- Գլխավոր
- Նորություններ
- Թթվակայուն համակարգերը նեյտրոֆիլ մանրէներում. հետազոտական նոր նախագիծ
Մարտ 03, 2025 | 11:56
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Թթվակայուն համակարգերը նեյտրոֆիլ մանրէներում. հետազոտական նոր նախագիծ
Բնության մեջ մանրէները հաճախ բախվում են միջավայրի տարբեր, այդ թվում՝ թթվային պայմանների փոփոխությունների, որոնք կարող են ազդել նրանց նյութափոխանակության և կենսաէներգետիկական բնութագրերի վրա։ Այս ոլորտի ուսումնասիրությունը կարևոր է ինչպես կենսաբանության տեսական, այնպես էլ կիրառական ոլորտների համար, ինչպիսիք են բժշկությունը և կենսատեխնոլոգիան։ Նշյալ ուղղությամբ հետազոտություն է կատարում ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող Հեղինե Գևորգյանի ղեկավարած գիտական թիմը։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված «Թթվակայուն համակարգերի կենսաէներգետիկական բնութագրերը Escherichia coli բակտերիաներում» թեմայով գիտական նախագծի շրջանակում կատարվող հետազոտության մասին պատմել է գիտական նախագծի ղեկավար Հեղինե Գևորգյանը։

Հետազոտության նպատակը և ուղղությունները
Մեր հետազոտության առանցքում է մանրէների, մասնավորապես աղիքային ցուպիկի (Escherichia coli) թթվակայուն համակարգերի կենսաքիմիական և կենսաէներգետիկական պարամետրերի ուսումնասիրությունը։ Մանրէները հաճախ հայտնվում են ոչ օպտիմալ պայմաններում, երբեմն՝ բավականին թթվային միջավայրում։ Այս պայմաններին դիմակայելու համար նրանք ունեն հատուկ մեխանիզմներ, որոնց ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալու, թե ինչպես են նրանք հարմարվում և կենսագործում այդպիսի պայմաններում։
Հետազոտական մեթոդները և համագործակցությունը
Մեր գիտական թիմը աշխատում է մանրէային հատուկ շտամների հետ, որոնց թվում կան նաև մուտանտներ՝ տրամադրված ծրագրի արտասահմանյան գործընկերոջ՝ Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիանի անվան համալսարանի պրոֆեսոր Կիրստեն Յունգի կողմից։ Հետազոտության շրջանակում կիրառում ենք տարբեր մեթոդներ՝ աճման պարամետրերի ուսումնասիրություն, կենսաէներգետիկական բնութագրերի վերլուծություն, ինչպես նաև մանրէների նյութափոխանակության կարգավորման մեխանիզմների բացահայտում։ Առցանց հանդիպումների միջոցով մենք պարբերաբար քննարկում ենք հետազոտություններից ստացված արդյունքները միջազգային գործընկերների հետ։ Արտասահմանյան գործընկերոջ հետ նախատեսվում են փոխադարձ այցեր, քննարկումներ, ինչն է՛լ ավելի կամրապնդի համագործակցությունը և կմեծացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը։

Հետազոտության արդյունքների կիրառելիությունը
Թեման արդիական է, և մենք աշխատում ենք, որ հետազոտության արդյունքները կիրառելի լինեն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բժշկության մեջ և կենսատեխնոլոգիայում։ Նույնիսկ մեր ուսանողների ավարտական աշխատանքներում ընդգրկում ենք այս ուղղությունը, որը հնարավորություն է տալիս նրանց ձեռք բերելու տեսական նոր գիտելիքներ և արդի մեթոդական հմտություններ։
Հետազոտական թիմը
Կարևորելով երիտասարդ հետազոտողների ներգրավումը գիտահետազոտական աշխատանքներում՝ մեր թիմում ընդգրկել ենք ինչպես ասպիրանտների, այնպես էլ մագիստրանտների։ Հետազոտական թիմում ընդգրկված են ասպիրանտներ Թամարա Աբաղյանը, Հռիփսիմե Պետրոսյանը և մագիստրանտներ Տաթև Նազարյանը, Մերի Հայրապետյանը։ Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդ հետազոտողները գործնականում զարգացնեն իրենց մասնագիտական կարողությունները և իրենց ներդրումն ունենան գիտության մեջ։
Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս հետազոտության արդյունքներից և համոզված ենք, որ կարձանագրենք նոր բացահայտումներ։
