- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ուսանողական խորհրդի նորընտիր նախագահը՝ աշխատանքային գործունեության և ապագա ծրագրերի մասին
Հոկտեմբեր 02, 2024 | 15:07
Ուսանողական
ԵՊՀ ուսանողական խորհրդի նորընտիր նախագահը՝ աշխատանքային գործունեության և ապագա ծրագրերի մասին
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «Բարոյագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կուրսում է սովորում ԵՊՀ ուսանողական խորհրդի (ՈՒԽ) նորընտիր նախագահ Հասմիկ Ափրեյանը: Նրա հետ զրուցել ենք ԵՊՀ ՈՒԽ գործառույթների, նոր գաղափարների ներդրման, ապագա ծրագրերի իրականացման մասին:
Հասմիկ Ափրեյանը ԵՊՀ ուսանողական խորհրդի կազմում ներգրավված է բակալավրիատի առաջին կուրսից: ՈՒԽ կազմում մասնակցելով բազմատեսակ ծրագրերի՝ նա նախորդ ուստարում ընտրվել էր ՈՒԽ պատասխանատու քարտուղար, իսկ այս ուստարի՝ համալսարանի ՈՒԽ նախագահ:
- Հասմի՛կ, ի՞նչ առաջնահերթություններ եք սահմանելու ՈՒԽ գործունեությունում։ ՈՒԽ որդեգրած ռազմավարության մեջ ի՞նչ նորարարություններ և փոփոխություններ եք կատարելու:
- ԵՊՀ ուսանողական խորհուրդը Հայաստանում ամենամեծ ուսանողական կառույցն է: Մենք այս տարի մեծ շուքով տոնեցինք ՈՒԽ 30-ամյակը։ Այդ միջոցառմամբ ևս արձանագրվեցին կառույցի ձեռքբերումներն ու կատարած նշանակալի աշխատանքները: ՈՒԽ գերնպատակը ուսանողների իրավունքների, շահերի պաշտպանությունն է, նպաստելը նրանց մասնագիտական (նաև ոչ ֆորմալ կրթության ձևաչափով) զարգացմանը։ ՈՒԽ-ն միշտ հավատարիմ է եղել իր գործառույթներին, որդեգրած արժեքներին, ինչը կլինի շարունակական: Սահմանված նշաձողերը պահպանելով՝ մեծ ջանքերով, եռանդով և միասնականությամբ կառուցելու ենք նորը, ստեղծելու ենք նոր ձևաչափեր, ծրագրեր:
Նորարարությունները անընդհատ մեզ ուղեկցելու են։ Շուտով մենք կունենանք հավելվածի տեսքով այլ հարթակ, որը կրելու է հաղորդակցական և իրազեկման բնույթ: Հարթակն առաջիկայում կթողարկվի և կներկայացվի համալսարանականներին. այն դեռևս փորձարկման և մշակման փուլում է: Նոր ձևաչափեր մշակվում են ու մշակվելու են ընդհանուր թիմի աշխատանքի շնորհիվ. շատ գաղտնիքներ չեմ ուզում բացել:
- Որպես ՈՒԽ նորընտիր նախագահ՝ ինչպե՞ս եք գնահատում բուհում ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությունը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու այդ ուղղությամբ արդյունավետության շարունակական ապահովման համար:
- Իրազեկ ուսանողների պարագայում իրավունքների պաշտպանվածությունը բավականին բարձր է: Թեև ուսանողների շրջանում տարբեր ձևաչափերով (էլեկտրոնային նամակներ, հոլովակներ և այլն) կատարվում են իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկման աշխատանքներ, այնուամենայնիվ միշտ էլ անհրաժեշտություն է առաջանում այդ աշխատանքները լավարկելու: Նպատակ ունենալով նպաստելու ուսանողների իրազեկվածության բարձրացմանը՝ շուտով մենք իրազեկող հոլովակներ ենք պատրաստելու տարբեր թեմաների շուրջ և ՈՒԽ սոցհարթակների միջոցով տարածելու ենք դրանք:
- Ինչպե՞ս կարող են ուսանողները դառնալ ԵՊՀ ՈՒԽ անդամ։ Կներկայացնե՞ք անդամակցության կարգը:
- Յուրաքանչյուր ֆակուլտետում սեպտեմբերի սկզբին իրականացվում է Ուսանողական խորհրդի «Իրազեկում» ծրագիրը, որի միջոցով ՈՒԽ-ն ներկայացնում է իր գործունեության ոլորտային ուղղությունները, ծրագրերը, լսում առաջարկներ, ծավալում քննարկումներ։ Ֆակուլտետներում հետաքրքրված ուսանողներին ՈՒԽ-ին անդամագրվելու հայտեր լրացնելու հնարավորություն է ընձեռվում: Մենք ունենք սպորտի, մշակույթի, գիտակրթական, արտաքին կապերի հանձնաժողովներ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի, բանավեճի ակումբներ, որոնց ևս ուսանողները հնարավորություն են ունենում անդամակցելու՝ ըստ իրենց նախասիրությունների:
- Ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնելու առաջիկայում:
- Քանի որ կիսամյակային պլանավորումը բավականին վաղ փուլում է կատարվում, առաջիկայում նախատեսում ենք իրականացնել համալսարանական հայտնի ծրագրերը՝ «Ինքնակառավարում», «Զարգացում», մշտական հեքաթոն։ Այս ծրագրերը տարիներ շարունակ իրականացրել է Ուսանողական խորհուրդը:
Այժմ շարունակվում է «Արի մրցենք» միջֆակուլտետային միջոցառումը, որը սպորտային, ինտելեկտուալ, մշակութային մրցաշար է: Առաջիկայում անցկացվելու է «Համալսարանատեսիլ» մրցույթը, որը նոր ձևաչափ է։ Այն կազմակերպելու է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովը։
Մեր ծրագրերը շարունակվելու են իրականացվել նոր եռանդով և պատասխանատվությամբ։ Սպասվող միջոցառումների մասին ուսանողները կարող են տեղեկանալ՝ հետևելով ՈՒԽ պաշտոնական էջին:
Հասմիկ Ափրեյանը ուսանողներին խորհուրդ տվեց սովորել, ձեռք բերել նոր հմտություններ, օգտագործել ընձեռվող հնարավորություններն ու առկա հարթակները, ծառայեցնել դրանք ավելի լավ և մրցունակ մասնագետ դառնալու ճանապարհին:
Շնորհավորում ենք ԵՊՀ ՈՒԽ նորընտիր նախագահ Հասմիկ Ափրեյանին և մաղթում ԵՊՀ ուսանողական խորհրդում աշխատանքային նորանոր հաջողություններ: