- Գլխավոր
- Նորություններ
- Ազատությունը՝ մտքի ազատականացման արդյունք․ ժամանակավոր ցուցադրություն ԵՊՀ պատմության թանգարանում
Հոկտեմբեր 16, 2024 | 15:40
Հասարակություն
Միջոցառումներ
Մշակույթ
Ազատությունը՝ մտքի ազատականացման արդյունք․ ժամանակավոր ցուցադրություն ԵՊՀ պատմության թանգարանում
ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» խորագրով ցուցադրության բացումը: Ժամանակավոր ցուցադրության շրջանակում ներկայացված նմուշները «Ձնհալի տարիների», մտքի ազատականացման ժամանակաշրջանի մասին են և ընդգծում են Արևմուտքի հագուկապի ներմուծումը, ազատական շարժումների ակտիվացումը (հիպիզմ, այլախոհություն), երաժշտական ճաշակի, մասնավորապես ռոքի ի հայտ գալը, սրճարանային մշակույթի ակտիվացումը, որոնց ակունքներում օրեցօր ակտիվացող և ԽՍՀՄ կաղապարված կյանքից հրաժարվող երիտասարդներն էին։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ Երևանի պետական համալսարանի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» նախագծի շրջանակում բավական ծավալուն հետազոտական աշխատանք է կատարվել, որի արդյունքներն առաջիկայում լույս կտեսնեն գիտական և հրապարակախոսական հոդվածների տեսքով և հասանելի կլինեն նաև ԵՊՀ կայքէջում։
«Այս ցուցադրությունն ազդարարում է մեծ գաղափարի իրագործման սկիզբը։ ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների միջոցով ուսումնասիրում, հետազոտում և առավել պատկերավոր ենք հասկանում, թե Հայաստանի երիտասարդությունը 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբին ինչպես է ապրել ու ինքնադրսևորվել»,- նշեց Մ․ Հովհաննիսյանը։
ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանն ընդգծեց, որ ներկայացված ցուցանմուշներն իրենց մեջ ամփոփում են դարերի պատմություն։ Նա շեշտեց, որ ցուցանմուշները տրամադրվել են գործընկերների, այդ թվում՝ Հանրային ռադիոյի, Երևանի պատմության թանգարանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից։
Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համակարգող Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ ԵՊՀ-ն յուրահատուկ դեր ունի Հայաստանի պատմության ուսումնասիրության գործում։ Ըստ նրա՝ Առաջին հանրապետության տարիներից ի վեր անցնելով տարբեր վերափոխումների միջով՝ համալսարանը շարունակում է կենտրոնական տեղ ունենալ մեր երկրի պատմության կերտման գործում։
«Մեզ համար հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են մեր հասարակություն մուտք գործել ազատական գաղափարները ուշխորհրդային շրջանում, և պատմել այդ մասին։ Շատ կարևոր է այս ժամանակաշրջանի ուսումնասիրությունն ու վերաիմաստավորումը, ուստի նպատակ ունենք շարունակելու այս հաջողված ծրագիրը»,- մատնանշեց Ա․ Գրիգորյանը։
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, կարևորելով նախագծի իրագործումը, նշեց, որ այսօրվա երիտասարդների համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի պետություն է եղել Խորհրդային միությունը, և նախագծի գլխավոր նպատակներից մեկը երիտասարդներին ամբողջատիրական ԽՍՀՄ-ն ներկայացնելն էր ու մատնանշելը, թե ինչ ճանապարհ է անցել այսօրվա անկախ Հայաստանը։ Նա ընդգծեց, որ տարիներ շարունակ միօրինակ մտածող մարդկանց մեջ հայտնվում էին այնպիսիք, որոնք առանձնանում էին իրենց մտածելակերպով, իսկ ազատությունը սկիզբ է առնում հենց մտքի ազատականացումից։
Նշենք, որ նախագծի շրջանակում կազմակերպվել են նաև դասախոսություններ, որոնց ժամանակ ակադեմիական ոլորտի հրավիրյալ բանախոսները պատմել են նաև իրենց՝ խորհրդային ամբողջատիրության դեմ պայքարող անհատների անցած ուղու մասին։ Դասախոսություններում ներկայացվել են ուշխորհրդային շրջանի կարևոր շերտերը՝ գրաքննությունը, խորհրդային երիտասարդի միօրինակ հագուկապն ու անցումը արտասահմանյան հագուստին, փոփոխությունների ենթարկվող երաժշտական ճաշակը՝ ռոքի վերելքը Հայաստանում ու ջազը «Ձնհալի տարիներին», այլախոհական շարժումը, որի հիմնական պահանջը Հայաստանի անկախության հռչակումն էր։ Եվ այս իրողությունների փաստագրված նմուշներն արդեն իսկ ներկայացված են ցուցադրությանը։
Ցուցադրությունը կգործի մինչև 2025 թ․ մարտի 20-ը։