- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն սահմանել է նոր ցուցանիշ միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների թվով
Դեկտեմբեր 03, 2024 | 13:00
Գիտություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
ԵՊՀ-ն սահմանել է նոր ցուցանիշ միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների թվով
«Scopus» և «Web of Science» գիտական հեղինակավոր շտեմարաններում ընդգրկված ամսագրերում տարեցտարի ավելանում է ԵՊՀ հետազոտողների գիտական հոդվածների թիվը:
2024 թ. ԵՊՀ գիտական աշխատանքների թիվն այս պահի դրությամբ հասել է 528-ի: Աշխատանքներից 433-ը գիտական հոդվածներ են, որոնցից ավելի քան 200-ը տպագրվել է առաջին քառորդում ընդգրկված ազդեցության գործակից ունեցող ամսագրերում։
Գիտական հոդվածներն առնչվում են տարբեր ոլորտների, այդ թվում՝ քիմիայի, ֆիզիկայի, ֆարմացիայի, հասարակական գիտությունների, մաթեմատիկայի բնագավառներին:
Նշենք, որ 2023 թ․ «Scopus»-ում հրապարակված ԵՊՀ գիտական աշխատանքների թիվը կազմել է 432, այսինքն՝ այս տարվա ցուցանիշն արդեն իսկ 21%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
ԵՊՀ գիտնականների՝ «Web of Science» գիտական շտեմարանում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների թիվն այս պահի դրությամբ հասել է 521-ի, մինչդեռ նախորդ ողջ տարվա ընթացքում այն կազմել է 432, իսկ 2022 թ.՝ 337:
«Scopus»-ը և «Web of Science»-ը աշխարհի ամենահեղինակավոր գիտական շտեմարաններից են, որտեղ ընդգրկված են բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներ։ Վերոնշյալ արդյունքները վկայում են ԵՊՀ գիտական մեծ ներուժի և վերջին տարիներին կատարած ներդրումների ու բարեփոխումների մասին։
Այսպիսով, ԵՊՀ հետազոտողները և գիտնականները նպաստում են գիտության տարբեր ճյուղերի զարգացմանը՝ դառնալով գյուտերի հեղինակ։ Առաջատար պարբերականներում հրապարակումներ կատարելով՝ նրանք ընդգծում են ԵՊՀ մեծ համբավը և տարածաշրջանում առաջատար ակադեմիական հաստատություն լինելը: