- Գլխավոր
- Նորություններ
- «ICPC» մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչին մասնակցած թիմերը ստացան հավաստագրեր
Դեկտեմբեր 12, 2024 | 16:40
Մրցույթներ
Ուսանողական
«ICPC» մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչին մասնակցած թիմերը ստացան հավաստագրեր
Երևանի պետական համալսարանում կայացած «ICPC» («International Collegiate Programming Contest») ծրագրավորման միջազգային մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչին մասնակցած թիմերը պարգևատրվեցին հավաստագրերով։
«ICPC» ծրագրավորման միջազգային մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչ փուլում ԵՊՀ «Good Knight» թիմը (թիմի անդամներ՝ Սամվել Անդրեասյան, Ռոբերտ Քոչարյան, Համլետ Պետրոսյան, մարզիչ՝ Արմեն Անդրեասյան) զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ լուծելով առաջադրված 13 խնդիրներից 10-ը։ ԵՊՀ «Very Serious Round», «Improvis» և «Binary Bullets» թիմերը, լուծելով վեցական խնդիրներ, զբաղեցրին երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը։
ԵՊՀ հաղթող թիմերը, որոնցում ընդգրկված էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, ապացուցեցին իրենց լավ պատրաստվածությունը, արագ մտածելու և ճիշտ լուծումներ գտնելու կարողությունը: Նրանք ծանոթ էին ոչ միայն ծրագրավորման լեզուներին, այլև արագ խնդիրներ լուծելու մոտեցումներին, ինչը կարևոր դերակատարում ունեցավ նրանց հաղթանակում:
Մրցույթի արդյունքում համալսարանականները նվաճեցին կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր, և նրանք վաղը կմեկնեն Թբիլիսի՝ շարունակելու մրցապայքարը միջազգային ասպարեզում։
ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը, որը նաև «ICPC» համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի մրցույթի ղեկավարն է, հավաստագրերը բաժանելուց հետո շնորհավորեց բոլոր թիմերին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։
Հավաստագրերի հանձնման արարողությունից հետո ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներին իրենց կազմակերպության գործունեությունը ներկայացրին «ICPC» մրցույթի հովանավորներից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի միջազգային «JetBrains» կազմակերպության ներկայացուցիչները։ Նրանք ուսանողներին պատմեցին իրենց նախագծերի, կարիերայի հնարավորությունների, ծրագրավորման ոլորտի նորարարությունների մասին, որոնք օգտագործվում են ծրագրավորողների կողմից ամբողջ աշխարհում։ Այցի շրջանակում նրանք անցկացրին «Լավ ծրագրավորող լինելու երկրորդ քայլը» («The Second Step of Being a Good Developer») խորագրով դասախոսություն, որի շրջանակում անդրադարձ կատարվեց ծրագրավորման լեզուների առանձնահատկություններին, դրանց կիրառություններին և նորագույն տեխնոլոգիաների ազդեցությանը ծրագրավորման աշխարհում։
Ուսանողներին հնարավորություն ընձեռվեց հարցեր ուղղելու և առավել խորությամբ ուսումնասիրելու այս կարևոր թեման, որը նրանց կօգնի կատարելագործել ծրագրավորման իրենց հմտությունները։