- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում տեղի ունեցավ աշխատաժողով՝ ուղղված KPI4HE նախագծի նախնական տարբերակի մշակմանը
Հոկտեմբեր 30, 2024 | 11:47
Կրթություն
Քաղաքականություն
ԵՊՀ-ում տեղի ունեցավ աշխատաժողով՝ ուղղված KPI4HE նախագծի նախնական տարբերակի մշակմանը
ԵՊՀ-ում անցկացված աշխատաժողովը նվիրված էր «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) նախագծի նախնական տարբերակի մշակմանը։
KPI4HE ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը։ Դրանք նպաստելու են որակյալ ու ներառական, թվային ու «կանաչ» ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման ու պլանավորման ծառայությունների գործարկման և հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով՝ համաձայն ԳԱՑԱՇ-ի։
Նախագծի հայաստանյան գործընկերների աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։ Կարևորելով գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը՝ նա ասաց․ «Մեզ միավորել է շատ կարևոր ծրագիր։ Հույս ունեմ, որ այն մեծ դեր է ունենալու բարձրագույն կրթության ոլորտի արդյունավետության բարձրացման գործում։ Կարելի է ասել, որ բոլորս ծանոթ ենք գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) գաղափարին և համալսարաններում կամ կազմակերպություններում մշտապես աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, կատարվում են հաշվարկներ՝ նպատակների չափելիության ապահովման համար։ Այս աշխատաժողովը ևս մեկ քայլով կմոտեցնի մեր ընդհանուր նպատակին և բոլորիս աշխատանքը կդարձնի առավել տեսանելի և չափելի»։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը խոսեց ԵՊՀ ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի և տվյալների հավաքագրման ռեսուրսների մասին՝ նշելով, որ ինստիտուցիոնալ հետազոտություններ կատարվում են ԵՊՀ կառուցվածքային տարբեր ստորաբաժանումներում՝ և՛ ԵՊՀ որակի ապահովման կենտրոնում, և՛ ուսումնամեթոդական վարչությունում, և՛ սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնում։ Պրոռեկտորը ներկայացրեց նաև ԵՊՀ տեղեկատվական հարթակները, որոնք հնարավորություն են տալիս կարգավորելու ամենատարբեր գործընթացները։
Բուհի ռազմավարական պլանավորման գործընթացում ինստիտուցիոնալ հետազոտությունների դերը կարևորեց ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։
Նա ներկայացրեց այն եղանակները, որոնք կարող են օգնել ռազմավարական պլանավորման գործընթացում՝ կենտրոնանալով ինստիտուցիոնալ հետազոտությունների արդյունքների արդյունավետ օգտագործման վրա: Պրոռեկտորը շեշտեց, որ եթե այս գործընթացը ճիշտ է կազմակերպվում, ապա ստացվում են անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք հնարավորություն են տալիս տվյալների հիման վրա մշակելու արդյունավետ և չափելի ռազմավարություն:
Աշխատաժողովին նախագծի մշակումն ու կրթական համակարգում ներդրվող փոփոխությունները կարևորեց Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Նա նշեց, որ ԵՊՀ-ն ընդգրկված է իրականացվող 8 ընթացիկ ծրագրերում։
«Ամեն մի ծրագիր մի նոր քայլ է դեպի որակ․ թե որքանով կհասնենք դրան, կախված է մեզանից: Քանի որ բարձրագույն կրթության ոլորտը ներկայում բարդ վիճակում է, ուստի անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ փոփոխություններ կարող ենք կատարել մեր աշխատանքը բարելավելու ուղղությամբ»,- ընդգծեց նա:
Աշխատաժողովին ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը։ Խոսելով մշակվող նախագծի կարևորության մասին՝ նա նշեց, որ ներկայում շրջանառության մեջ է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որտեղ կան որոշակի կետեր, այդ թվում՝ ֆինանսավորման նոր մեխանիզմների վերաբերյալ։ Ըստ նրա՝ նախատեսվում է բազային ֆինանսավորում՝ հիմնված բուհերի ինստիտուցիոնալ գործունեության արդյունքների վրա, որոնք պետք է չափվեն որոշակի գործունեության առանցքային ցուցանիշներով։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ, KPI4HE նախագծի համահամակարգող Արսեն Ապրոյանը ներկայացրեց կատարված և պլանավորված հիմնական աշխատանքները։ Նա ընդգծեց, որ մեկ տարի առաջ Օլդենբուրգի համալսարանում ներկայացվել է նախագծի՝ 10 ամիսների գործունեության հաշվետվությունը։
«Այս տասը ամիսների ընթացքում մենք կազմակերպել ենք գործընկերային աշխատանքային 12 առցանց հանդիպում։ Ունեցել ենք 2 հանդիպում Երևանի պետական համալսարանում և մեկ աշխատաժողով՝ Օլդենբուրգի համալսարանում, որտեղից էլ շատ դրական արձագանքներ ենք ստացել։ Հետագայում ևս մեկ աշխատաժողով կկազմակերպենք հայաստանյան բոլոր բուհերի համար, որպեսզի ազգային շրջանակի մշակման գործընթացում ներգրավվեն ՀՀ-ում գործող պետական և մասնավոր բոլոր բուհերը։ Կարծում եմ, որ այս քննարկումները առավել արդյունավետ կդարձնեն մեր աշխատանքը, և մենք կունենանք ԳԱՑԱՇ-ի հիմնական կառուցվածքը։ Այնուհետև փուլ առ փուլ կաշխատենք մեր եվրոպացի գործընկերների հետ՝ փորձելով ավարտին հասցնել գործընթացը մինչև տարեվերջ»,- ասաց Ա․ Ապրոյանը և հավելեց, որ նախագիծը կփորձարկվի հաջորդ վեց ամիսների ընթացքում բոլոր բուհերի կողմից։
Այնուհետև աշխատաժողովի մասնակիցները բաժանվեցին «Կրթություն», «Գիտություն», «Համալսարանի առաքելություն» խորագրերով խմբերի։ Նրանք, աշխատելով տարբեր թեմատիկ խմբերում, ներկայացրին առաջարկներ, որոնք հետագայում կարող են տեղ գտնել ԳԱՑԱՇ նախագծի ավարտուն տարբերակում։
Նշենք, որ ազգային այս եռամյա ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է, մասնակիցները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), ՀՀ հինգ բուհեր, մեկ ՀԿ, ինչպես նաև եվրոպական երեք բուհեր (Դրեզդենի տեխնիկական, Օլդենբուրգի (Գերմանիա) և Ջենովայի (Իտալիա) համալսարանները):