- Գլխավոր
- Նորություններ
- Կարիերայի տոնավաճառ՝ միտված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ինտեգրմանը
Դեկտեմբեր 02, 2024 | 14:55
Հասարակություն
Միջոցառումներ
Կարիերայի տոնավաճառ՝ միտված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ինտեգրմանը
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի երկրորդ տոնավաճառը, որը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում։ Կարիերայի տոնավաճառը միտված էր խթանելու ՀՀ Տավուշի մարզում բնակվող քաղաքացիների և գործատուների հաղորդակցությունը, ինչպես նաև զարգացնելու աշխատանք փնտրողների, մասնավորապես Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հմտությունները՝ աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու համար:
Միջոցառման հիմնական նպատակն էր աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը ՀՀ-ում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը:
Տոնավաճառի շրջանակում կազմակերպվեցին հանդիպումներ գործատուների և աշխատանք փնտրողների միջև, անցկացվեցին աշխատանք գտնելու հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, խոսելով միջոցառման կազմակերպման կարևորությունից, նշեց. «Ինչպես նախորդ, այնպես էլ այս տոնավաճառին մասնակցելու համար փորձել ենք ընտրել գործատուներ տարբեր ոլորտներից, որպեսզի աշխատանք փնտրող յուրաքանչյուր անձ հնարավորություն ունենա գտնելու իրեն հետաքրքրող ոլորտը և աշխատանքի առաջարկը: Միջավայր ստեղծելը մարդկանց համագործակցության համար, հատկապես նրանց, ովքեր հուսալքված են իրենց հետ տեղի ունեցած ծանր դեպքերի պատճառով, բավական մեծ դրական հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ: Ուստի ԵՊՀ-ն կշարունակի տարբեր ծրագրերի միջոցով աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, և այսօրինակ միջոցառումները կլինեն շարունակական»:
Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով նաև կարիերայի նախորդ տոնավաճառին թե՛ գործատուների, թե՛ այցելուների ակտիվ մասնակցությունը, արդյունքները բավական գոհացնող են։
Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը կարևորեց այն հանգամանքը, որ միջոցառումը կազմակերպվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, որը ՀՀ Տավուշի մարզի կրթագիտական կյանքի առանցքային դերակատարն է։
«Կոչ եմ անում մասնակիցներին, հատկապես՝ երիտասարդներին, ակտիվ լինել գործատուների հետ շփումներում։ Եթե նույնիսկ այս տոնավաճառում չգտնեք համապատասխան աշխատանք, մի՛ հուսահատվեք, թողե՛ք ձեր կոնտակտները գործատուների մոտ, մասնակցե՛ք աշխատանք գտնելու հմտությունների զարգացման դասընթացներին, որոնք կազմակերպել ենք ձեզ համար՝ խթանելու ձեր մրցունակությունն աշխատաշուկայում»,- ասաց Ռ․ Մարկոսյանը:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը մատնանշեց, որ թեպետ կարիերայի տոնավաճառի առաջնային թիրախը Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն են, սակայն տոնավաճառը բաց է բոլորի համար։
«Սա նաև լավ առիթ է մարզային գործատուների համար ինչպես իրենց ներկայացնելու, այնպես էլ այս պահին ունեցած հնարավորությունները ցուցադրելու համար: Իսկ մեզ համար լավ առիթ է մարզերի մեր գործընկերների հետ նոր համագործակցություն սկսելու տեսանկյունից: Տոնավաճառի շրջանակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ավելի քան 28 գործատուներ են հյուրընկալվել, իսկ տոնավաճառի մեկնարկից ընդամենը 15 րոպե անց գրանցվել է շուրջ 300 այցելուների մուտք»,- նշեց նա:
Կարինե Նազարյանն ընդգծեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ Երևանում կազմակերպված տոնավաճառն արդեն տվել է իր դրական արդյունքը, քանի որ կան արցախցիներ, որոնք արդեն իսկ գտել են իրենց նախընտրած աշխատանքը:
ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանն ընդգծեց, որ ծրագրի հիմնական նպատակն է օգնել արցախցիներին մասնակցելու ուսուցման այնպիսի դասընթացների, որոնց շնորհիվ ավելի հեշտ ու արագ կինտեգրվեն Հայաստանի աշխատաշուկայում, քանի որ նրանք այդ դասընթացների միջոցով նաև ծանոթանում են զբաղմունքների լայն շրջանակի:
Նա փաստեց, որ առկա են 17-ից ավելի մասնագիտությունների գծով դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել են 800-ից ավելի մասնակիցներ:
Հաջորդ տոնավաճառը կկայանա դեկտեմբերին 6-ին Աբովյան քաղաքում, իսկ եզրափակիչ տոնավաճառը՝ կրկին Երևանում դեկտեմբերի 11-ին:
Դեկտեմբերի 11-ին կայանալիք տոնավաճառի շրջանակում կկազմակերպվի նաև կլոր սեղան-քննարկում՝ ամփոփելու 4 տոնավաճառների արդյունքները: Քննարկման ընթացքում կազմակերպիչները հնարավոր լուծումներ կառաջարկեն վերհանված խնդիրների համար և՛ գերատեսչական մարմինների, և՛ բանիմաց մասնագետների աջակցությամբ:
Հիշեցնենք, որ կարիերայի նախորդ տոնավաճառը կազմակերպվել էր նոյեմբերի 21-ին Երևանում: