- Գլխավոր
- Նորություններ
- Հայաստանի ջրային պաշարների արդյունավետ կառավարման ուղիները՝ ԵՊՀ գիտնականի ուսումնասիրության առարկա
Հոկտեմբեր 08, 2024 | 14:31
Գիտություն
Հետազոտություն
Մրցույթներ
Հայաստանի ջրային պաշարների արդյունավետ կառավարման ուղիները՝ ԵՊՀ գիտնականի ուսումնասիրության առարկա
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյանի ներկայացրած նախագիծը հաղթող է ճանաչվել ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթում։ Նախագծի նպատակն է գտնել ՀՀ ջրային պաշարների արդյունավետ կառավարման ուղիներ:
«Հայաստանի ջրային օբյեկտների սառցային ռեժիﬕ բնութագրերի բաշխման հավանական փոփոխությունների գնահատումը ժամանակակից կլիմայի պայմաններում» վերտառությամբ նախագծի շրջանակում ԵՊՀ դոցենտն իր գիտական խմբի հետ շուրջ երեք տարի ուսումնասիրելու է Հայաստանի ջրային օբյեկտների սառցային ռեժիմը՝ կատարելով վտանգավոր ջրաբանական գործընթացների ժամանակակից ջրաօդերևութաբանական տեղեկատվության տարածաշրջանային վերլուծություն, գետերի սառցային երևույթների վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատում։ Ներկայացնելով առկա խնդիրները՝ ԵՊՀ դոցենտն ընդգծել է առաջարկվող նախագծի արդիականությունը:
Ջրային օբյեկտների սառցային ռեժիմի ուսումնասիրության անհրաժեշտությունը․ բնապահպանությունից մինչև տնտեսության զարգացում
Գետերի և ջրային օբյեկտների սառցային ռեժիմի տարածաժամանակային բաշխման օրինաչափությունների գնահատումն ունի կարևոր տեսական նշանակություն և գործնական կիրառություն, հատկապես ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, բնապահպանական խնդիրների լուծման, ջրային ուղիների յուրացման, հիդրոտեխնիկական կառույցների նախագծման և շահագործման, ինչպես նաև հիդրոէներգետիկայի և տնտեսական գործունեության այլ տեսակների համար: Հիդրոտեխնիկական կառույցների նախագծման և շահագործման ընթացքում առաջանում են ինժեներական բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը կախված է սառցային ռեժիմի առանձնահատկություններից, սառցային երևույթների գործընթացների զարգացման բնույթից: Դրա հետ մեկտեղ՝ գետերի սառցային ռեժիմում էական փոփոխություններ է առաջացնում հիդրոէլեկտրակայանների և հիդրոտեխնիկական այլ կառույցների հիմնումը։
Նոր հետազոտություն՝ ուղղված ոլորտի համակողմանի ուսումնասիրությանը
Ըստ հետազոտողի՝ ՀՀ ջրային օբյեկտների սառցային ռեժիմը շատ քիչ է ուսումնասիրված։ Հայաստանի համար կենսական և ռազմավարական ռեսուրսի նշանակություն ունեցող Սևանա լճի, լիճ թափվող գետերի, Դեբեդ և Արփա խոշոր գետավազանների սառցային երևույթների բնութագրերի հաշվարկի, ջրաէկոլոգիական անվտանգության և առանձնահատկությունների՝ գիտականորեն հիմնավորված հետազոտությունների, ինչպես նաև կանխատեսումների հրատապ ուսումնասիրության անհրաժեշտությունն ակնհայտ է հատկապես կլիմայի ժամանակակից փոփոխությունների համատեքստում:
Առկա դիտարկումները ցույց են տալիս, որ հանրապետության գետերի մեծ մասում նկատվում են տարբեր չափի և տևողության տարատեսակ սառցային երևույթներ՝ ափասառույց, ջրի վրա սառույցի բարակ շերտ, սառույց, սառցահոսք և այլն, որոնք հաճախ ի հայտ են գալիս միասին, իսկ երբեմն էլ՝ նույն գետի տարբեր հատվածներում: Հայաստանյան գետերի մեծ մասում սովորաբար բացակայում է գարնանային և աշնանային սառցահոսքը, իսկ կայուն սառցածածկ դիտվում է միայն առանձին գետերում․ գերակշռում է սառույցի բարակ շերտի ձևավորման գործընթացը:
Հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել ջրային տնտեսության գործունեության պլանավորման և միջոցառումների իրականացման, գետերի ջերմային ռեժիմի ուսումնասիրման և կանխատեսման, ջրաէկոլոգիական անվտանգության գնահատման և Հայաստանի Հանրապետության տարածքի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, պահպանության ռազմավարությունների մշակման համար։
Հետազոտության արդյունքները՝ տնտեսական և կրթական կարևոր ձեռքբերում
Հետազոտության շրջանակում նախատեսվում են դաշտային հետազոտական աշխատանքներ, հանդիպումներ ուսումնասիրվող տարածքի բնակչության, ինչպես նաև ոլորտի մասնագետների հետ. կքննարկվեն սառցային երևույթների ձևավորման լոկալ առանձնահատկությունները, տարածքի հիդրոէկոլոգիական անվտանգությունը։
Օգտագործելով նաև ներկայիս ջրաբանական դիտակետերի, օդերևութաբանական կայանների գործիքային դիտարկումների բազմամյա շարքերը՝ առաջին անգամ փորձ կարվի գնահատելու Սևանա լճի ավազանի գետերի, Դեբեդ և Արփա գետավազանների սառցային ռեժիմները:
Իրականացվող նախագծի արդյունքները մեծ նշանակություն կունենան մեր երկրի ջրային պաշարների արդյունավետ կառավարման և կարգավորված օգտագործման, ինչպես նաև տնտեսության զարգացման տեսանկյունից: Դրանք լայնորեն կօգտագործվեն կրթական ոլորտում ևս` աշխարհագրության, ջրաբանության, կլիմայագիտության և այլ բնագավառներում գիտական ու գիտամանկավարժական կադրերի պատրաստման նպատակով:
Կատարված հետազոտությունների հիման վրա կգրվեն ավարտական, մագիստրոսական աշխատանքներ և մեկ ատենախոսություն։ Արդյունքները կներառվեն «Ջրաբանություն», «Ջրաբանական կանխատեսումներ», «Ջրակլիմայական փոփոխությունների և ջրաէկոլոգիայի հիմնախնդիրները», «Ջրաօդերևութաբանական երևույթների մաթեմատիկական մոդելավորում», «Ջրային ռեսուրսների համալիր օգտագործման և պահպանման արդի հիմնախնդիրները» ուսումնական դասընթացներում՝ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Ջրաօդերևութաբանություն» մասնագիտացման բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար։
Միջազգային գործակցություն և ուսումնասիրությունների ամփոփում Q1 վարկանիշ ունեցող միջազգային հանդեսներում
Վարդուհի Մարգարյանի ղեկավարած գիտական խմբի կազմում են տեխ․ գիտ․ թեկնածու, ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հայցորդ, ՀՀ ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Հովակիմ Ֆրունզիկյանը։ Գիտական նախագծի իրագործման գործընկերն է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի մակերևութային հիդրոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նատալյա Ֆրոլովան: Նա իր փորձն է փոխանցելու խմբի անդամներին՝ կապված սառցային երևույթների բնութագրերի հաշվարկման և կանխատեսման, հիդրոօդերևութաբանական տվյալների վիճակագրական մշակման, ուսումնասիրվող տարածքի՝ ըստ սառցային ռեժիմի շրջանացման, ջրաէկոլոգիական անվտանգության տեսության և Հայաստանում դրա կիրառման հնարավորության գնահատման ուղղությամբ, ինչպես նաև սառցային ռեժիմի վրա կլիմայի և անթրոպոգեն ազդեցության գնահատման նոր մեթոդների և տեխնոլոգիաների օգտագործման ուղղությամբ։
Գիտական խումբն ակնկալում է տպագրել նախագծի իրականացման վերաբերյալ առնվազն 1 մենագրություն, 12-15 գիտական հոդված, որոնցից առնվազն երեքը պետք է ունենա Q1 քառորդին համարժեք «SJR» ինդեքս («SCImago Journal Rank Indicator»)։