- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ուսանողը՝ «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի մասնակից
Հունիս 21, 2024 | 10:57
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
ԵՊՀ ուսանողը՝ «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի մասնակից
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսի ուսանող Սամվել Պետրոսյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի եզրափակիչ փուլում կներկայացնի Հայաստանը:
ԵՊՀ ուսանող Սամվել Պետրոսյանը «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան չորս փուլերի արդյունքում ուսանողների շրջանում հաղթող ճանաչվեց՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Ճանաչվելով եզրափակիչ մրցափուլի հաղթող՝ վերջինս պարգևատրվեց ոսկե մեդալով, թանկարժեք մրցանակով:
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը իր գոհունակությունը հայտնեց մրցույթի կազմակերպման և չինարենի նկատմամբ Հայաստանում աճող հետաքրքրության կապակցությամբ։
Մրցույթի առաջին և երկրորդ փուլերում չինացի ուսուցիչներ Լյո Յինի և Սյու Փեյ Կանի սանն աչքի ընկավ չինարենի իմացության բարձր մակարդակով և երկրագիտական լայն մտահորիզոնով, իսկ արդեն 3-րդ և 4-րդ փուլերում տպավորիչ էին նրա վստահ և սահուն բանավոր խոսքն ու կիթառի ուղեկցությամբ ներկայացրած մշակութային համարը:
«Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլերն այս տարի անցկացվեցին երեք կատեգորիայի մասնակիցների՝ ուսանողների, ավագ դպրոցի և տարրական դասարանների աշակերտների համար:
Բարձրագույն կատեգորիայի՝ ուսանողների շրջանում անցկացվող մրցույթին մասնակցել են Հայաստանի մի շարք բուհերի ուսանողներ: Մրցույթն ավանդաբար անցկացվում է 4 փուլով. 1-ին փուլում մասնակիցները գրավոր քննություն են հանձնում, 2-րդ փուլում պատասխանում Չինաստանին վերաբերող երկրագիտական տարաբնույթ հարցերի, 3-րդ փուլում չինարենով ելույթ պատրաստում՝ բանավոր խոսքի և հռետորական հմտությունների ստուգման նպատակով, իսկ արդեն 4-րդ փուլում ներկայացնում մշակութային համար:
Նշենք, որ ԵՊՀ-ն ներկայացրած Սամվել Պետրոսյանը երկրորդ անգամ էր մասնակցում «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան եզրափակիչ մրցափուլին: Նախկինում ևս նա հաղթող էր ճանաչվել հիշյալ մրցույթում, սակայն ավագ դպրոցի աշակերտների շրջանում: Հատկանշական է այն, որ Սամվել Պետրոսյանը մրցույթին մասնակցեց և հաղթող ճանաչվեց ՀՀ բանակում պարտադիր զինվորական ծառայությունից 6 ամիս հետո:
Հավելենք, որ «Չինարենի կամուրջ» ամենամյա համաշխարհային մրցույթի հայաստանյան ընտրական փուլը կազմակերպում է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը և համակարգում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը: Ժյուրիի կազմում են ընդգրկված գերազանցապես չինաստանցի մասնագետները: