- Գլխավոր
- Նորություններ
- «Համալսարանը հնարավորություն է տալիս ինքնաբացահայտվելու»․ ԵՊՀ ուսանող Աշոտ Լաչինյան
Դեկտեմբեր 23, 2024 | 12:00
Կրթություն
Ուսանողական
«Համալսարանը հնարավորություն է տալիս ինքնաբացահայտվելու»․ ԵՊՀ ուսանող Աշոտ Լաչինյան
Աշոտ Լաչինյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող է, որն աչքի է ընկնում իր ակտիվությամբ և յուրահատուկ մտածելակերպով։ ԵՊՀ-ում ուսումնառությանը զուգահեռ՝ նա ոչ միայն մասնակցում է գիտական միջոցառումների, այլև փորձում է իր գիտելիքները գործնականում կիրառել տարբեր ոլորտներում։ Աշոտը համոզված է, որ իր գիտական հետազոտությունները կարող են նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, իսկ համալսարանում ստացած կրթությունն ու գիտելիքները՝ լինել ամուր հենասյուն որակյալ և մրցունակ մասնագետ դառնալու համար։
Աշոտը մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվել է դեռևս ավագ դպրոցում՝ «Բիզնես» դասընթացի շնորհիվ, որն օգնել է նրան բացահայտել իր ունակություններն ու ծանոթանալ տնտեսագիտական մտածողությանը: Նա վստահ է, որ Երևանի պետական համալսարան գալն իր լավագույն ընտրությունն էր։
Իր ուսանողական կյանքի մասին պատմում է ինքը՝ Աշոտը։
ԵՊՀ-ն կարևոր դերակատարում ունի ինչպես իմ, այնպես էլ շատ ուսանողների կյանքում։
Համալսարանում դասախոսներն ու ուսանողները ցանկացած հարցի դեպքում պատրաստ են օգնելու, ձեռք մեկնելու միմյանց։ Մեր միջավայրում մարդիկ բաց են քննարկումների համար, պատրաստ են լսելու առողջ քննադատություն, պատրաստ են ընդունելու, որ բոլոր հարցերում անհատը չի կարող լինել գիտակ, և հաճախ կարող է անհրաժեշտություն առաջանալ լսելու դիմացինի խորհուրդը։ Իմ նոր մտքերը և գաղափարները՝ հաճախ «հեղափոխական» թվացող, առողջ քննադատության անհրաժեշտություն են ունենում, ինչը շատ կարևոր է զարգացման համար։
Որպես ուսանող բավականին ակտիվ եմ, հաճախ մասնակցում եմ թե՛ համալսարանական, թե՛ ֆակուլտետային միջոցառումներին։ Հնարավորության դեպքում փորձում եմ լինել առաջամարտիկը հետաքրքիր հանդիպումների և քննարկումների կազմակերպման գործում, ինչը, ըստ իս, կիրառական և հիմնավոր գիտելիքի աղբյուր է իմ և ընկերներիս համար։
Աշոտը ուսումնառության ընթացքում հասցրել է կատարել մի շարք հետազոտություններ, մասնավորապես՝ ՀՀ-ում հիփոթեքային շուկայի, ագրոարդյունաբերության, տնտեսական զարգացման համաթվերի վերլուծության վերաբերյալ: Նա ուսումնասիրությունները կատարում է՝ ելնելով երկրի տնտեսության արդիականությունից և նպատակ ունենալով ձեռք բերելու առավել խորքային գիտելիքներ դրանցից կանխատեսվող ռիսկերի մասին։
Հետազոտությունների ժամանակ ձեռք եմ բերում մեծ փորձառություն և հարուստ գիտելիքներ։
Ուսումնառության ընթացքում կատարել եմ հիփոթեքային շուկայի վերաբերյալ երկու հետազոտություն՝ հետաքրքրված լինելով շուկայի դինամիկ զարգացմամբ, որի ժամանակ լինում են որոշակի տեղաշարժեր, ծագում են նոր ռիսկեր։
Ագրոարդյունաբերության թեման խիստ արդիական և հետաքրքիր էր դարձել հատկապես արցախյան շրջափակման ամիսներին․ ագրոարդյունաբերությունն այն ոլորտն է, որն ունակ է որոշակի գործոնների համակցման արդյունքում լուծելու երկրում պարենային անվտանգության խնդիրը։ Այս թեման շատ ընդգրկուն է և բավական հեռանկարային։ Կարծում եմ՝ ապագայում հնարավորություն կունենամ ներկայացնելու ավելի առարկայական արդյունքներ տվյալ ուսումնասիրությունից։
