊՀ-ում ստեղծվեց «Ակտուարական մաթեմատիկա» մագիստրոսական ծրագիրը, որը երկու տարի անց ներդրվեց նաև բակալավրիատում: 2007 թ․ ԵՊՀ-ում բացվեց Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնը, որտեղ գործում են «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» բակալավրի և «Ակտուարական մաթեմատիկա», «Ֆինանսական մաթեմատիկա» ու «Ռիսկերի կառավարում» մագիստրոսական երեք կրթական ծրագրերը: Ընդ որում, վերջին երկուսը՝ մեկ տարի տևողությամբ։
Բակալավրիատում առկա է «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» ընդհանուր ուսումնական ծրագիրը․ ուսանողները հնարավորություն ունեն նաև կամընտրական առարկաներից ընտրելու համապատասխան մասնագիտական դասընթացներ:
Իսկ ահա մագիստրատուրայում ակտուարների, ռիսկերի կառավարիչների և ֆինանսական մաթեմատիկոսների (ներկայում Արևմուտքում տարածված է «քվանթ» անվանումը) համար նախատեսված են առանձին ուսումնական ծրագրեր: Վերջին երկուսի դեպքում՝ մեկամյա տևողությամբ։ Ավարտելիս ուսանողները ստանում են ֆինանսական մաթեմատիկայի բակալավրի կամ մագիստրոսի աստիճան՝ համապատասխան մասնագիտացմամբ։
Ամբիոնի կրթական ծրագրերն ապահովում են լիարժեք մասնագիտական կրթություն, ուստի շրջանավարտները, անհրաժեշտ քննությունները հանձնելով, հնարավորություն ունեն ստանալու համապատասխան միջազգային վկայագրեր»,- փաստեց Կարինե Ավետիսյանը:
Ըստ ԵՊՀ դոցենտի՝ ամբիոնի շրջանավարտներն այնքան պահանջված են, որ նրանց մեծամասնությունն արդեն ընդգրկված է ֆինանսական համակարգի պետական և մասնավոր տարբեր կառույցներում: Նույնիսկ այդ պարագայում չի հաջողվում ամբողջությամբ լրացնել ոլորտում առկա թափուր հաստիքները:
«Ներկայում կրթական ծրագրի առաջին կուրս են ընդունվում մինչև 70-80 հոգի: Մինչդեռ եղել են տարիներ, երբ ունեցել ենք 127 առաջինկուրսեցի: Որպես կանոն յուրաքանչյուր ուսումնական տարում 100-120 առաջինկուրսեցի էինք ունենում, սակայն հետագայում, հանգամանքների բերումով, ուսանողների ընդհանուր թիվը որոշակիորեն նվազեց»,- նշեց ամբիոնի վարիչը՝ ընդգծելով, որ շրջանավարտները պահանջված են թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների ֆինանսական առաջատար հաստատություններում։
«Մեր շրջանավարտներից Ինգա Արիստակեսյանը ՀՀ կենտրոնական բանկում որպես ռիսկերի կառավարիչ աշխատելուց հետո հրավիրեց Համաշխարհային բանկի Ֆրանսիայի գրասենյակ՝ զբաղեցնելու ֆինանսական վերլուծաբանի հաստիքը, որպեսզի շուրջ 40 երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչներին ծանոթացնի ռիսկերը կառավարելու հմտություններին: Կրթական ծրագրի մեկ այլ շրջանավարտ ներկայում Ավստրալիայի ազգային բանկի ակտուարն է, մյուսը՝ Գերմանիայի Դոյչբանկի ռիսկերի կառավարիչը: Կանադայում Օնթարիոյի ուսուցիչների կենսաթոշակային հիմնադրամի ակտուարը և պորտֆելի կառավարիչը ևս մեր շրջանավարտն է: Աշխարհի ամենամեծ ներդրումային կազմակերպության՝ «Բլեքռոք»-ի փոխնախագահներից Նարեկ Թովմասյանը նույնպես ֆակուլտետի շրջանավարտն է։ Հայաստանում ոլորտի ռիսկերի կառավարիչների մոտ 80 տոկոսը, իսկ ակտուարների 100 տոկոսը մեր շրջանավարտներն են: Օրինակները շատ են: Կարծում եմ՝ այդ ամենը մեր աշխատանքի ամենաբարձր գնահատականն է»,- շեշտեց Կարինե Ավետիսյանը:
Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում առայժմ միայն իրենց ամբիոնն ունի մեկ տարի տևողությամբ մագիստրոսական ծրագիր։
«Ֆակուլտետում գործում է մեկ տարի տևողությամբ մագիստրոսական երկու ծրագիր՝ «Ֆինանսական մաթեմատիկա» և «Ռիսկերի կառավարում»»,- նշեց Կ․ Ավետիսյանը:
Հաջորդ տարի ամբիոնը պատրաստվում է ներդնել մագիստրոսական նոր ծրագիր՝ բլոքչեյն տեխնոլոգիաների, վիրտուալ կամ թվային ակտիվների կառավարման ուղղվածությամբ, որում ուսումնառության տևողությունը նույնպես լինելու է մեկ տարի:
Ֆակուլտետի ուսանողներ Լիլիթ Խաչիկյանը, Ներսես Սրապիոնյանը, Հովհաննես Սրապիոնյանը, Անի Փարսյանը և Սոֆի Ավետիսյանը նշեցին, որ ընտրել են աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող և բարձր վարձատրվող մասնագիտություն, որը նաև ընձեռում է մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ և համադրվում է ոլորտային այլ մասնագիտությունների:
Ամբիոնի մեկամյա ծրագրով առաջին մագիստրանտ Էդիտա Ռուստամյանը նույնպես առանձնացրեց ստացած կրթության բազմաշերտությունը։
«Մաթեմատիկական գիտելիքներից բացի՝ ստացել ենք վիճակագրության, տնտեսագիտության, ֆինանսական մաթեմատիկայի, ապահովագրական ոլորտի խոր գիտելիքներ: Ավարտել եմ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագիրը, այժմ արդեն ավարտում եմ մագիստրատուրան: Աշխատում եմ ՀՀ կենտրոնական բանկում: Այստեղ ստացած գիտելիքները ճկունության տեսանկյունից ինձ շատ են օգնում աշխատանքային գործունեության մեջ»,- ասաց Էդիտան:
Մագիստրանտ Հայկ Հովհաննիսյանը նույնպես գտնում է, որ մասնագիտական ճիշտ ընտրություն է կատարել:
«Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բակալավրիատն ավարտելուց հետո տեղեկացա, որ ֆակուլտետում ներդրվել է նաև «Ֆինանսական մաթեմատիկա» մագիստրոսական ծրագիրը, որը թեպետ մեկամյա է, սակայն հնարավորություն է տալիս ավելի շատ հմտանալու ֆինանսական ոլորտում և դառնալու ավելի ճկուն ու մրցունակ աշխատաշուկայում։ Շատ գոհ եմ այս կրթական ծրագրից»,- նշեց նա:
«Ֆինանսական մաթեմատիկա» մագիստրոսական մեկամյա ծրագրի առաջին 16 շրջանավարտները փայլուն պաշտպանել են իրենց մագիստրոսական թեզերը և գրանցել աննախադեպ արդյունք․ բոլորն արժանացել են գերազանց գնահատականի:
Հատկանշական է, որ ֆակուլտետի տարբեր կրթական ծրագրի շրջանավարտները աշխատում են հենց իրենց մասնագիտությամբ։