- Գլխավոր
- Նորություններ
- Ամրապնդելով համագործակցությունը․ ԵՊՀ-ում էր Գենտի համալսարանի պատվիրակությունը
Մարտ 17, 2025 | 16:30
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Ամրապնդելով համագործակցությունը․ ԵՊՀ-ում էր Գենտի համալսարանի պատվիրակությունը
Երևանի պետական համալսարանում հյուրընկալվել էր Գենտի համալսարանի պատվիրակությունը՝ պրոռեկտոր Միկե վան Հերևեխենի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը։ Նրանք հանդիպում ունեցան ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների հետ՝ նպատակ ունենալով քննարկելու համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև երկու համալսարանների միջև փորձի փոխանակմանն ու գիտական գործակցության ամրապնդմանն առնչվող տարաբնույթ հարցեր։

Հանդիպումը հնարավորություն էր ոչ միայն քննարկելու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման շուրջ հարցերը, այլև ամրապնդելու գործակցային առկա կապերը։

«Մեր գործընկերների հետ քննարկման ընթացքում տեղեկացանք, որ նրանք ունեն վերապատրաստման հրաշալի կենտրոն, որը լավագույններից է Եվրոպայում։ Այն կարող է շատ լավ հնարավորություն լինել դասախոսների վերապատրաստման համար, ինչն էլ մեր հետաքրքրությունների առանցքում է: Ի հավելումն այն ոլորտների, որոնք նախատեսում ենք ուսումնասիրել հետագայում, մենք նաև կքննարկենք, թե ինչ ծրագրեր կարելի է իրականացնել այս համագործակցության շրջանակում: Գիտակրթական տեսանկյունից սա մեզ համար նշանակալի կարևորություն ունի»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ մատնանշելով ԵՊՀ 2025-2030 թթ․ ռազմավարական նոր ծրագիրը, որի կարևորագույն նպատակներից մեկը մարդկային կապիտալի շարունակական զարգացումն է։
Անդրադառնալով միջազգային համագործակցության կարևորությանը՝ ԵՊՀ ռեկտորն ընդգծեց․ «Մենք կարևորում ենք աշխարհի տարբեր երկրներից տարատեսակ ոլորտների մասնագետների ներգրավումը մեր կրթական գործընթացում։ Այդ նպատակով էլ համալսարանում պարբերաբար անցկացվում են հրավիրյալ պրոֆեսորների դասախոսություններ, դրամաշնորհների շրջանակում կատարվում են հետազոտական աշխատանքներ և իրագործվում տարբեր նախագծեր: Վստահ եմ, որ այս համագործակցությունները կլինեն փոխշահավետ և արդյունավետ»,- հավելեց ԵՊՀ ռեկտորը։
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը շեշտեց, որ այս հանդիպումը հնարավորություն է՝ շարունակելու և ընդլայնելու գործընկերային կապերը։

«Բելգիայի դեսպանությունը Հայաստանում ստեղծվել է ավելի քան մեկ տարի առաջ։ Մեր նպատակն ու առաքելությունը Հայաստանի և Բելգիայի միջև գործակցային կապերի զարգացումն ու ամրապնդումն է։ Մենք աշխատում ենք բազմաթիվ ոլորտներում և բազմատեսակ թեմաներով։ Նշեմ նաև, որ Բելգիայում և Հայաստանում մենք սկսել ենք համագործակցություն՝ տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ։ Այս այցը, որը կազմակերպվել է Գենտի համալսարանի կողմից, ընձեռում է հիանալի հնարավորություն՝ շարունակելու և ընդլայնելու առկա համագործակցությունը։ Վստահ եմ, որ այս գործընթացը մեզ հնարավորություն կտա բացահայտելու՝ ինչ նոր կապեր կարող են ստեղծվել Երևանի պետական և Գենտի համալսարանների միջև։ Մենք միշտ պատրաստակամ ենք համագործակցելու»,- ասաց դեսպանը։
Արժևորելով երկու համալսարանների միջև համագործակցությունը՝ Գենտի համալսարանի պրոռեկտորն ընդգծեց․ «Մենք այստեղ ենք մի խումբ հետազոտողների և մասնագետների հետ, որոնք հետաքրքրված են Երևանի պետական համալսարանի հետ գործակցությամբ: Գենտի համալսարանը ԵՊՀ-ի հետ արդեն ունի համագործակցություններ, հետազոտական համատեղ ծրագրեր, այդ թվում՝ հեռավար լաբորատորիաներ։ Այսօր մենք ուզում ենք ուսումնասիրել նոր հնարավորություններ և տեսնել, թե ինչպես կարող ենք ընդլայնել մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Մեր նպատակն է կառուցել երկխոսություն և փոխադարձ վստահություն, ինչը, վստահաբար, գիտակրթական նոր արդյունքների հիմք կդառնա»։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին համալսարանների, հետազոտական ծրագրերի մասին տեղեկություններ՝ շեշտելով, որ այսօրինակ հանդիպումները մեծապես նպաստում են միջազգային գործընկերությունների զարգացմանը, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար։

Գենտի համալսարանի միջազգային հարաբերությունների վարչության քաղաքականությունների մշակման խորհրդատու, «Eureast» հարթակի (վերջինս ունի ակադեմիական համագործակցություն և կատարում է ուսումնասիրություն Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի երկրների հետ, մասնավորապես՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի հետ) համակարգող Աննա Սաշչենկոն նշեց, որ հանդիպում ունենալով ԵՊՀ պրոֆեսորների, հետազոտողների հետ՝ իրենք նպատակ ունեն նոր համագործակցություն հաստատելու գործընկերների հետ, թեև արդեն առկա են համագործակցություններ տարբեր ոլորտներում։
«Մեր խումբը բաղկացած է տարբեր ոլորտներում մասնագիտացած դասախոսներից՝ իրավագիտություն, աշխարհագրություն, քաղաքական և հասարակական գիտություններ, ճշգրիտ գիտություններ և այլն։ Հուսով եմ, որ այս քննարկումների ընթացքում նրանք կուրվագծեն համագործակցության նոր ուղիներ։ Նշեմ, որ անձնական շփումները մշտապես օգնում են զարգացնելու գործակցային ամուր հարաբերություններ»,- ասաց նա։
Գենտի համալսարանի տարբեր ֆակուլտետների պրոֆեսորներն ու դասախոսները քննարկումներ ունեցան ԵՊՀ նույն ֆակուլտետների ներկայացուցիչների և դեկանների հետ՝ խոսելով կրթության, գիտության և հետազոտության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին։