- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ թիմի եռակի նվաճումը «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայում
Դեկտեմբեր 16, 2024 | 16:49
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
ԵՊՀ թիմի եռակի նվաճումը «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայում
ԵՊՀ 4 թիմերից կազմված հայկական պատվիրակությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցեց «ICPC World Finals 2025»-ի կիսաեզրափակիչ փուլին: Պատվիրակությունը գլխավորում էր ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։
«ICPC»-ի միջազգային օլիմպիադայի հերթական փուլն անցկացվում էր Վրաստանի ազգային համալսարանում:
Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած Հարավային Կովկասի անհատական բաց օլիմպիադային մասնակցեցին 3 երկրների մոտ 70 ուսանողներ և դպրոցականներ։
Հինգ ժամ տևած մրցույթում, լուծելով առաջադրված 12 խնդիրներից 9-ը, բացարձակ հաղթող ճանաչվեց և մրցույթի գավաթով պարգևատրվեց Սամվել Անդրեասյանը։
Երկրորդ կարգի դիպլոմների արժանացան Համլետ Պետրոսյանը, Հակոբ Այվազյանը, Սերգեյ Գրիգորյանը։
Հիմնական մրցույթը՝ Հյուսիսային Եվրասիա տարածաշրջանի (NERC) եզրափակիչը, դեկտեմբերի 15-ին զուգահեռաբար անցկացվում էր 4 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Աստանայում, Թբիլիսիում։ Մասնակցում էին 300-ից ավելի թիմեր։ ԵՊՀ «Yerevan SU: Good knight» թիմը, որի կազմում էին Սամվել Անդրեասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Համլետ Պետրոսյանը, ընդհանուր հաշվարկում գրավելով 20-րդ տեղը, դարձավ Հարավային Կովկասի միակ թիմը, որ ստացավ 2025 թվականի «ICPC»-ի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք:
ԵՊՀ թիմը միջազգային հեղինակավոր մրցույթի եզրափակչին կմասնակցի արդեն 5-րդ անգամ, ինչը նույնպես լավագույն ցուցանիշ է տարածաշրջանի համալսարանների համեմատ։
«Yerevan SU: Good knight» թիմը լավագույն արդյունք ցույց տվեց նաև մրցույթի շրջանակում կազմակերպված Հարավային Կովկասի թիմային բաց օլիմպիադայում՝ հռչակվելով Հարավային Կովկասի չեմպիոն: Թիմը պարգևատրվեց գավաթով։
Երկրորդ հորիզոնականում «Yerevan SU: Improvis» թիմն էր, որի կազմում էին Հակոբ Այվազյանը, Գևորգ Բոյախչյանը, Դավիթ Ենգոյանը: Նրանք պարգևատրվեցին առաջին կարգի դիպլոմով։
ԵՊՀ երրորդ թիմը, որի անդամներն էին Սերգեյ Գրիգորյանը, Վահագն Ծիրունյանը, Ռաֆայել Սուսանյանը, արժանացավ երկրորդ կարգի դիպլոմի։
Ի դեպ՝ «ICPC World Finals 2025»-ը թվով 49-րդ եզրափակիչ փուլն է: ԵՊՀ-ն այս օլիմպիադային մասնակցում է 2001 թվականից սկսած։