- Գլխավոր
- Նորություններ
- Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում ԵՊՀ թիմը գրանցեց հրաշալի արդյունք
Օգոստոս 12, 2024 | 11:00
Գիտություն
Մրցույթներ
Ուսանողական
Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում ԵՊՀ թիմը գրանցեց հրաշալի արդյունք
ԵՊՀ ուսանողների թիմը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) նվաճեց 3 ոսկե և 1 արծաթե մեդալ: Թիմային հաշվարկում ԵՊՀ թիմը զբաղեցրեց պատվավոր 8-րդ հորիզոնականը։
Օգոստոսի 5-11-ն անցկացված Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցել են 78 թիմեր աշխարհի տարբեր համալսարաններից, թվով ՝ 401 ուսանող:
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողներ Վահագն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են ոսկե մեդալների, իսկ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Համլետ Պետրոսյանը՝ արծաթե մեդալի:
Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմի ղեկավարն էր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր Կարեն Քեռյանը: Թիմի մարզիչներ էին Կարեն Քեռյանը, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս, ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու Վազգեն Միքայելյանը, ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու Ալբերտ Գևորգյանը, ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու Տիգրան Հակոբյանը։
Խոսելով թիմի նախապատրաստական աշխատանքների մասին՝ Կարեն Քեռյանն ընդգծեց. «Իրականացվել են պարբերական, թիրախային պարապմունքներ: Հիմնականում կենտրոնացել ենք այն խնդիրների վրա, որոնց նմանները կարող էին ընդգրկվել IMC-ում: Մեր հաղթանակի գրավականներից էր նաև այն կարևոր հանգամանքը, որ թիմում ընդգրկված էին լավ պատրաստված և մասնագիտական նվաճումներ արձանագրած ուսանողներ»:
Կարևորելով Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում թիմային հաշվարկում ԵՊՀ թիմի՝ պատվավոր 8-րդ հորիզոնական զբաղեցնելը՝ Կարեն Քեռյանը նշեց. «Մենք այս օլիմպիադային մասնակցում էինք 20-րդ անգամ: Մեր գրանցած առավելագույն ցուցանիշները մինչ այս 4-րդ և 7-րդ հորիզոնականներն են եղել: Սա իսկապես ուրախալի, նշանակալի փաստ է, քանի որ բավականին դժվար է լավագույն տասնյակում ընդգրկվելը»:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Մաթեմատիկա» կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանող, ոսկե մեդալակիր Հայկ Կարապետյանը, խոսելով թիմում հանդես գալու և օլիմպիադային մասնակցելու մասին, պատմեց. «Ամենաբարդը թերևս թիմում ընդգրկվելն էր, քանի որ տաղանդավոր ուսանողները շատ էին, և անհրաժեշտ էր ներառվել լավագույն քառյակում: Դրանից հետո սկսվեցին ԵՊՀ-ի կազմակերպած պարապմունքները, որոնք շատ արդյունավետ էին: Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում երեք օր անընդմեջ գրեցինք փորձնական աշխատանքներ, կազմակերպեցինք քննարկումներ: Դա մեր թիմին օգնեց գրանցելու լավ արդյունք: Հպարտ եմ, որ կարողացել եմ ԵՊՀ-ն և Հայաստանը պատվով ներկայացնելու միջազգային ասպարեզում»:
Հավելենք, որ օլիմպիադայում ընդգրկված 10 խնդիրներից երկուսը կազմել և առաջադրել էին Տիգրան Հակոբյանը և Կարեն Քեռյանը: Օլիմպիադային ներկայացվել էին ավելի քան 80 խնդիրներ, որոնցից ժյուրիի քվեարկությամբ ընտրվել էին 10: