- Գլխավոր
- Նորություններ
- Հայաստանի բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման և միջազգային մակարդակին համապատասխանության ապահովման վերաբերյալ քննարկում ԵՊՀ-ում
Մարտ 19, 2025 | 09:32
Գիտություն
Գործընկերներ
Հետազոտություն
Հայաստանի բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման և միջազգային մակարդակին համապատասխանության ապահովման վերաբերյալ քննարկում ԵՊՀ-ում
«KPI4HE» նախագծի շրջանակում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց աշխատաժողով, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի հայեցակարգի նախագիծը։ Բացի դրանից՝ անդրադարձ կատարվեց ԳԱՑԱՇ-ի մշակման մեթոդաբանությանն ու կառուցվածքին։

Մեզ հետ զրույցում «KPI4HE» նախագծի համակարգող, ԵՊՀ դրամաշնորհների բաժնի պետ Արսեն Ապրոյանն ասաց, որ հայեցակարգը միտված է Հայաստանում բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման, հաշվետվողականության բարձրացման և միջազգային մակարդակին համապատասխանության ապահովմանը՝ հաշվի առնելով կրթական կառավարման ժամանակակից պահանջները, «կանաչ» կրթության և թվային տեխնոլոգիաների հնարավորությունները։
Նրա խոսքով՝ հայեցակարգի նախագծի մշակման համար անցկացվել են բազմաթիվ քննարկումներ, դիտարկվել են միջազգային տարբեր փորձառություններ, ուսումնասիրվել են տվյալների հավաքագրման բազում մեխանիզմներ։

«Մեր նպատակն է հայաստանյան բուհական համակարգի համար ունենալ մեկ հայեցակարգ, որով կսահմանվեն ԳԱՑԱՇ-ի մշակման ելքային մոտեցումները, և որը հիմք կդառնա ոլորտի արդյունավետ կառավարման ու հետագա զարգացման համար»,- ընդգծեց նա։
Հայեցակարգով առաջարկվում է մշակել և հաստատել բարձրագույն կրթության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակը (ԳԱՑԱՇ), ներմուծել ինստիտուցիոնալ և ծրագրային մակարդակի ցուցանիշներ, ապահովել տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական մեթոդաբանություն և համակարգ, ինչպես նաև կատարել պարբերական գնահատում և մշտադիտարկում։
Ըստ նախագծի հեղինակների՝ ԳԱՑԱՇ-ի ներդրումը կնպաստի տվյալահենք քաղաքականությունների մշակմանը, բարձրագույն կրթության բարելավմանը, գործունեության գնահատմանը, թափանցիկության բարձրացմանը, չափելիությանը և պետության կողմից բուհերի ֆինանսավորման նոր մոտեցմանը։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձան տարբեր խնդիրների և մատնանշեցին, որ գործընթացի արդյունքում ակնկալում են ունենալ հայեցակարգ, ցուցիչներ, ինչպես նաև տարաբնույթ ուղեցույցներ ու ձեռնարկներ։
Տեղեկացնենք, որ հայեցակարգի մշակման գործընթացում ներգրավված են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Եվրասիա միջազգային, Հյուսիսային, Գավառի պետական համալսարանները, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը և «Կրթության քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն։
Ծրագրին փորձագիտական աջակցություն են ցուցաբերում Օլդենբուրգի (Գերմանիա), Դրեզդենի տեխնիկական (Գերմանիա) և Ջենովայի համալսարանները (Իտալիա)։