Ժամանակ առ ժամանակ կատարում եմ նաև տնտեսական զարգացմանը նվիրված հետազոտություններ, որոնց նպատակն է ուսումնասիրել տնտեսության վիճակը, մշակել բարելավման առաջարկներ։
Ցանկացած հետազոտություն միտված է ճիշտ խնդրի բացահայտմանը և սահմանմանը։
Պայմանավորված իմ աշխատանքային գործունեությամբ՝ ես կարողանում եմ առավել խորությամբ հետազոտություններ կատարել՝ դրանց արդյունքները ներկայացնելով քաղաքականություն մշակողներին։ Ցանկացած հետազոտություն միտված է ճիշտ խնդրի բացահայտմանը, սահմանմանը. դրանից հետո արդեն բավական հեշտ և կանխատեսելի է դառնում որոշման ընդունումը։ Հուսով եմ, որ ձեռք բերած փորձը հնարավորություն կտա ապագայում իմ աշխատանքները դարձնելու առավել թիրախային և արդյունավետ։
Գիտական հոդված գրելու համար արդեն ունեմ հստակ գաղափար և բացահայտած խնդիր, ուստի առաջիկա ամիսներին կկարողանամ իրագործել իմ առջև դրված նպատակը։
Համալսարանի ակադեմիական միջավայրը հնարավորություն է տալիս ինքնաբացահայտվելու, ձեռք բերելու տնտեսագիտական մտածողություն, ցանկացած հարցի մոտենալ քննադատաբար։
Սովորել մեր ֆակուլտետում, ամեն օր հնարավորություն ունենալ շփվելու նման կամ տարբեր մտածողություն ունեցող գիտնականների, դասախոսների հետ արդեն իսկ կարևոր ձեռքբերում է։ Յուրաքանչյուր օր նոր տեղեկություններ, նոր հմտություններ յուրացնելով՝ կկարողանամ դառնալ լավ տնտեսագետ՝ առաջին հերթին իմ գիտելիքը ծառայեցնելով մեր երկրի տնտեսության զարգացմանը։
Հետազոտական աշխատանքներին և կրթությանը զուգահեռ՝ Աշոտն իր ստացած գիտելիքները կիրառում է գործնականում։ Նա աշխատում է հայաստանյան բանկերից մեկում, իսկ աշխատանքն առնչվում է բիզնեսի, պետության համար ռազմավարությունների մշակմանը, խորհրդատվության տրամադրմանը։
Այն պահին, երբ հանգնում ենք որոշակի եզրակացության, բոլորս վստահ ենք լինում, որ մեր որոշումը կշռադատված է։ Այս գործընթացն ինձ շատ է դուր գալիս, ես ամեն օր հաճույքով եմ գնում աշխատանքի՝ լի ինչ-որ բան դեպի լավը փոխելու ցանկությամբ։
Հաջողության հասնելու ճանապարհին կարևոր է սխալը ճիշտ վերլուծել, դուրս բերել դրա պատճառները և գնալ լուծման ուղղությամբ։
Իմ կարծիքով՝ պետք է շատ ուսումնասիրել, չվախենալ սխալվելուց, փորձել յուրացնել այն տեղեկությունները, որոնք ինչ-որ պահի կարող են պետք գալ։ Ես համաձայն չեմ այն մտքին, թե տեսական գիտելիքը պակաս կարևոր է, քանի որ աշխարհի տնտեսական պատմության ընթացքում հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ խնդիրներից, եթե դրանք հիմնվեին պատմական փորձի, առկա տեսական գիտելիքների վրա։ Մյուս կողմից՝ գիտության մեջ հաջողության հասնելու գրավականներից է սխալվելուց, կրկին փորձելուց, սեփական ուժերին հավատալուց չվախենալը։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Աշոտ Լաչինյանը ցանկություն ունի կրթությունը շարունակելու մագիստրատուրայում, քանի որ ունի բազմաթիվ նպատակներ, որոնք կյանքի կոչելու համար հստակ քայլերով շարժվում է առաջ: Նա կարծում է, որ առաջընթացի և վստահության միջոցով նպատակներին հասնելու հավատը կարող է լինել կարևոր շարժառիթ հաջողության տանող ճանապարհին: