- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում էր Միչիգան-Դիրբոռնի համալսարանի պրոֆեսոր Արա Սանջյանը
Հունիս 24, 2024 | 15:15
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
ԵՊՀ-ում էր Միչիգան-Դիրբոռնի համալսարանի պրոֆեսոր Արա Սանջյանը
ԵՊՀ պատմության ֆակուլտետում դասախոսությունների շարքով հանդես եկավ Միչիգան-Դիրբոռնի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պ․գ․դ․ Արա Սանջյանը։ Դասախոսությունների շրջանակում նա մեկնաբանեց «Սփյուռք» և «Սփյուռքի պատմություն» հասկացությունները, անդրադարձավ սփյուռքահայության անցյալի ուսումնասիրության անհրաժեշտությանը։
Արա Սանջյանի հետազոտությունների շրջանակում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայաստանի, Թուրքիայի և Արևմտյան Ասիայի արաբական պետությունների պատմությունը։ Պրոֆեսորը զբաղվում է նաև ժամանակակից հայ պատմագրության հիմնահարցերի ուսումնասիրությամբ։
Ա․ Սանջյանը ներկայացրեց նաև 1920-1991 թթ․ Սփյուռքի պատմությունը՝ խոսելով այն մասին, թե արդյո՞ք այն կրոնական, քաղաքական, մարզական, կրթական ու մշակութային կառույցների պատմություն է, թե՞՝ ավելին։ Նա պատմեց նաև տասնամյակների ընթացքում այս կառույցների գործունեության փոփոխությունների, անդրազգային և տեղական հայկական կառույցների մասին, ընդգծեց միջազգային և հյուրընկալ պետությունների քաղաքական զարգացումները՝ շեշտելով ինքնության ընկալման՝ հայապահպանության կարևորությունը։
Նրա դասախոսությունների թեմաներից մեկը նվիրված էր պատմագրության ժամանակակից ժանրերին, հայոց պատմության ուսումնասիրության ապագային։
Դասախոսություններին ներկա էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ։