- Գլխավոր
- Նորություններ
- Մեկնարկեց «Փախստական և միգրանտ երեխաները» HELP առցանց դասընթացը
Հուլիս 16, 2024 | 15:08
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
Մեկնարկեց «Փախստական և միգրանտ երեխաները» HELP առցանց դասընթացը
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, Եվրոպայի խորհրդի և Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) համատեղ նախաձեռնությամբ «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում անցկացվեց երկու միջոցառում․ տրվեց «Փախստական և միգրանտ երեխաները» HELP առցանց դասընթացի մեկնարկը, և տեղի ունեցավ «Ապաստանը և մարդու իրավունքները» ՄԱԿ ՓԳՀ/HELP առցանց դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:
HELP առցանց հարթակը իրավաբաններին, ինչպես նաև տարբեր ոլորտների մասնագետներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, ինչպես նաև ՄԱԿ և ԵՄ մարմինների դիրքորոշումներին։
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Միրզոյանը, կարևորելով միջոցառման անցկացումը, նշեց, որ դասընթացները ոլորտի զարգացման և հմտությունների կատարելագործման լավ հնարավորություն են ընձեռում:
«Մենք այսօր մեկտեղում ենք երկու նախաձեռնություն: Միջոցառման մասնակիցները կվկայեն թեմայի կարևորության, ոլորտի զարգացման և նոր հնարավորությունների ձեռքբերման մասին: Նախորդ տարի ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը ՄԱԿ ՓԳՀ-ի և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ Հայաստանի տարբեր մասնագետների համար անցկացրել է «Ապաստանը և մարդու իրավունքները» HELP առցանց դասընթացը: Ներպետական համատեքստին հարմարեցված այս առցանց դասընթացի պիլոտային երկրորդ փուլին մասնակցել է 24 մասնագետ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, Գլխավոր դատախազությունից, Սահմանապահ զորքերից, Վերաքննիչ վարչական դատարանից և Վարչական դատարանից, Փաստաբանների պալատից և այլ կառույցներից»,- ասաց Լ. Միրզոյանը և հավելեց, որ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը պատրաստ է շարունակելու համագործակցությունը, բարելավելու և առաջ բերելու մարդու իրավունքներին առնչվող բոլոր թեմաները:
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, HELP դասընթացավար Սերգեյ Ղազինյանը «Փախստական և միգրանտ երեխաները» և «Ապաստանը և մարդու իրավունքները» առցանց դասընթացների դասընթացավարն է: Նա դասընթաց վարելու համար ստացել է համապատասխան լիցենզավորում, մասնակցել մի շարք դասընթացների: Սերգեյ Ղազինյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ դասընթացներին մասնակցում են տարբեր ոլորտներից ներկայացուցիչներ, որոնք յուրովի են ներկայացնում խնդրին առնչվող իրենց մոտեցումները, ինչն էլ հետաքրքիր է դարձնում գործընթացը: Նրանք ոչ միայն զարգացնում են իրենց կարողությունները, քննարկում ոլորտի խնդիրները, այլև կիսվում փորձառությամբ:
«Դասընթացը շատ կարևոր է՝ հաշվի առնելով վերջին տեղահանությունները դեպի Հայաստան, այդ թվում՝ Արցախից էթնիկ հայերի բռնի տեղահանությունը: Մեզ մոտ միգրացիոն հոսքերի կտրուկ աճ է գրանցվում, և Հայաստանը, բացի միգրացիա արտադրող երկիր լինելուց, դառնում է նաև միգրացիայի համար նպատակակետ երկիր. շատերն են գալիս Հայաստան: Եվ դա է պատճառը, որ ապաստանի հայցերի թիվը կտրուկ աճել է: Դրանց թիվը նախկինում տարեկան մոտ 250 էր, իսկ ներկայում 1000 է»,- նշեց Ս. Ղազինյանը:
Դասընթացը տևելու է 8 շաբաթ, որի շրջանակում մասնակիցները ուսումնասիրելու և քննարկելու են տարբեր թեմաներ: Դասընթացը բաղկացած է 7 մոդուլից՝ իրավական դաշտի հիմունքներ, երեխային հարմարեցված ընթացակարգեր, կալանքին այլընտրանքներ, ընտանիքի վերամիավորում, սոցիալական իրավունքներ և ինտեգրում, խնամակալություն, տարիքի գնահատում:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ապաստանի և միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեսթը առցանց ելույթի ժամանակ արդյունավետ միջոց համարեց դասընթացները, որոնց շնորհիվ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները ստանում են համապատասխան գիտելիքներ, հմտություններ, որոնք կկարողանան կիրառել հետագայում:
«Եվրոպայի խորհրդի HELP դասընթացները նպատակ ունեն բավարարելու մասնագետների պահանջները և առաջարկելու բարձրորակ վերապարաստում: Նշեմ, որ խորհրդակցելով պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ Եվրախորհուրդը համապարփակ փաթեթ է մշակել Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքելու համար: Մենք այս թիրախավորված փաթեթի միջոցով ուզում ենք աջակցել Հայաստանին և հայ ժողովրդին՝ այս խնդիրներին և մարտահրավերներին դիմակայելու համար»,- կարևորեց Դ. Բեսթը:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համտեքստում» ծրագրի ավագ ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, խոսելով համատեղ նախաձեռնության նպատակների մասին, ասաց. «Այսօր մեկնարկած դասընթացը մեկն է մի շարք այլ նմանօրինակ դասընթացներից, որոնց շնորհիվ մենք ցանկանում ենք մասնագետներին էական գիտելիքներ և հմտություններ տրամադրել երեխաներին պաշտպանելու, նրանց պահանջները բավարարելու նպատակով: Ուստի, հորդորում եմ դասընթացի մասնակիցներին հնարավորինս շատ սովորել և նոր գիտելիքներ ձեռք բերել, քանի որ նրանց աշխատանքի շնորհիվ երեխաները կունենան ավելի լավ կյանք»:
Միջոցառման ժամանակ առցանց ելույթներով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչության իրավաբանական բաժնի ղեկավար Գաննա Կոպտսիուխը, Եվրոպայի խորհրդի, Մարդու իրավունքների և օրենքի գերակայության տնօրինության եվրոպական արդարադատության և մարդու իրավունքների վերապատրաստումների բաժնի (HELP քարտուղարություն) ղեկավար Անա-Մարիա Տելբիսը, Ստրասբուրգում եվրոպական մարմիններում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչության իրավական հարցերով ներկայացուցիչ Դոլֆին Լենոնտղը, Եվրոպայի խորհրդի ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության ավագ իրավաբան Մուսա Խասանովը:
Միջոցառման ավարտին «Ապաստանը և մարդու իրավունքները» HELP առցանց դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցները ստացան հավաստագրեր: