- Գլխավոր
- Նորություններ
- Հայ-ամերիկյան գիտակրթական կապերի ամրապնդում․ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
Հուլիս 08, 2024 | 16:52
Գործընկերներ
Կրթություն
Հետազոտություն
Հայ-ամերիկյան գիտակրթական կապերի ամրապնդում․ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» («ԷՅ-ՍԻ-ԹԻ-ԱՐ/ԱՔՍԵԼՍ») կազմակերպության հիմնադիր նախագահ Դեն Դեվիդսոնը, հաշվի առնելով կրթական և գիտական ոլորտներում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ու հնարավորությունը, ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր։
«Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» («ԷՅ-ՍԻ-ԹԻ-ԱՐ/ԱՔՍԵԼՍ») կազմակերպությունը, 1996 թվականից սկսած, իրականացրել է մեկ տասնյակից ավելի ծրագրեր՝ հնարավորություն տալով ավագ դպրոցի աշակերտներին և բուհերի 1400 ուսանողներին, մանկավարժներին և դասախոսական կազմի ներկայացուցիչներին ուսանելու, կատարելու հետազոտություններ և ձեռք բերելու մասնագիտական հմտություններ:
Բացի դրանից՝ ամերիկացի տասնյակ ուսանողներ, գիտնականներ և մասնագետներ ժամանել են այստեղ՝ հայերեն կամ տարածաշրջանային այլ լեզուներ սովորելու, ակադեմիական հետազոտություններ կատարելու, փոխայցելություններին մասնակցելու կամ մասնագիտական պրակտիկա անցնելու նպատակով։
ԵՊՀ-ի և կազմակերպության միջև հաստատված համագործակցության արդյունքում իրականացվելու է դասախոսների և վարչական անձնակազմի փոխանակում, դասավանդող անձնակազմի համար կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև ուսանողների փոխանակում ինչպես հետազոտական պրակտիկայի, այնպես էլ ուսուցման նպատակով:
Բացի դրանից՝ մշակվելու են կրթական համատեղ ծրագրեր, ուսումնական պլան, կազմակերպվելու են ակադեմիական հանդիպումներ և սիմպոզիումներ, ինչպես նաև գիտական և ամառային դպրոցներ։
Ըստ համաձայնագրի՝ կողմերն իրականացնելու են հետազոտական համատեղ գործունեություն, մասնակցելու են միջազգային, պետական ու մասնավոր հիմնադրամների և կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհներին։
Կողմերը հույս են հայտնել, որ հաստատված համագործակցությունը արդյունավետ գործունեության հիմք կդառնա՝ հետագայում է՛լ ավելի ընդլայնվելով ու խորանալով։