- Գլխավոր
- Նորություններ
- Նորարարական ենթակառուցվածքներ, կրթական բարեփոխումներ և գիտական նոր ծրագրեր. ուղենշվում են ԵՊՀ միջազգային համագործակցության նոր հեռանկարներ
Մարտ 20, 2025 | 10:55
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Նորարարական ենթակառուցվածքներ, կրթական բարեփոխումներ և գիտական նոր ծրագրեր. ուղենշվում են ԵՊՀ միջազգային համագործակցության նոր հեռանկարներ
ԵՊՀ պատվիրակությունը մարտի 3-6-ը գտնվում էր Վարշավայի համալսարանում (Լեհաստան)՝ ուսումնասիրելու արտերկրի համալսարանի ենթակառուցվածքների նորարարական մոտեցումները, կրթական միջավայրը, աշխատակազմի կառավարման մոտեցումները, անվտանգության չափանիշներն ու համագործակցության ընդլայնման ուղիները կրթական և գիտահետազոտական ոլորտներում: Այցելությունն ամփոփվել է ԵՊՀ-ի և Վարշավայի համալսարանի միջև համագործակցության հուշագրի կնքմամբ, որով նախատեսվում է ոչ միայն կրթական ու գիտական համագործակցության, այլև ակադեմիական շարժունության ընդլայնում։

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց, որ Լեհաստանը երկար տարիներ եղել է ԽՍՀՄ ազդեցության տակ, և այդ ժամանակահատվածում այնտեղ կառուցված շենքերը, որոնց թվում են նաև կրթական ու հետազոտական կենտրոնները, իրենց չափանիշներով համապատասխանում են խորհրդային տարիներին Հայաստանում կառուցված շենքերին։
«Մեզ հետաքրքրում էր, թե ինչպես են լեհերը, ինտեգրվելով եվրոպական կրթական միջավայրին, հարմարեցրել նաև իրենց ֆիզիկական ենթակառուցվածքները և նորարարական ինչ լուծումներ են տվել: Սակայն մեր այցելությունը չի սահմանափակվել միայն համալսարանի ենթակառուցվածքների ուսումնասիրությամբ․ քննարկվել են նաև գործակցության ընդլայնման ուղիները, ինչի արդյունքում կնքվել է համագործակցության հուշագիր»,- ասաց ԵՊՀ պրոռեկտորը։

ԵՊՀ 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն՝ համալսարանը ոչ միայն խթանում է գիտակրթական համագործակցությունը օտարերկրյա գործընկերների հետ, այլև կազմակերպում է լավագույն փորձի ուսումնասիրում ենթակառուցվածքների, կրթական միջավայրի, աշխատակազմի ու անվտանգային կառավարման համակարգերի և այլ ուղղություններով:
«Մենք այցելել ենք Վարշավայի համալսարանի մի շարք ֆակուլտետներ և գիտահետազոտական կենտրոններ: Միջերկրածովյան հնագիտության կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք ԵՊՀ պատմության ֆակուլտետի հետ համագործակցության ընդլայնման ուղիները: Ներկայում Վարշավայի համալսարանի մեր լեհ գործընկերները Հայաստանում, մասնավորապես՝ Արգիշտիխինիլիում (ներկայում՝ Արմավիր), մեկնարկում են հնագիտական պեղումներ, որոնց մասնակցություն պետք է ունենան նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագետները: Լեհ գործընկերները հնագիտական հետազոտություններ կատարելու նպատակով գիտական արշավներ են կազմակերպում նաև Եգիպտոսում, Կիպրոսում, Վրաստանում և այլ երկրներում։ Ուստի մեր այցելությունը միտված էր նաև քննարկելու ԵՊՀ ուսանողների և դասախոսների մասնակցության հնարավորությունն այսօրինակ գիտարշավների»,- շեշտեց Միքայել Հովհաննիսյանը:
ԵՊՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Վարշավայի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, իսկ Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր, ինչպես՝ դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերին, ամառային և ձմեռային դպրոցների կազմակերպմանը, Հայաստանում լեհագիտությունը և Լեհաստանում հայագիտությունը զարգացնելուն միտված գործողություններին առնչվող հարցեր:
Արտերկրի բուհի բնագիտական ուղղվածությամբ ֆակուլտետներ ԵՊՀ պատվիրակության այցը նշանավորվել է գիտահետազոտական լաբորատորիաների ենթակառուցվածքների ուսումնասիրությամբ։ Անդրադառնալով այս թեմային՝ Մ․ Հովհաննիսյանը մատնանշեց․ «Վարշավայի համալսարանում իրարից տարանջատված են գիտահետազոտական և կրթական ստորաբաժանումները, և ուսանողները մինչև կոնկրետ կուրս իրենց ուսանողական տոմսերով գիտահետազոտական լաբորատորիաներ մտնելու հնարավորություն չունեն։ Դա նպաստում է և՛ անվտանգության ապահովմանը, և՛ աշխատանքի անխափան կազմակերպմանը: Գործընկերների հետ նաև պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ նրանք մեզ տրամադրեն այն կանոնակարգերն ու չափանիշները, որոնք մշակել են իրենց գիտական և կրթական լաբորատորիաներն ու լսարանները տեխնիկապես հագեցնելու համար»:
Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց, որ ենթակառուցվածքների նորարարական մոտեցումների ուսումնասիրությունն անհրաժեշտ է համալսարանում և՛ ներառականության, և՛ տեխնիկական հագեցվածության, և՛ անվտանգության, և՛ կրթական գործընթացի ինտերակտիվության ապահովման համար:

Պրոռեկտորը, խոսելով Վարշավայի համալսարանի գրադարանի նոր մասնաշենքից, որը կառուցված է բաց գրադարանի սկզբունքով, ասաց. «Գրադարանի սրահը ինքնասպասարկվող է․ էլեկտրոնային քարտային համակարգը հնարավորություն է ընձեռում ինչպես գիրքն ինքնուրույն գրանցելու, այնպես էլ գրանցումից հանելու էլեկտրոնային եղանակով։ Միայն գրապահոցից գիրք վերցնելու պարագայում են պատվիրված գրքերն առձեռն հանձնվում ընթերցողին: Ներկայում մենք պատրաստվում ենք «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությամբ վերազինել ԵՊՀ գրադարանի մի հատվածը, հետևաբար շատ կարևոր է ուսումնասիրել արտերկրի մոտեցումներն այս հարցում»:
ԵՊՀ պատվիրակությունը, Վարշավայի համալսարանից բացի, այցելել է նաև Կրակովի համալսարան: Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ այս համալսարանի հետ ևս առկա է համագործակցության մեծ հնարավորություն հայագիտության, միջազգային հարաբերությունների, կենսաբանության, քիմիայի և այլ ուղղություններով, որոնք ընդգրկում են թե՛ կրթական, թե՛ գիտահետազոտական հարցեր:
«Կրակովում Յագելոնյան համալսարանի ղեկավարության հետ քննարկումները մասնավորապես կենտրոնացած էին գիտահետազոտական համատեղ ծրագրերի, ամառային ու ձմեռային դպրոցների կազմակերպման, ինչպես նաև լեհ մասնագետների ներգրավման հարցերի շուրջ՝ ԵՊՀ-ում կատարվող բարեփոխումների շրջանակում»,- ասաց ԵՊՀ պրոռեկտորն ու ընդգծեց, որ արդեն իսկ նախանշվել են հաջորդ քայլերը, որոնք շուտով կվերածվեն հստակ ծրագրերի, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները կամրապնդեն համալսարանի դիրքերը միջազգային գիտակրթական համագործակցության նոր մակարդակում:
ԵՊՀ պատվիրակության այցելությունը Լեհաստան կազմակերպվել է Լեհաստանում Հայաստանի դեսպանության (ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի) միջնորդությամբ: Պատվիրակությունը դեսպանի հետ քննարկել է հայ-լեհական կրթական ու գիտական կապերի ամրապնդմանը միտված ուղիները. հատկապես կարևորվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրերի մշակումն ու փորձի փոխանակման կազմակերպումը:
Նշենք, որ ԵՊՀ պատվիրակության կազմում էին ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը և գլխավոր ինժեներ Դավիթ Կարախանյանը: